Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ-ն մանկավարժահոգեբանական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը 350 մլն դրամով ավելի է հաշվարկել․ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը

Հունիս 23,2023 12:12

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

Գագիկ Բարսեղյան

Հիմնական զեկուցող` Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանն ասաց, որ հաշվեքննության արդյունքում արձանագրվել է վեց անհամապատասխանություն, որոնցից մեկը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն, մեկի մասով կատարվել են համապատասխան գործողություններ, իսկ մյուսների վերաբերյալ տրվել են լրացուցիչ մեկնաբանություններ։ «Հիմնական եւ ուշադրության արժանի արձանագրումներից առաջինը վերաբերում է ՀՀ կառավարության «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 968-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման կարգի 4-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությանը։ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ մանկավարժահոգեբանական անձնակազմի միջին ամսեկան աշխատավարձի հաշվարկի ընթացքում կիրառվել է ոչ թե Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, որը հաշվեքննության ընթացքում եղել է 68 հազար դրամ, այլ՝ նվազագույն աշխատավարձի չափը, ավելացված աշխատավարձից հաշվարկվող հարկերը, սոցիալական կամ այլ պարտադիր վճարները, պարգեւատրումները եւ այլ վճարներ։ Արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկվել։ Այս անհամապատասխանությունը արձանագրվել է 9 ամիսների ընթացքում։ Հաշվեքննիչ պալատը անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը եւ կարգավորման վերաբերյալ առաջարկություններն ուղարկել է նաեւ ֆինանսների նախարարություն, որի վերաբերյալ, սակայն, նախարարությունից որեւէ արձագանք չի ստացվել»,- ասաց նա։

Գագիկ Բարսեղյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ, ըստ որի՝ հաշվարկելիս կիրառվում է Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ ավելացված աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ լրավճարները։ «Տարեկան հաշվեքննության շրջանակներում այս անհամապատասխանությունը նորից ուշադրության է արժանացել, արձանագրվել է, որ հրապարակված պարզաբանումը, մեր կարծիքով, չի համապատասխանում գործող իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- հավելեց Բարսեղյանը:

Հաջորդ անհամապատասխանությունը վերաբերում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրով ուսանողական նպաստների տրամադրման միջոցառմանը։ Ուսումնասիրվել է 2022-2023 թվականներին բուհերի կողմից ներկայացված անվճար հիմունքներով սովորող ուսանողական համակազմի հաշվետվությունների տվյալները, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Մասնավորապես, բակալավրի եւ մագիստրոսական կրթական ծրագրերում մի շարք դեպքերում բուհերի կողմից ներկայացված տեղեկատվության եւ նախարարության կողմից կատարված հաշվարկների միջեւ արձանագրվել են շեղումներ, ընդհուպ մինչեւ 24 ուսանողի հաշվարկի հարցով։

Նախարարության կողմից չի պահպանվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի «ՀՀ բյուջետային եւ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները եւ դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» թիվ 5-Ն հրամանի, թիվ 16 դասակարգման կիրառման ցուցումներ հավելվածի պահանջները, վճարված պարգեւատրումները չեն դասակարգվել եւ չեն արտացոլվել հոդվածում, ինչը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների միջհոդվածային ցուցանիշների խեղաթյուրմանը:

Կրթության ոլորտի ծախսերի հաշվարկային նորմատիվներն, ըստ հաշվեքննողների, որեւէ իրավական ակտով հաստատված չեն եղել։ «ԿԳՄՍ նախարարը սահմանել է աշակերտների թվի ֆինանսավորման բանաձեւի գործակիցը, համաձայն որի՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ ՍԳ1-ը սահմանվել է մոտ 27 500 դրամ, իսկ ՍԳ2-ը՝ 10 828։ Հաշվեքննություն իրականացրած խմբի կողմից կատարված հաշվարկների արդյունքում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ ՍԳ1-ը 15 216 դրամ կամ նախարարի հրամանով սահմանվածից 12 290 դրամով պակաս, իսկ ՍԳ2-ը՝ 70 082 դրամ կամ նախարարի հրամանով սահմանվածից շուրջ 38 200 դրամով պակաս։ Հաշվեքննություն իրականացնող խմբին նախարարի հրամանով սահմանված ցուցանիշների հաշվարկի հիմնավորումներ չեն տրամադրվել»,- հավելեց նա։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ պալատը հաշվեքննության արդյունքներով որակումներ ու իրավական գնահատական չի տալիս։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930