2020-ից հետո բոլորն անխտիր խոսում են հայրենիքի փրկության մասին՝ բոլորը, բայց ոչ ոք չի ասում` ոնց։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց արցախցի ռեփեր, աարցախյան երկու պատերազմների մասնակից Վալերի Լյոկա Ղազարյանը։
Լուծումը ռեփերը կարճաժամկետ հատվածում չի տեսնում։ Առաջարկում է ճիշտ կրթություն տալ աճող սերնդին ու հարցնում է՝ այսօր ի՞նչ կրթություն կամ դաստիարակություն է ստանում աճող սերունդը։
Մեր հարցին, թե որքանով է վտանգավոր արհեստականորեն ուռճացվող արցախցի- հայաստանցի թեզը, որ հետո այլևս հնարավոր չլինի վերացնել այդ անջրպետը, ասաց, որ նույնիսկ այդ թեմայով քննարկման արդյունքում ընկերներ է ձեռք բերել։ Հատկանշական է, որ վատ արցախցիների մասին բոլոր պատմությունները մի գծով են գնում՝ սցենարներն անընդհատ կրկնվում են։ Իսկ եթե ավելի խորը հետաքրքրվենք, ապա մարդիկ, ովքեր ասւոմ են՝ ես եմ եղել Արցախում ու տեսել եմ դա սեփական աչքերով, հետագայում կպարզեք, որ այդ ասող մարդը երբևէ Արցախում չի էլ եղել։
«Իրականում դա վտանգավոր բան է, ո՞նց կարող է մի պետության մեջ մարդիկ իրար հանդեպ թշնամություն անեն, աբսուրդ է նման բանը։ Առավել ևս` Հայաստանում։ Դա գեներացնողներին պիտի բռնել ու վատ-վատ բաներ անել, չգիտեմ»,- ասաց արցախյան պատերազմների մասնակիցը։
«Հարգենք իրար, հայ չե՞նք, լավ չի՞, լսենք իրար, ինչքան էլ համաձայն չլինենք՝ լսենք իրար, ի՞նչ կարիք կա ատելություն սերմանել, հետո` հայ չե՞նք բոլորս։ Եթե վաղը մի բան լինի, այդ մարդն է, չէ՞, գալու քեզ օգնի՝ ուրիշը չի գալու քեզ օգնի։ Կամ` ասում են՝ ռուսը չի գալիս բացի ճանապարհը, հասկանու՞մ եք, թե ինչ օրի ենք հասել։ Մենք մեր երկրի ներսում պահանջում ենք, որ մի երրորդ պետություն գա ու բացի ճանապարհը, որ փակել է թշնամի պետություն։ Մենք միայն պահանջում ենք՝ ես էլ պահանջում եմ Ջո Բայդենի հրաժարականը․ մենք միայն պահանջում ենք և խստորեն դատապարտում ենք ու ասում ենք՝ դիմացեք։ Լավ, դիմանանք, բայց ինչքա՞ն։ Ո՞նց կարող է երեխան նստի ու մոր հետ սկսի մտածել, որ` մամա, հիմա եթե ես այս դեղը չսրսկվեմ, մահանալո՞ւ եմ, ինչի՞ չեմ կարողանւոմ սրսկվել, որովհետև ադրբեջանցին ճանապարհը փակե՞լ է։ Այդ երեխան դա հասկանալով` այդ մասին մոր հետ է խոսում, իսկ մենք այստեղ ասում ենք` կդիմանան»,- եզրափակեց ռեփերը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: