Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունելի է. Արթուր Թովմասյան

Հունիս 23,2023 16:27

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը

Խորհրդարանի նախագահի ողջույնի խոսքում ասվում է. «Տևական ժամանակ է, ինչ Արցախի ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է՝ վերջին շաբաթվա ընթացքում զրկված լինելով նույնիսկ մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Միջազգային հանրության աչքի առաջ, փաստորեն, ոտնահարվում է հայրենի բնօրրանում հայ բնակչության ապրելու իրավունքը։

Այս ամենի համապատկերում ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։

Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով:

Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը հրավիրել փաստահավաք առաքելությամբ այցելելու Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Այդ համատեքստում հայտնում ենք, որ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Կարևոր է նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:

Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա, որն իր օրեցօր սաստկացող հակահայ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում հակամարտությունը»:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930