Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերի հաշվարկներում շատ հստակ կամայական մոտեցումներ են ցուցաբերվել»․ Ժաննա Անդրեասյան

Հունիս 23,2023 13:10

Այս տարվա սեպտեմբերից դպրոցների ֆինանսավորման բանաձեւը գործելու է միայն թվայնացված տվյալների հիման վրա։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կառավարության ծրագրի առանձին թիրախ է, որ մենք հանրակրթության ոլորտում ֆինանսավորման ընթացակարգերը բարելավենք։ Եվ նախորդ տարվա սեպտեմբերին կառավարությունը հաստատել է հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգը, դրանից հետո եղել է նախարարի հրամանը՝ նորմատիվների եւ գործակիցների սահմանման մասին, որը մենք հիմա եւս մեկ անգամ վերանայում ենք։ Մենք խնդիր էինք դրել, որ ֆինանսավորման բանաձեւն ամբողջությամբ թվայնացնենք։ Այս ընթացքում, երբ մենք ֆինանսական թվայնացված գնահատականի ստացման պրոցեսում էինք, շատ տարօրինակ պատկեր ի հայտ բերեցին։ Օրինակ՝ ի հայտ բերեցինք պատկեր, երբ մարզային ենթակայության դպրոցի տարեկան ֆինանսավորման համար 6 մլն դրամ է ծախսվում։ Հնարավոր չէ տարեկան 6 մլն դրամ ծախսով դպրոց պահել»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ այս ընթացքում ի հայտ են բերել բազմաթիվ խնդիրներ այն մասով, որ դպրոցների մակարդակում եւ նաեւ մարզպետարանների կողմից ֆինանսական հաշվարկներն իրականացվում են ոչ այն ձեւով, ինչ ձեւով պետք է իրականացվեին։ «Օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերի հաշվարկներում շատ հստակ կամայական մոտեցումներ են հանդես բերվել, երբ, օրինակ, մարդը պարապում է 32 ժամ, բայց փաստացի իրեն վճարվում է 27-28 ժամի համար։ Մենք փորձել ենք հասկանալ՝ արդյոք դա դիտավորության հետեւանք կարո՞ղ է լինել, այսինքն՝ այնպիսի ռիսկ ունե՞նք, որը թույլ է տալիս գրել մի աշխատավարձ եւ ուսուցչին տալ այլ աշխատավարձ, թե՞ մենք խոսում ենք կանոնների սխալ կիրառման մասին։ Ավելին շատ կարծես հակված ենք, որ այս երկրորդ տարբերակն է»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգով այդ խնդիրն ամբողջությամբ հիմա կարգավորվում են, եւ սեպտեմբերից դպրոցների ֆինանսավորման բանաձեւը գործելու է միայն թվայնացված տվյալների հիման վրա։ «Տեղերում այլեւս չեն որոշելու այդ չափերը, եւ գումարներն արդեն ստանալու են հաշվարկված բանաձեւի տրամաբանությամբ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930