Հարցազրույց Աղասի Մելքոնյանի հետ
– Աղասի, շուրջ 20 տարի Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասաններից եք, խաղացել եք ավելի քան 30 ներկայացումում, բայց թույլ տվեք նկատել, որ ձեր անունն էլ ավելի հնչեղ դարձավ առաջին ռեժիսորական աշխատանքի՝ Նաիրա Եդիգարյանի «Կոկորդիլոսը» պիեսի բեմադրությունից հետո, որն, ի դեպ, մեր դիտարկմամբ՝ 88-ամյա տիկնիկային թատրոնի առաջին մոնոներկայացումն է, որը 2021թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում ճանաչվեց տարվա լավագույն բեմադրություն։ Իսկ 2022-ից սկսվել եւ շարունակվում է «Կոկորդիլոսի» արտասահմանյան հաղթարշավը։ Վերջերս եք վերադարձել Կարագանդայում կայացած միջազգային փառատոնից…
– Այո։ Այս ներկայացման միջազգային բեմելը 2022-ին թբիլիսյան միջազգային փառատոնում էր, որտեղ «Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգի հաղթող դարձա։ Վրաստանին հաջորդեց Իրանը, որտեղ «Կոկորդիլոսը» ճանաչվեց լավագույն ներկայացում, հետո արդեն՝ Տոմսկ եւ, ինչպես նշեցիք՝ Կարագանդա։ Այստեղ ինձ ներկայացնում էր վարպետս՝ Ռուբեն Բաբայանը, որին կազմակերպիչները խնդրեցին մեկ անգամ եւս խաղալ։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի շրջանակներում անցկացրի նաեւ վարպետության դաս։ Կարագանդայում բեմադրություն իրականացնելու առաջարկ եմ ստացել։ Իսկ մոտ ժամանակներս, դարձյալ այդ ներկայացմամբ, կմեկնեմ Սանկտ Պետերբուրգ, կմասնակցեմ հեղինակավոր «Կուկարտ» փառատոնին։
– Ըստ ձեզ՝ ո՞րն է այս ներկայացման հաջողության գաղտնիքը։
– Համակարծիք կլինեք ինձ հետ, որ վերջին շրջանում «ինտերակտիվ» բառը շահագործվում է, բայց թույլ տվեք բարձրաձայնել, որ «Կոկորդիլոսի» դեպքում այն իսկապես ինտերակտիվ է։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսը դառնում է իմ խաղընկերը, եւ օգնում, որ միայնակ, երազկոտ կոկորդիլոսը, որը երկար փնտրում է իր ընկերոջը, վերջապես գտնի նրան՝ Ճերմակին։ Ինտերակտիվ այս ներկայացման ժամանակ պետք է պատրաստ լինես պատասխանել հանդիսատեսի ցանկացած հարցին։ Որ երկրում էլ խաղացել եմ ու դեռ կխաղամ, մի բանում համոզվել եմ. երեխաներն՝ անկախ ազգությունից, առանց չափազանցության՝ նույնն են, նույնն են նրանց հետաքրքրության շրջանակները։ Նրանց հետ պետք է հաշվի նստել, կարծիքները հաշվի առնել։ Նրանք պարզ ու ազնիվ հանդիսատես են, հետեւաբար դու էլ պարտավոր ես լինել նրանց նման ազնիվ։ Թույլ տվեք բարձրաձայնել՝ ես գիտեմ ինչ է ուզում այսօրվա երեխան, ինչն է նրան ամենից շատ հետաքրքրում եւ, վերջապես՝ ինչպես անել, որ նա վայելի այդ մեկ ժամը։
Կարդացեք նաև
– Ասացիք, որ երեխաները ձեր խաղընկերն են դառնում, իսկ դրսում լեզվական խնդիրներ չե՞ն առաջանում։
– Լեզվական խնդիրների առջեւ չեմ կանգնել։ Պետք է լինես պատրաստված, ճկուն։ Ռուսաստանում խաղում եմ ռուսերենով։ Առանձնահատուկ նշեմ, որ պիեսը ռուսերեն հրաշալի թարգմանել է Լեւոն Մարգարյանը, Իրանում ներկայանում եմ պարսկերենով… Մեր հայերենը գեղեցիկ լեզու է, ինչու ոչ՝ թող լսեն, հաճախ էլ երեխաներին հայերեն բառեր եմ սովորեցնում։
– Տպավորիչ են եւ օրիգինալ ներկայացման տիկնիկները, տարբերվում են տիկնիկային ներկայացումների համար ստեղծված, այսպես կոչված՝ դասական տիկնիկներից։
– Համամիտ եմ, դրանք պատրաստված են ոչ դասական եղանակով։ Ներկայացմանս տիկնիկները՝ Կոկորդիլոսը, Գորտը, Ձուկը, Մեդուզան (նկարիչ՝ Աստղիկ Աբովյան) պարզ նյութերից են՝ պլաստմասսա, գործվածք եւ այլն, ու խաղում են ոչ միայն բեմում դրված ջրափոսում, այլեւ «իջնում» են հանդիսասրահ, շփվում երեխաների հետ, հայտնվում նրանց ձեռքերում։ Պետք է տեսնել, թե ինչ հիացած են երեխաները շոշափում տիկնիկներին, լինի դա Երեւանում, Սեւանում, Գյումրիում, Ռուսաստանում կամ Ղազախստանում…
– Ներկայացման ընթացքում դուք նաեւ հիանալի երգում եք։
– Շնորհակալ եմ։ Հատուկ այս ներկայացման համար 6 երգ է հեղինակել Գրիգոր Կոկչյանը։ Թույլ տվեք առաջին անգամ բարձրաձայնել, որ բացի Ռուբեն Բաբայանի արվեստանոցում ուսանելուց, մշակույթի այլ ոլորտներում նույնպես ունեցել եմ վարպետներ։ Դատեք ինքներդ. սովորել եմ անվանի ֆլեյտահար, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Լեւոն Ալոյանի ղեկավարությամբ, ավարտել եմ Ժիրայր Դադասյանի մնջախաղի ստուդիան, դասեր եմ առել վոկալի մասնագետներ Անահիտ Մակարյանից, Ալեքսանդր Թամազովից, մասնակցել եմ ու բեմ բարձրացել պոլիտեխնիկական ինստիտուտում Հայրիկ Մուրադյանի ազգագրական խմբով, կան ներկայացումներ, որտեղ ես նվագում եմ հայկական ժողովրդական նվագարաններ, օրինակ՝ շվի եւ այլն։
– Հասկանալի է, դուք էլ Ռուբեն Բաբայանի հերթական շնորհալի ուսանողն եք։ Վերադառնանք «Կոկորդիլոսին». վստահ ենք՝ կշարունակեք ռեժիսորի ձեր գործունեությունը մոնոներկայացման ձեւաչափով։
– Այո, պատրաստվում եմ երկրորդին, որն արդեն ոչ թե ջրափոսում է, այլ ցամաքում (ժպտում է- Ս. Դ.), պիեսի հեղինակը դարձյալ Նաիրա Եդիգարյանն է եւ գրել է հատուկ ինձ համար։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.06.2023