«Եկեք լսենք պարոն Սեիդովին՝ ինչո՞ւ է նա Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին կոչում Եվրոպայի քաղցկեղ»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Նա, դիմելով Վեհաժողովին, հայտարարեց․ «Զավեշտալի է, չէ՞, որ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքն ապահովելու մասին զեկույցի հեղինակի համար չի ապահովվել ազատ և անվտանգ մուտք դեպի Լաչինի միջանցք։ Իսկապես սա պատահականություն չէ։ Ամիսներ շարունակ ԼՂ-ում ապրող մարդիկ շրջափակման մեջ են։ Ավելի քան մեկ շաբաթ նրանք գտնվում են լիակատար պաշարման մեջ, քանի որ թե նախկինում գոնե հնարավոր էր Միջազգային Կարմիր խաչի միջոցով հասցնել ԼՂ հումանիտար օգնություն, առաջին անհրաժեշտության մթերքներ, բժշկական սարքավորումներ, հիմա դա լիովին անհնար է։ Ավելին, երկու ժամ առաջ, երբ մենք հանձնաժողովում քննարկում էինք փոփոխությունները, Ադրբեջանը Լաչինի միջանցքի սկզբնամասում բետոնե պատնեշներ էր տեղադրում, ուստի այժմ այն ֆիզիկապես և մշտապես փակ է։ Եվ իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերները պատրաստվում են սա կրկին հերքել։ Մենք սովոր ենք սրան»։
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ուրախ է, որ ԵԽԽՎ-ն հնարավորություն ունեցել է տեղում գնահատել իրավիճակը Լաչինի միջանցքում։ Այնուհետև շնորհակալություն հայտնեց զեկույցի հեղինակ Փոլ Գավանին․ «Ես հաստատում եմ նրա բոլոր խոսքերը, ավելի ճիշտ՝ նա հաստատում է մեր բոլոր խոսքերը»։
Անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Դժվար չէ հասկանալ, որ մենք մի կողմից գործ ունենք մի կառավարության հետ, որը շրջափակման մեջ է պահում մարդկանց՝ նրանց զրկելով հոսանքից, գազից, թույլ չտալով նրանց ելքը արտաքին աշխարհ, մյուս կողմից մենք գործ ունենք մի կառավարության հետ, որն այդ մարդկանց անվանում է զզվելի թշնամի, քաղցկեղ։ Մենք տեսել ենք Եվրոպայի պատմության ընթացքում, թե այսպիսի իրավիճակն ինչով է ավարտվում։ Բոլորս էլ գիտենք, թե ինչով է ավարտվում, երբ իշխանությունը մի խումբ մարդկանց անվանում է շատ տարբեր կերպ, բացասական պիտակավորմամբ և նրանց պահում շրջափակման մեջ։ Մենք պետք է կանգնեցնենք սա»։
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովին ասաց․ «Դուք անգամ կարող եք չանհանգստանալ ելույթ ունենալու համար, քանի որ Ջորջ Օրուելն իր «1984» գրքում Ձեզ համար ելույթ պատրաստել է։ Դուք կարող եք ուղղակի կանգնել ու ասել․ «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունն ուժ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ