Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանը։
Ըստ նախարարի՝ մանրամասն ուսումնասիրել են, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձեւը, որով ԿԳՄՍ նախարարությունը վճարել է աշխատավարձեր, համապատասխանել է այն մտադրություններին, որոնք եղել են։ «Սակայն Հաշվեքննիչ պալատի կողմից բարձրաձայնված հարցի հետեւանքով ակնհայտ է դարձել, որ այստեղ տարընթերցումների հարց է առաջացել։ Եվ այդ պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ տարընթերցումներից խուսափելու համար խմբագրել կառավարության որոշումը՝ համապատասխանեցնելու այն նախապես ունեցած նպատակներին։ Հետեւաբար, արդեն շրջանառության մեջ է գտնվում այդ որոշման նախագիծը, դա մեզ հնարավորություն կտա խմբագրել կառավարության որոշումը՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»։
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք ընդամենն առաջնորդվել են այն մեթոդաբանությամբ, որով պարտավոր են առաջնորդվել։ «Եվ հիմք ենք ընդունել իրավական ակտի կիրառման պահանջները»,- ասաց նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց․ «Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ տարընթերցումների տեղ է մնացել, բայց մեթոդաբանության կիրառության տեսանկյունից մեզ համար միանշանակ է, որ այդպես էլ պիտի կիրառվեր։ Բայց տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, նախագծի փոփոխություն արդեն շրջանառում ենք, եկող շաբաթ կուղարկենք արդարադատության նախարարություն՝ փորձաքննության։ Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում նախագիծը կընդունենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ