Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ տվեք հանցավոր անտարբերությանը, կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը. Արցախի ՄԻՊ

Հունիս 23,2023 17:26

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից դեպի Արցախ հումանիտար փոխադրումների արգելափակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Մեկ շաբաթից ավել է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում վեցամսյա շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Ստեղծված պարենային և դեղորայքային առանց այն էլ սուղ իրավիճակը գոյաբանական լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեր բնակչությանը:

Ադրբեջանը շրջափակման ընթացքում հումանիտար փոխադրումները միշտ էլ գովազդել է ցույց տալու համար, թե իբր միջանցքը արգելափակված չէ, փաստորեն գործիք դարձնելով հումանիտար հարցերը։ Միջազգային անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է կատարյալ անպատժելիության մթնոլորտում՝ անտեսելով 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ֊ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Ադրբեջանը իրավունքներ է խոստանում՝ հանցավոր կերպով արգելափակելով անգամ հումանիտար հասանելիությունը։ Կարծես թե միջազգային որոշ դերակատարներ կուրորեն հավատում են այդ խոստումներին՝ դիտավորյալ չտեսնելու տալով այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը։ Որքա՞ն կարելի է անտեսել իրականությունը։

Ադրբեջանի առաջարկածը էթնիկ զտումն է և բռնի հպատակեցումը՝ երկու դեպքում էլ գործ ունենք նույն հանցանքի հետ, որը կոպտագույնս խախտում է մարդու հիմնարար իրավունքները՝ մարդու ինքնորոշումը, կամարտահայտության, կյանքի, առանց խտրականության սեփական հայրենիքում ապրելու իրավունքները։

Արդյոք այս իրավիճակը խոսում է այն մասին, որ միջազգային բոլոր դերակատարները չունեն հանձնառություն հրատապ մեթոդներով հակազդելու Ադրբեջանին։ Արդյոք ձեր կողմից նորմալացվում է Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական քաղաքականությունը։ 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածը ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են։

Հումանիտար հասանելիության միտումնավոր խոչընդոտելը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ես կրկին կոչ եմ անում ձեզ՝ վերջ տվեք այս հանցավոր անտարբերությանը, կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը, հասկացեք, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պատասխանատվությունը նաև ձեր խղճին է։ Ի վերջո, անտարբերությունն ու անգործությունը հավասարազոր են հանցակցության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930