Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ եմ գնահատում այս բանաձևի ընդունումը, մինչդեռ Ադրբեջանի նպատակը հենց ժամանակ երկարաձգելն էր, որ ԵԽԽՎ պատվիրակները քչանային, և հնարավոր չլիներ բանաձևն ընդունել»․ Ռուբեն Ռուբինյան

Հունիս 22,2023 23:30

«Ադրբեջանը սա տակտիկական առումով էր արել, որպեսզի ժամանակը երկարի։ Սա օրվա վերջին հարցն էր։ Նրանց նպատակն էր, որ պատվիրակները քչանան, և հնարավոր չլինի քվորում ապահովելով կամ անհրաժեշտ նվազագույն ձայների թիվ չապահովելով՝ տապալել բանաձևի ընդունումը։ Ինչպես տեսաք՝ դա տեղի չունեցավ»,- Aravot.am-ի հարցին՝ այսօր «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի քվեարկության ժամանակ Ադրբեջանի կազմակերպածը հատուկ պլանավորվա՞ծ էր, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով կազմակերպվեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկում։ Ելույթների համար երկար ժամանակ չտրամադրվեց։ Վեհաժողովն անցավ զեկույցի հետ կապված առաջարկությունների քննարկմանը, իսկ ներկայացվել էին 62 առաջարկություններ։ Դրանց մեծամասնությունը ներկայացրել էր Ադրբեջանը։

Ի վերջո հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ բանաձևն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած 67 պատվիրակներից 48-ը կողմ քվեարկեցին, 16-ը դեմ, 3-ը՝ ձեռնպահ։

Ինչպես տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պնդեց, որ բոլոր առաջարկությունները քննարկվեն Վեհաժողովում՝ անկախ նրանից, որ հանձնաժողովը դեմ է քվեարկել դրանց։ Ուստի Ռուբեն Ռուբինյանին հարցրինք՝ ինչո՞ւ Վեհաժողովը որոշեց, այնուամենայնիվ, քննարկել արդեն իսկ հանձնաժողովի կողմից մերժված առաջարկությունները, մանավանդ, որ ինքն էլ էր կարծես նյարդայնացել, որ Ադրբեջանը ժամանակ է երկարաձգում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ շատ լավ եմ գնահատում այս բանաձևի և խորհրդատվությունների (recommendations) ընդունումը։ Խորհրդատվությունների ընդունման համար 2/3-ն էր անհրաժեշտ քվեարկողների, և Ադրբեջանի պատվիրակությունը փորձում էր հենց սա առաջին հերթին տապալել, քանի որ դա մի քիչ ավելի դժվար է ընդունելը։ Ես բացարձակ չէի նյարդայնացել, ես զուտ կոչ էի անում պատգամավորներին հանկարծ չլքել դահլիճը, որովհետև Ադրբեջանի նպատակը հենց ժամանակ երկարաձգելն էր, որ ԵԽԽՎ պատվիրակները քչանային, և հնարավոր չլիներ բանաձևն ընդունել։ Իսկ ինչո՞ւ էր այդպես։ Ըստ ԵԽԽՎ Կանոնակարգի՝ հետևյալ կերպ է ամեն ինչ տեղի ունենում։

Ասեմ, որ Ադրբեջանի պատվիրակությունը մոտ 60 փոփոխություն էր առաջարկել տեքստում, բնականաբար, բոլորը շատ վատ փոփոխություններ։ Օրինակ՝ փորձում էին ամեն տեղից հանել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, բայց նրանց փոփոխությունների 99 տոկոսը մերժվել էր հանձնաժողովում, և մեկ-երկու ոչ խնդրահարույց փոփոխություններ ընդունվել էին։ Ընդ որում, մերժվել էին ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի 2/3-ով, իսկ դա նշանակում է, որ լիագումար նիստում փոփոխությունները չեն քննարկվում, եթե դրանք մերժվել են 2/3-ով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առնվազն տասը պատվիրակ դեմ է արտահայտվում դրանք չքննարկելուն և առաջարկում է քննարկել։ Լիագումարում դա էլ տեղի ունեցավ։ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները և ևս մեկ-երկու պատվիրակ, որոնց դեռ չեմ տեսել՝ ովքեր են, ոտքի կանգնեցին՝ մոտ տասներկու հոգի, և ըստ կանոնակարգի՝ արդեն լիագումար նիստում ստիպված էին հատ-հատ քննարկել Ադրբեջանի՝ մերժված փոփոխությունների առաջարկները, և դրանք բնականաբար, նորից մերժվեցին»։

Ռուբեն Ռուբինյանը շեշտեց՝ մեր բոլոր պնդումները Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, Ադրբեջանի ղեկավարության ռասիստական և ատելությամբ լի ելույթների, մյուս բոլորի հարցերի վերաբերյալ զեկուցողը հաստատեց․ սա շատ կարևոր է։

Մեր այն փաստմանը՝ թեև Ադրբեջանի առաջարկությունները համարյա ամբողջությամբ չընդունվեցին, սակայն նրանց հաջողվեց անցկացնել այն առաջարկությունը, համաձայն որի՝ զեկույցի առաջին պարբերությունից հանվեց Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը և հարցին՝ սա էլ ԵԽԽՎ-ի՞ կողմից էր տակտիկական քայլ, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Ըստ էության ոչ այնքան ԵԽԽՎ-ի, որքան զեկուցողի կողմից, բայց դա ընդհանրապես բան չի փոխում, քանի որ Լեռնային Ղարաբաղն անվանվում է Լեռնային Ղարաբաղ զեկույցում մոտ տասն անգամ։ Ընդ որում, այդ մեկ տեղում կարևոր չէր՝ կլինի, թե՝ չի լինի։ Համատեքստն այլ էր այդ պարբերության»։ Մեր դիտարկմանը՝ բայց հենց առաջին պարբերությունից է հանվել, և ստացվում է, որ վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղն էլ ներառյալ, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ստացվում է, որ ասվում է՝ վեճը եղել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց չի մասնավորեցվում՝ ում մասնակցությամբ, երբ, որտեղ։ Այսինքն՝ դա առանձնապես խնդիր չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930