Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատիվանքում շատ հուշեր ունի վանքը կառուցողի ծոռը` հուշարձանների պահապանը»

Հունիս 23,2023 15:32

Շատիվանքում շատ հուշեր ունի հուշարձանների պահապան Վարուժան Պապլոյանը։ Ամենահիշարժանը գյուղի «ժամի» մասին է, ասում է:

Շատին գյուղում կա մի եկեղեցի, որը բնակիչները «Ժամ» են անվանում, այն կառուցել է Սարգիս անունով մի հավատացյալ։ Գյուղում սերնդեսերունդ պատմում են, որ ուխտավոր Սարգիսը Երուսաղեմ այցից վերադառնալիս, ավազակներ են հարձակվել, ձին խլել, Սարգսին էլ կապկպել ու ձորը գցել։

Ձորից դուրս գալու ուխտավոր Սարգսի պատմությունը շարունակում է Վարուժանը։ Ըստ ավանդազրույցի միջադեպից մոտ երկու ամիս անց Սարգսի ձին հետ է եկել՝ երկու խուրջին ոսկով։ Երկու ամիս անց տուն է հասել նաև Սարգիսը։

Ուխտավոր Սարգիսը օգտագործելով ոսկին՝ կառուցել է Շատինի «ժամը» և Եղեգիս ամուսնացած աղջկա տուն գնալ-գալու համար որպես ճանապարհ՝ մի կամուրջ, որը կոչել է «Մուխսու» կամուրջ։

Պատումը հիշելով պատմում է վանքը կառուցող Սարգսի ծոռը՝ ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան Վարուժան Պապլոյանը։

Հիմա պատկերացնում եք չէ ինձ համար ինչ պատիվ է լինել նման մարդու սերունդ, հենց այդ գիտակցությամբ էլ ես պահում ու խնամում եմ ինձ՝ պահպանության հասած սրբատեղին։

Մասնագիտությամբ շինարար Վարուժանը 1983 թվականից, երբ 18 տարեկանը նոր էր բոլորել, հուշարձանների պահպանության ոլորտում է։ Այժմ արդեն կյանքի 59-րդ տարում է, ասում է, ինչպես երեկ՝ երիտասարդ տարիներին, այնպես էլ այսօր նույն նվիրումով է աշխատում, պահպանում իրեն վստահված պատմամշակութային ժառանգությունը, բայց ավելի շատ կարդացած իմաստացած, փորձառություն ստացած։

Իմ պահպանության տակ Շատին և Հորս գյուղերում ավելի քան 155 հուշարձան կա։ Մի մասը դժվարամատչելի տեղանքում են, որտեղ կարող ես միայն ոտքով հասնել։ Հուշարձանին հասնելուց հետո, երբ տեսնում եմ ամեն ինչ կարգին է, նոր հանգիստ խղճով ամբողջ սրտով շունչ եմ քաշում, անցնում իմ աշխատանքին։

Աշխատանքային տարիների, անցած ուղու մասին պատմություններն ու դրվագները վերհիշելիս Վարուժանին նորից հիշողությունները Շատին գյուղի քարակերտ մատյանին են հասցնում։

Մի օր մտածեցի՝ քանի անգամ եմ եղել Շատիվանքում ու․․․․ լեզուս կծեցի, ախր թիվ չկա, ինձ ինչ հիշում եմ այստեղ եմ։ Իսկ փոքր ժամանակ տատիկիս հետ մի 500-600 մետր ծնկաչոք գնում էինք մինչև Շատիվանք։ Մեծ էր տատիկիս սերն ու հավատը վանքի հանդեպ, որն էլ փոխանցվել է ինձ։

Վարուժան Պապլոյանի խոսքով 90-ականների սկզբին, երբ պատերազմ էր, մութ ու ցուրտ տարիներ, հուշարձանների պահպանության համար չեն վճարվել, ասում է՝ չեն էլ մտածել աշխատավարձի մասին՝ գիտակցումով, որ ինքն էլ հայրենիքի մշակութային սահմաններն է պահում ու հսկում։

Ոլորտի մասնագետների հետ դարձել ենք մեկ ընտանիք և այդ մտերմությունն ու ջերմությունն այնքան ամուր է, որ աշխատավարձի քիչ լինելը երկրորդական է դառնում։ Մասնակցել եմ պեղումների «Հոստունի» գյուղատեղիում, շուրջ 2 տարի։

Աշխատանքային բազմաթիվ դժվարություններ հաղթահարած, բայց երբեք պատմության ու մշակույթի պահպանությունից չհիասթափված հուշարձանների պահապանը անգիր գիտի մարզի յուրաքանչուր հուշարձան։ Հուշարձանապահպանությանը զուգահեռ Հայաստանի տարբեր անկյուններից եկած հյուրերին Վարուժանը ուղեկցում է՝ շրջելու և վայելելու Վայոց ձորի չքնաղ բնությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930