Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչինչ չունե՞ն ասելու Պուտինին

Հունիս 23,2023 12:00

Քոչարյանի եւ Սարգսյանի լռությունը նշանակում է, որ նրանք գտնում են, որ այն, ինչ կատարել ու շարունակում է կատարել Մոսկվան Արցախի եւ Հայաստանի հետ, օրինաչա՞փ է

50, 100 կամ 200 տարի անց, երբ Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցած այսօրվա պատմության էջերը ուսումնասիրողներ լինեն` նրանց չեն հետաքրքրելու շաբաթների, ամիսների դրվագային-ակնթարթային իրադարձությունները: 50, 100, 200 տարի անց եզրահանգումներն ու արձանագրումներն ավելի հեշտությամբ է հնարավոր լինելու անել, քան այսօր:

Հայաստանյան թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ընդդիմադիր ուժերը գիտեն ինչպես զբաղեցնել հասարակությանը: 44-օրյա պատերազմից հետո, թվում էր, Հայաստանը պետք է միացներ «SOS» կոճակը, ուշքի գար, Հայաստանը ոտքի կանգնեցնելու ռեժիմում գործեր:

Բայց ի՞նչ է տեղի ունենում արդեն գրեթե 3 տարի: Փաշինյանը հանդես է գալիս հերթական ելույթով, հնչեցնում է հերթական մեղադրանքները, որպես գործող իշխանություն իր պարտավորությունների, ուղղակի պարտականությունների շրջանակից հեռացնում է Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական խնդիրների լուծման պատասխանատվությունը, եւ վերջ, քաշվում մի կողմ:

Ում հասցեին Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում, նրանք մի քանի օր ու շաբաթներ «հակադարձում են» Փաշինյանին` մինչեւ հաջորդ աղմկահարույց իրադարձությունը: Ու այսպես շարունակ:

50, 100, 200 տարի անց այս` իսկապես ոչ էական «իրադարձությունների» մանրամասները լայն զանգվածներին չեն հետաքրքրելու: Արժեքավոր էլ լինելու նաեւ այլ կարեւոր հարցեր, քան արձանագրումը` ամեն ինչում մեղավոր է Փաշինյանը:

2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ, որի դրույթները կողմերից երկուսը` Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ապահովում: Հայաստանյան ընդդիմադիրները իրենց շուրջը «կոմֆորտ» իրավիճակ են ստեղծել` «Նիկոլն է մեղավոր», «եթե Նիկոլը իշխանության չլինի` իրավիճակն այլ կլիներ»:

Եթե հայաստանյան ընդդիմադիրների մոտ կա գիտակցում, որ Արցախը կործանման եզրին է, իսկ Հայաստանը պետականության կորստի, ապա ընդդիմադիր առաջնորդներից գոնե երկուսը` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը` որպես Վլադիմիր Պուտինի նախկին գործընկերներ, պետք է հարցեր ունենային:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում իրավիճակն այլ է, նա աշխատել է ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի հետ, նա չի աշխատել Պուտինի հետ: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչ միայն որպես պետության նախկին ղեկավարներ, այլեւ` մարդկայնորեն, Պուտինի հետ շփվելու հարցում, կարծես, էական բարդություններ չպետք է որ ունենան: Ավելին` Ռոբերտ Քոչարյանը մի առիթով անգամ հպարտացավ Պուտինի ու իր միջեւ գոյություն ունեցած` «քիմիայի» աստիճանից:

Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Հակարիի կամրջի անցակետը՝ այն բանից հետո, երբ փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում։ Հունիսի 15-ից Արցախ ոչ մի կիլոգրամ բեռ չի մտել: Սա արդեն հումանիտար աղետ է:

Հայաստանի՝ ծագումով ղարաբաղցի նախկին երկու նախագահները` Քոչարյանն ու Սարգսյանը Պուտինին հարց չունե՞ն տալու:

Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Հայաստանի ռազմավարական գործընկերը, սակայն Մոսկվան հրաժարվում է Հայաստանին զինել, ավելին` հիմք ընդունելով Հայաստանի իշխանությունների հրապարակային հայտարարությունները, որոնք Մոսկվան չի հերքել, Հայաստանը վճարել է Ռուսաստանին սպառազինություն ստանալու համար, սակայն Մոսկվան ոչ զենքն է տալիս, ոչ գումարն է վերադարձնում:

2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանի գործողությունները Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում նորմա՞լ են:

Այն, ինչ կատարվում է Հայաստանի ու Արցախի հետ, դա լիովին ընկալելի՞ ու ընդունելի՞ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար: Նրանց հարող քաղաքական ուժերն ու անհատները, այո՛, պետք է շարունակեն քննադատել Հայաստանի իշխանություններին, բաց չթողնելով իշխանության գործած որեւէ սխալ ու ձախողում: Սակայն այս գործելաոճը Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին չի ազատում գլխավոր հարցից:

Ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի այս «խորիմաստ» լռությունը… Քոչարյանն ու Սարգսյանը համարում են, որ այն, ինչ կատարվում է Հայաստանի ու Արցախի հետ, խիստ օրինաչա՞փ է եւ Հայաստանն ու Արցախն արժանի՞ են այս վիճակին: Այս հարցը հռետորական է, որովհետեւ, եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատասխանը բացասական է, այսինքն, եթե նրանք գտնում են, որ այն, ինչ կատարվում է Արցախի ու Հայաստանի հետ, արդարացի չէ` նրանք պետք է հրապարակային խոսք ունենային ասելու Ռուսաստանի ղեկավարին:

Եթե ոչ միասին, ապա գոնե առանձին, մեկ-երկու էջանոց բաց նամակներով Քոչարյանն ու Սարգսյանը կարող են դիմել ՌԴ նախագահ Պուտինին, մի քանի տողով հիշեցնելով իրենց իշխանավարման ժամանակ հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերությունները, բայցեւ հրապարակավ հնչեցնեին հարցադրումներ, որոնք մեր հասարակությանը իսկապես հետաքրքրում են: Իսկ այդ հարցերը 50, 100, 200 տարի անց գալիք սերունդներն այլեւս չեն հնչեցնելու, նրանք Հայաստանին եւ Արցախին դիտելու են մեծ «կտավի» վրա եւ արձանագրելու են, որ Արցախն ու Հայաստանը կործանեցին ներսից եւ դրսից ու տրվելու են անուններ: Այդ անունների շարքում միակ մեղավորը Փաշինյանը չի լինելու:

Հետեւաբար, ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը հարցեր չունեն Պուտինին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930