Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը, որպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան, փորփրում է ՀՀ դիվանագիտական պատմությունը» . Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 23,2023 14:04

«Սա ավելին է, քան դավաճանությունը, ավելի խորքային է եւ ավելի համապարփակ է, եւ իր նախկին գործընկերը չէ, որ պետք է դա ասի մեծ ցավով: Սա չարիք է, որ մեզ այցելել է պատմության խորքից դեպքերի բերումով, եւ մենք պետք է թույլ չտանք, որ մի մարդ հիշողության ծակի մեջ խցկի մեր պետությունը, մեր ժողովրդին, եւ ինքը եթե չունի, ու պարզ է, որ չունի արժանապատվություն, տղամարդկություն, որ ինքն իրեն դնի այդ ծակի մեջ՝ ազգի, պետության եւ հայրենիքի փոխարեն, ապա կան մարդիկ, որոնք պատրաստ են իր հետ գնալ այդտեղ»,- «Հայացք» մամուլի ակումբում նշեց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործողություններին:

«Ժառանգության» առաջնորդն օրինակներ բերեց, ասելով, որ դրանք թեթեւ են այն ամենի համեմատությամբ, ինչ, նրա խոսքով, Փաշինյանն արել է հայության ու հայրենիքի հետ. «Փակում է Արցախի ճանապարհը, որ մի տարի առաջ չմասնակցեմ թոռանս կնունքին, հետո ֆեյսբուք է փակում, Սարդարապատի ճամփան է արգելափակում, մի քանիսին քաղաքական բանտարկյալ է սարքում, բանտախուց է ուղարկում, մեկ ուրիշին այնպիսի ծանր պայմաններ է առաջարկում, որ ինքը մենակ չմնա հիշողության ծակի մեջ…Բայց եթե պետք է, կլինեն ընկերներ, որ հանուն հայրենիքի այդ ծակը կմտնեն, եթե ինքը մենակ դա չի կարող անել:

Ուղղակի ափսոսում ենք, որ հասել ենք այն վիճակին, որ Արցախին սպասվում է Նախիջեւանի ճակատագիրը: Նախիջեւանը 110 տարի առաջ ամբողջովին հայկական օրրան էր..․ Հիմա էլ Արցախը մեր աչքի առջեւ մեր կյանքի օրերին ապրում է կրիտիկական օրեր: Դրա համար մենք պետք է ցնցենք հայոց ու միջազգային հանրային կարծիքը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծում է. «Եվ ինքը, որ իր գրպանում ունի Հայաստանի վարչապետի բիզնես քարտը, վիզիտ քարտը, փոխանակ ներկայացնի հայոց դատը, հայկական կռվաններն ու իրավունքները, նստած՝ որպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան, փորփրում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը, փորձում է այնտեղից վեր հանել դիվանագիտական սխալներ նախորդ շրջաններից, նախկին նախագահներից կամ արտգործնախարարներից (եւ այո, եղել են սխալներ) որոնց մի մասը մատնանշում է, մի մասը կտրում է կոնտեքստից, մի մասը ընտրովի է վերցնում, մյուս մասը թողնում ընդհանրապես չարտահայտված: Բայց ինքը ունի նպատակ՝ արդարացնելու համար իր քաղաքական որոշումները, իր պարտությունը, 5000, 4000 կամ 3800 ոսկե տղաներին պատճառած մահերը:

Ինքը խոսում է նախկինների մասին, որոնք ունեին իմաստուն կետեր, նաեւ չապաշխարած, չզղջացած սխալներ, որի թիրախներից մեկը ես եմ եղել, մեր պայքարները, բայց ես երբեք Արցախի, ազգային շահի հետ կապված իմ համեստ պայքարների մեջ ինձ թույլ չեմ տվել որպես քաղաքացի, որպես գործիչ օգտագործել դա հրապարակայնորեն՝ խոցելու համար մեր շահը: Եվ եթե ինքը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր մանր, անձնական շահի եւ իշխանության համար, ասելու համար, որ սա է մեղավոր, նա է մեղավոր, սուտ է ասում։

Պատկերացրեք, թե մեր ազգը Ծակ Նիկոլից հետո ինչ պետք է անի, որ հետ բերի հայոց իրավունքը ստարտային վիճակի, որ իր նշած միջազգային հանրությունը, ում շատ հարմար է որեւէ երկրի զիջողական, կապիտուլյանտ վիճակը, հասկանա, որ հայ ժողովուրդն ունի իրավունքներ, եւ դրանք բնավ կապ չունեն էս մարդու ասածի հետ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930