Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի ԵԽ-ում, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»․ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ

Հունիս 23,2023 10:15

«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի Եվրոպայի խորհրդի կազմում։ Մի՞թե նրանք չեն ցանկանում մասնակցություն ունենալ կարևոր մոնիտորինգային առաքելություններին Եվրոպայի խորհրդի անունից։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ Բըրգը Տորարինսոնը։

Հիշեցնենք՝ հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանի պատրաստած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևն ընդունվեց։

Բըրգը Տորարինսոնը շնորհակալություն հայտնեց Փոլ Գավանին ու նշեց․ «Նա մեծ կամք է ցուցաբերել մշտադիտարկելու այս ծանր իրավիճակը՝ ի հեճուկս իր աշխատանքին ուղղված բոլոր խոչընդոտների»։ Նա կարևորեց, որ զեկուցողը ցուցաբերել է չեզոքություն, ինչը մեծ արժեք է։

ԵԺԿ խմբի խոսնակը փաստեց՝ Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վերջին 6 ամիսների ընթացքում ամբողջովին մեկուսացման մեջ է դրել․ «Լեռնային Ղարաբաղի կարևորագույն ենթակառուցվածքները նույնպես միտումնավոր խաթարվել են՝ ազգային գազ, էլեկտրաէներգիա և բջջային կապ: Վերջին տասն օրերին ոչ մթերք, ոչ դեղորայք չի թույլատրվել մուտք գործել ԼՂ։ Եվ այն քաղաքացիները, որոնք ունեն հրատապ բժշկական օգնության կարիք, նրանց թույլ չի տրվել անցնել Լաչինի միջանցքով։ Սա անընդունելի է»։

Բըրգը Տորարինսոնը փաստեց՝ այս գործողությունները ակնհայտ կերպով խախտում են 2020-ին ձեռք բերված համաձայնությունը, որն Ադրբեջանի նախագահը ստորագրել է, ինչպես նաև խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։

Պատվիրակը մտահոգություն հայտնեց՝ տառապում են անմեղ մարդիկ, մարդիկ, որոնք տարբեր չեն մյուսներից, տարբեր չեն Ադրբեջանում ապրող մարդկանցից և տարբեր չեն խորհրդարանականներից։ Նրանք ուզում են նորմալ կյանքով ապրել։

Այնուհետև քննադատելով այն, որ զեկուցողին թույլ չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակն ասաց․ «Սա հարցեր է առաջացնում։ Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի Եվրոպայի խորհրդի կազմում։ Մի՞թե նրանք չեն ցանկանում մասնակցություն ունենալ կարևոր մոնիտորինգային առաքելություններին Եվրոպայի խորհրդի անունից։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին։ Ես դա չեմ ցանկանում, և հույս ունեմ, որ Ադրբեջանն իր կուրսը կփոխի և կսկսի ցույց տալ, որ թաքցնելու բան չունի, կցուցաբերի իրական մարդասիրություն իր հարևանների նկատմամբ և կսկսի ցույց տալ, որ հոգ է տանում անմեղ մարդկանց կարիքների համար։ Ես կոչ եմ անում Ադրբեջանին ապահովել ազատ և անվտանգ մուտք դեպի փրկության ճանապարհ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և անհապաղ վերացնել շրջափակումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930