Դատախազությունը մի քանի օր առաջ մի անցած-գնացած պատմություն հիշեց, որը վերաբերում է նախկիններին, ավելի ճիշտ՝ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նյութին ծանոթանալիս, թվում է, թե նախկինները մի լավ օգտվել են «Կրեդիտ-Երևանի» վերադարձրած գույքից։ 500 հազար դոլարի գույքը տվել են 90 հազարով ու մեջը ինչ-որ անազնիվ փողեր աշխատել։ Բայց սա ընդամենը տպավորություն է։ Այս կարծիքին եկանք «Անելիք» բանկի նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ զրույցից։
Վերջինս նշեց, որ առանցքային հարցն այստեղ սնանկացած և լուծարված «Կրեդիտ-Երևան» բանկի ակտիվներն են։ Նա նկատել է, որ հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչ ակտիվներ են մասնակցել այս 500 հազար դոլարի վերադարձին, այլ խոսվում է միայն Մոլդովականի վրա գտնվող շինության մասին, որտեղ նախկինում «Կրեդիտ-Երևանի» մասնաճյուղերից մեկն էր։
Ըստ նրա. «ՊՆ-ն «Կրեդիտ-Երևան» բանկին վստահել էր 500 հազար դոլար, որի դիմաց «Կրեդիտ Երևան» բանկը ՊՆ-ին բավականին մեծ տոկոսներ է տվել։ Այն ժամանակ տոկոսները բարձր էին՝ 11-13։ 500 հազարի պարագայում դա մեծ գումար էր։ Սկի չլինի, մի զորամաս կպահեին դրանով։ Հետագայում բանկը սնանկացավ, և սկսեցին որոնել բանկի ակտիվները, որ ապահովեն առաջին հերթին ՊՆ գումարները։ Իհարկե, տասնյակ հազար ավանդատուներ կային, բայց ՊՆ-ն առաջնահերթ էր։ Այս գործընթացներում դեռևս «Անելիք» բանկը, և այն, ինչ ասում եմ՝ հիշողությամբ եմ վերականգնում։ Գտան մի քանի ակտիվներ, որոնք վաճառելով կարելի է վերադարձնել այդ 500 հազարը։ Դուք չեք պատկերացնի, թե դա ինչ վատ շենք էր։ Այդ ժամանակ ուզում էինք Նոր Նորքում մասնաշենք ունենանք: Ես խնդրել էի մի քանի ռիելթորների, որ ինձ համար գտնեն տարածք։ Միանգամից ինձ դա առաջարկվեց։ Բայց ես այդ շենքը մի քիչ գիտեի, քանի որ նաև «Բանկերի ասոցիացիայի» նախագահն էի։ Գիտեի, թե դա ինչ փլատակ է, որ դրա բարձրությունը եղել է 2,50, ու դեռ մի քիչ էլ վերանորոգումից հետո իջել էր։ 2 ցածր առաստաղներով հարկեր էին՝ մոտ 2․30», – հիշում է Սամվել Ճզմաչյանը։
Առաջարկելով Մոլդովականի տարածքը, նրան ասել էին, որ եթե ինքը գնի, ապա օգնած կլինի ՊՆ-ին։ «Այս ակտիվը իրենք գնահատել էին մոտ 88 հազար, բայց մենք որ գնացինք, մեր մասնագետներով ուսումնասիրեցինք, տեսանք, որ իրական գինը մոտ 50 հազար դոլար էր։ Այնուամենայնիվ, որոշեցինք վերցնել այդ շենքը, և նույնիսկ մի 2 հազար էլ ավելի վճարեցինք, որ օգնենք բանակին։ Այն ժամանակ դա շատ կարևոր էր համարվում։ Չեմ հիշում, ստացանք շնորհակալագիր, թե ոչ, դրա համար։ Շենքի մի անկյունն էլ փլված էր։ Բառիս բուն իմաստով, զիբիլ էր այդ շենքը։ Սկզբում որոշեցինք քանդել, նորը կառուցել, բայց հետո հրաժարվեցինք այդ մտքից։ Ընդհանուր ծախսը վերանորոգման կազմեց մոտ 360 հազար դոլար»,- պատմում է «Բանկերի ասոցիացիայի» նախկին նախագահը։
90 հազար դոլարը պետության պարտքից փաստորեն, վերադարձրել է «Անելիք բանկը»։ Ո՞րն է իր կարծիքով կրիմինալը, այսինքն, ո՞րն է պաշտոնական լիազորությունների չարաշահումը, եթե խոսքը սնանկ ձեռնարկության մասին է, որից պետությունը ինչ կարողացել է, հետ է ստացել։ Մեր հարցին պատասխանելով, Սամվել Ճզմաչյանն ասաց, որ իրականում չի տեսնում որևէ «կրիմինալ»։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: