Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Շարմազանովի և Աշոտյանի տների առաջ դագաղներ էին տանում, դուք ձեր կուսակիցների հետ․․․»․ Նաիրա Զոհրաբյանի եւ Բաբկեն Թունյանի բանավեճը

Հունիս 23,2023 14:18

Ուշագրավ հեռակա երկխոսություն է ծավալվել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի եւ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ։ Այն սկսվել է Բաբկեն Թունյանի գրառումից, որին հաջորդել է Նաիրա Զոհրաբյանի արձագանքը։

Ներկայացնում ենք ՖԲ գրառումներն՝ ըստ հաջորդականության։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ մարդու մահով ուրախացող «հայեր», երկար կյանք ու առողջություն ձեր ծնողներին: Երևի էս տարիքում գոնե իրենց հաջողվի ձեր մեջ մի քիչ մարդկություն սերմանել (չնայած քիչ հավանական է):

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Պողոսի հարեւան Բաբկենին

Բաբկեն, նույնիսկ վիկինգները թշնամու մահը հարգում էին ու սուրը արժանապատիվ խոնարհում էին սպանված թշնամու վրա։

Դուք եկաք ու 21-րդ դարում անարգեցիք տիեզերական բոլոր գրված ու չգրված օրենքները, դուք եկաք ու պղծեցիք սերը, ընկերությունը, բարեկամությունը։

Դուք եկաք ու պղծեցիք, անարգեցիք մահը։ Դուք, որ խելագար էքստազի մեջ ձեր քաղաքական հակառակորդների շքամուտքերին դագաղներ էիք տանում, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։ Եւ երբ ձեր քաղաքական հակառակորդների բակերում սեւ ժապավեններ էիք կապում ու այդ ամենը տեսնում էին նրանց երեխաներն ու մայրերը, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։ Երբ հիչքոքյան էքստազի մեջ ձեր գազազած ամբոխը պարում էր ձեր քաղաքական հակառակորդների բեմականացված թաղումներին, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։ Երբ թմրադեղերից գազազած ձեր հեղափոխական ակտիվիստներին բաժանում էիք ձեր քաղաքական հակառակորդների կանանց ու աղջիկների հեռախոսահամարներն ու տան հասցեներն ու նրանք, բենզին ծակված «ինտելեկտուալ» զանգվածից փրկվելու համար տներից փախչում էին շտապ օգնության մեքենաներով, էդ ժամանակ դու ի՞նչ էիր մտածում, պողոսի հարեւան Բաբկեն։

Չէ, դու չէիր մտածում, դու դագաղ էիր տանում, եթե անգամ անձամբ դու դագաղ չես դրել։

Իսկ դու մտածե՞լ ես, թե ի՞նչ կզգար քո մայրը, քո կինը, երբ դուրս գար բակ եւ տեսներ փողոցում փակցված՝ «Բաբկեն-43» սեւ ժապավենը։ Իսկ դու մտածե՞լ ես, դու, Բաբկեն, դու ի՞նչ կզգայիր, երբ բենզին ծակվածին ուղարկեին քո մոր ու քո կնոջ տուն։

Հիշո՞ւմ ես, պողոսի հարեւան Բաբկեն, թե դուք ի՞նչ արեցիք ինձ՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Թշնամուս չեմ ցանկանա այն դժոխքը, որի միջով դուք ինձ ստիպեցիք անցնել, ու երբ ձեր «հեղափոխական» կենդանիներից մեկը զանգահարեց իմ աղջկան ու ասաց՝ «արի մորդ դիակը Հերացու մորգից տար»։

Չես մոռացել չէ՞, պողոսի հարեւան Բաբկեն, երբ դատարանի դահլիճում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանն ու Արմենի մայրը դեռ անզգայացած նստած էր դատարանի աստիճանին, ի՞նչ համազգային վակխանալիա կազմակերպեցիք դուք, ինչպե՞ս տրորեցիք, ճզմեցիք, անարգեցիք, պղծեցիք մարդու մահն ու ձեր թավշյա եւ սիրո վաստակներից մեկն էլ գրեց՝ «վրեն, թե չի մեռել»։

Հիշում ես, չէ՞, պողոսի հարեւան Բաբկեն, թե դուք ինչպես կերաք ծանր հիվանդությունից մահացած Կարմեն Դավթյանի մարմինը։ Կերաք մաս-մաս՝ անմարդկային վակխանալիայի ժանտախտոտ երախով։

Պողոսի հարեւան Բաբկեն, այն, ինչ հիմա դուք ստանում եք ու, ցավոք, դեռ շատ ավելի դաժան եք ստանալու, ձեր բերած ատելության, թշնամանքի, կյանքն ու մահը անարգելու, ոտատակ տալու, մահվան վրա դիվային շուրջպար բռնելու ընդամենը բումերանգն է։

Ու բումերանգը, պողոսի հարեւան Բաբկեն, ամենաարդար բանն է, որ կա ու լինելու է։

Չե՞ս հավատում, Բաբկեն, հարցրու քո հարեւան պողոսին։

Սա, էս կինը, որ հրճվում է մահով եւ ինձ ու մյուսներին մաղթում է մահ, ձեր բերած ատելության, թշնամանքի, պղծության ծնունդն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նառա, դու սու՛ս», – ասաց իմ հարևան Պողոսը, երբ իմացավ, որ իմ նախկին գործընկեր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել՝ ուղղված «Պողոսի հարևան Բաբկենին», այսինքն՝ ինձ:

(Իհարկե, մի 3 տարի առաջ, երբ տիկին Զոհրաբյանը մեզ հետ միասին ԱԺ պատվիրակության կազմում Նիդերլանդներ էր գալիս կամ ԱԺ-ում հանդիպում, ես իր համար պարոն Թունյան էի):

Եվ իրոք, սիրելի տիկին Զոհրաբյան, միգուցե լսե՞ք իմ հարևանին: Չէ՞ որ ժամանակին, երբ ես խորհուրդ էի տալիս որոշ մասնագիտական հարցերում «պողոսներին» չլսել, դուք մի սրտաճմլիկ տեքստով հակառակն էիք պնդում:

Հ. – Ի դեպ, երբ Շարմազանովի և Աշոտյանի տների առաջ դագաղներ էին տանում, դուք ձեր կուսակիցների հետ միասին քննարկում էիք, թե որ պորտֆելները վերցնեք նոր իշխանության հետ կոալիցիա մտնելիս:

Ի դեպ, Պողոսը սա էլ է հիշում, ինչպես նաև հիշում է, որ ժամանակին իրեն «պաշտպանում էիք», հետո ժեխ անվանում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930