Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ից դատարանում դեռ վիճարկվում են վանաձորյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հունիս 23,2023 13:00

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից հունիսի 20-ին նշանակվել էր ՏԻՄ ընտրության հետ կապված որոշման հրապարակումը, որով ըստ վանաձորցիների, պարզ կդառնա, թե արդյոք պետք է նշանակվեն նոր ՏԻՄ ընտրություններ, թե՞, այնուամենայիվ, Մամիկոն Ասլանյանի թիմը ՔՊ-ականների հետ 5 մանդատ ստացածին կդարձնի քաղաքապետ: Սակայն դատարանը դեռ երեկ, անգամ՝ հունիսի 21-ին չէր հրապարակել որոշումը:

Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա եւ թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ 2021թ. դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Է. Մարուքյանը:

2021թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչական դատարանը, նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան կազմով քննարկելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու, ապացույց պահանջելու, երրորդ անձ ներգրավելու եւ գործը դատաքննության նշանակելու հարցերը, նշանակեց դատական նիստի օրը:

Անդրանիկ դատական նիստը նշանակվեց հաջորդ իսկ օրը՝ դեկտեմբերի 17-ին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցադիմումն ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021թ. թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումները, 05.12.2021թ. Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու, դատաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա, որը կարող է տեղի ունենալ ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի միջոցով, կայացնել հետեւյալ որոշումներից մեկը՝ ա) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, բ) ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին, գ) ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների, կայացնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:

Դատարանի որոշմամբ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը, «Հայրենիք» կուսակցությանը եւ «Ապրելու երկիր» կուսակցությանը դատավարության մեջ ներգրավեցին, որպես երրորդ անձ:

Նույն թվականի դեկտեմբերի 21-ի դատարանի որոշման համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին թիվ 37-Ա եւ «Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով Վանաձոր համայնքի ավագանի ընտրվելու մասին» թիվ 38-Ա որոշումները թողնվում են ուժի մեջ:

«Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք, որը նույնպես մերժվեց:

2022 թ. փետրվարի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը քննության առավ ԼՀ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը: Դատարանը մեկ անգամ վերադարձրեց այն, հնգօրյա ժամկետում ներկայացնելու համար:

Այս տարվա՝ 2023թ. ապրիլի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը որոշում կայացրեց այս գործով կասեցնել գործի վարույթը, դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Համաձայն այդ որոշման. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 09.02.2022 թվականի ՀՕ-24-Ն օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասը, համաձայն որի՝ մինչեւ Քաղաքացիական, Վարչական եւ Հակակոռուպցիոն պալատները գործելը Քաղաքացիական եւ վարչական պալատի եւ Քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները համապատասխան պալատները գործելու պահից մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի պալատների միջեւ` թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատին: Գտնելով, որ նշված գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավակարգավորման կիրառմամբ, որի սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մոտ ձեւավորվել է հիմնավոր կասկած, ուստի նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործի լուծումը հնարավոր է միայն վկայակոչված նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման միջոցով, Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վկայակոչված իրավանորմի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին»:

Ըստ ՍԴ աշխատակարգային ՍԴԱՈ- 36 որոշման, որը կայացվել է ապրիլի տասնութին, Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն իրացնելու պարտադիր պայմաններից է հիմնավորումներ ներկայացնելը, որ իր վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/դրույթի կիրառման միջոցով. «Մինչդեռ, հարցադրումները մի կողմից՝ ընդհանրական են, հավակնում են վերացական սահմանադրական վերահսկողության առարկա դառնալուն, մյուս կողմից՝ դիմողը չի հաղթահարել «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի /վիճարկվող դրույթի կիրառման միջոցով հնարավոր լինելու պայմանը»: Դիմողը ըստ ՍԴ-ի՝ իրավասու չէր դիմել դատարան:

21 օր հետո՝ 2023թ. ապրիլի 27-ին վարույթը վերսկսվեց…

Նոյեմբերի 30-ին դատաքննությունն է

2022թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով երրորդ անձ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշեց մերժել միջնորդությունը:

Ըստ գործի նյութերի՝ միջնորդություն ներկայացրած կողմը ներկայացրել էր հայցի ապահովման միջոցը վերացնելու երեք տարբեր հիմքեր:

Առաջին հիմքով միջնորդաբերը գտել էր, որ հայցի ապահովման միջոցը ենթակա է վերացման, քանի որ այն հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, մասնավորապես, նշված որոշումը կայացրել է դատավոր Հ. Այվազյանը, ով ունեցել է ինքնաբացարկ հայտնելու հիմք:

Երկրորդ հիմքը նյութական իրավունքի՝ ՀՀ ընտրական իրավունքի նորմերի խախտումն էր: Իսկ վկայակոչված երրորդ հիմքով, միջնորդաբերը գտել էր, որ ՀՀ վարչական դատարանի 24.12.2021թ.-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պետք է վերացնել, քանի որ հայցվորը սույն գործով չի ակնկալում դատական ակտի կայացում եւ կատարում, այլ հայցվորի միակ նպատակը հայցի ապահովման միջոցի կիրառումն է՝ պայմանավորված մեկ այլ գործով վերաքննիչ դատարանի որոշման կայացմամբ: Ըստ միջնորդության. «հայցադիմումի ներկայացումը ձեւական բնույթ է կրում, հայցվորը չունի Վանաձոր համայնքի ավագանու կազմում մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք, քանի որ չի հաղթահարել 4 տոկոսի շեմը, ինչը հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»: Ըստ միջնորդաբեր կողմի՝ այդ հիմնավորմամբ հայցի ապահովման միջոցը չի հետապնդում կայացվելիք դատական ակտի կատարման հնարավորությունն ապահովելու նպատակ:

Դատարանն ըստ էության «գնահատական» տվեց այդ ժամանակ, միայն երրորդ հիմքին, արձանագրելով, որ «միջնորդաբերը հայցվորի իրավական շահագրգռվածության հարցն է բարձրացնում՝ գտնելով, որ հայցն ուղղված չէ հայցվորի իրավունքների պաշտպանությանը եւ ձեւական բնույթ է կրում, ունի այլ նպատակներ: Մինչդեռ, հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման շրջանակներում դատարանը չի կարող եզրահանգումներ կատարել ներկայացված հայցի նպատակի, հայցվորի իրավական շահագրգռվածության կամ հայցի ձեւական լինելու, այլ նպատակներ հետապնդելու մասին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.06.2023

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930