Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԱԿ նախկին ակտիվիստի՝ Արգիշտի Քյարամյանն, այլ պաշտոնյայի հետ, իրեն խոշտանգել ու փորձել է նետել պատուհանից

Հունիս 23,2023 12:38

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ուղիղ եթերում պատմել է, թե ինչ բռնությունների է ենթարկվել Երեւանի քննչական վարչությունում: Ըստ նրա՝ իրեն բերման են ենթարկել Երեւանի քննչական վարչություն, նույն օրը առավոտյան իրենց տուն խուզարկության են գնացել:

Նշենք, որ Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի քրեական մի վարույթի շրջանակում, որով միանգամից մի քանի հոդվածներով է մեղադրանք առաջադրվել՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Հիշեցնենք նաեւ, որ 2013-ին էլ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար:

Շորթման հոդվածով ամիսներ շարունակ անազատության մեջ եղած ակտիվիստը համաներմամբ ազատ արձակվեց ու այդպես էլ չէր ընդունել մեղադրանքը:

«Խուզարկությունը դեռ չսկսած՝ ինձ տեղափոխեցին քննչական վարչություն, այնտեղ վատ վերաբերմունք է եղել իմ հանդեպ, պահել են ինձ մոտ 11 ժամ, դրանից մոտ 9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով, ձեռքերս հետեւում գցած: Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, շանտաժի, սպառնալիքների ընտանիքիս համար: Ինձ ասել են՝ կնոջդ ու երեք երեխաներիդ այլեւս չես տեսնի, մեքենա է՝ կգցի տակը, կհրդեհվի տունդ, ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը ոչ ավել, ոչ պակաս՝ եղել է քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Այդ օրը նա ինձ հետ հանդիպել է երկու անգամ․ Երեւան քաղաքի քննչական վարչության պետի՝ Ազատ Գեւորգյանի աշխատասենյակում, երկու հանդիպումների ընթացքում էլ ես խոշտանգվել եմ: Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս ու էլեկտրաշոկով մարմնիս տարբեր հատվածներ վառել են: Հարվածներ են հասցրել փորիս, մեջքիս, այնպիսի հարվածներ չեն եղել, որ կապտուկներ առաջացնեին, բայց էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել: Շատ արտահայտիչ հետքեր այս պահին չեմ կարող ցույց տալ, որովհետեւ անցել է մեկ շաբաթ: Դատաբժշկի ուղեգիր չունեմ»,- պատմեց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ իրեն արդեն խոշտանգած վիճակում էին տարել քննչական վարչություն, արյունոտ շորերով. «Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գեւորգյանը ջուրը լցնում էր վրաս, էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս: Արդեն այդ ժամանակ իմ առջեւ պահանջներ էին դրվում, որոնք այս պահին չպետք է ասվի, կասվի անպայման: Դրանք բացահայտել եմ ՄԻՊ-ին, դատախազին, Նիկոլ Փաշինյանին: Այդ օրվա խոշտանգումները տեւեցին 11 ժամ, 11 ժամ հետո, քննիչը գալիս է մեր տուն, կնոջս ասում է՝ Տիգրանը փոխնորդ է ուզում, իրեն կալանավորելու ենք, շորերը տանենք, Տիգրանը փոխվի: Կինս տվել է շորերս, բերեցին: Ես ասացի զուգարան եմ ուզում, ինձ ուղեկցեցին, զուգարանից դուրս գալիս, դռնից մի կերպ բռնվելով, արյունոտ դուրս եմ գալիս, քննիչն ասում է՝ շորերդ փոխի, հարցնում եմ՝ ինչի համար, ասում է՝ տնեցիները շոր են բերել, փոխվի: Ասում եմ՝ բա ես խոշտանգվել եմ, քննիչն ասում է՝ հենց դրա համար, փոխվի, էդ շորերդ կցենք քրեական գործին, որ քննություն տանենք: Ասացի՝ չէ, դատաբժիշկ թող այցելի, ես հանձնեմ շորերս: Քննիչն անձամբ հանեց շալվարս, շապիկս, օգնեց, հագցրեց, դայակ: Ուղեկցողներին կանչեց, ասաց՝ տարեք: Հողաթափերս արյունոտ հագիս էր մնացել, նստեցի մեքենա, որ շարժվենք: Էնտեղից գոռում են՝ հլը մի շարժվեք, գալիս է մեկ այլ քննիչ, ասում է՝ հողաթափերդ էլ հանի, կոշիկներս է տալիս: Ձեւակերպել են, թե շորերս տվել են կնոջս, բայց կնոջս ոչ մեկը ոչինչ չի տվել:

Քննչական կոմիտեում գործում է հանցավոր խումբ, որը քողարկված է պետական կառույցի քողով; Քննիչը ինձ չի հարցաքննել, քննչական գործողություն չի արել, որից ես հրաժարվեմ, ինձ ուղղակի ծեծել է, խոշտանգել է, արել է ամեն ինչ, բացի քննչական գործողությունից:

Այս պահին այսքանը կասեմ, չեմ ուզում ավելի ծավալվեմ, սա կատարվածի 40 տոկոսն է, կատարվել է շատ ավելին, քան ես ներկայացրի: Հուսով եմ, որ պատկան մարմինները սրան կտան գնահատական:

Արդյոք քննչական կոմիտեի ղեկավարը ինձ խոշտանգել է, թե ոչ: Ես կարող եմ նկարագրել Ազատ Գեւորգյանի աշխատասենյակի ողջ գույքը, հանգստի սենյակը, որտեղ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գեւորգյանը ձեռքերիցս բռնել էին ու ուզում էին ինձ լուսամուտից գցել»:

Քննչական կոմիտեի ղեկավարի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Տիգրան Առաքելյանի այս հաղորդումը անհիմն համարեց՝ «Առավոտին» ասելով, որ չեն մեկնաբանի. «Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում: Դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930