Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ ադրբեջանական բոլոր ջանքերի՝ ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի հարցով բանաձևը

Հունիս 22,2023 21:55

Հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ բանաձևն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած 67 պատվիրակներից 48-ը կողմ քվեարկեցին, 16-ը դեմ, 3-ը՝ ձեռնպահ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով ընթանում է «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկումը։ Ելույթների համար երկար ժամանակ չտրամադրվեց։ Վեհաժողովն անցավ զեկույցի հետ կապված առաջարկությունների քննարկմանը, իսկ ներկայացվել են 62 առաջարկություններ։ Դրանց մեծամասնությունը ներկայացրել է Ադրբեջանը։

«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի հեղինակ Փոլ Գավանն ասաց, որ այդ առաջարկությունների մեծամասնության ընդունման դեպքում ամբողջովին կփոխվի զեկույցի տրամաբանությունն ու բովանդակությունը, ուստի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովը դեմ է քվեարկել դրանց, հետևաբար կարիք չկա, որ դրանք առանձին-առանձին քննարկվեն Վեհաժողովում։ Սակայն Սամադ Սեիդովը պնդեց, որ դրանք քննարկվեն ու քվեարկվեն։

Ադրբեջանական պատվիրակության անդամները ցանկանում էին, որ զեկույցում էթնիկ հայեր բառակապակցությունը հանվի, հանվի Ստեփանակերտը, սակայն այս բոլոր առաջարկությունները չընդունվեցին։

Մյուս առաջարկությունը վերաբերում էր նրան, որ զեկույցից հանվի ազատ և անվտանգ տեղաշարժի բացակայություն բառերը։ Այս առաջարկությունը ևս չընդունվեց։ ԵԽԽՎ պատվիրակ Ստեփան Շեննախը հեգնանքով ասաց՝ ինչո՞ւ պետք է հանվի այս բառակապակցությունը, քանի որ եթե այդ ազատ տեղաշարժն ապահովված լիներ, այս քննարկումը չէր լինի և զեկույցի անհրաժեշտությունը ևս չէր լինի։

Ադրբեջանցիներին չհաջողվեց Լեռնային Ղարաբաղ անվանումը փոխարինել Ղարաբաղի շրջան բառակապակցությամբ։ Ըստ էության այս բովանդակությամբ մի քանի առաջարկություն կար, բոլորն էլ մերժվեցին։

Ի վերջո ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի նյարդերը տեղի տվեցին ու հայտարարեց․ «Ադրբեջանի նպատակն է այսպիսով երկարաձգել գործընթացը, որպեսզի պատվիրակները հոգնեն ու դուրս գան դահլիճից, որպեսզի ի վերջո զեկույցը չընդունվի»։

Բոլոր այս առաջարկություններին ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովը դեմ էր, նույնիսկ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Գոնչարենկոն ամեն առաջարկության մասին խոսելիս հեգնանքով հայտարարում էր, թե նորություն ասած չի լինի, եթե ասի, որ հանձնաժողովը դեմ է այս առաջարկություններին։

Ադրբեջանական պատվիրակության անդամները ցանկանում էին, որ զեկույցում ավելացվի, թե իբր վեհաժողովը ողջունում է Ադրբեջանի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը՝ իր տարածքում ապրող հայերի հետ երկխոսություն ծավալելու համար և խրախուսում է այդ երկխոսության հետագա շարունակությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով։ Սակայն այս առաջարկությունն էլ չընդունվեց։

Նաև ուզում էին, որ զեկույցում ներառեն հետևյալը․ «Վեհաժողովը նշում է, որ Ադրբեջանը սահմանային անցակետ է տեղադրել Հայաստանի հետ միջպետական ​​սահմանին՝ լիովին համապատասխանելով միջազգային պրակտիկային, և այն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները տեղի հայ բնակիչների՝ երկու ուղղություններով տեղաշարժվելու համար»։

Հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ բանաձևն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած 67 պատվիրակներից 48-ը կողմ քվեարկեցին, 16-ը դեմ, 3-ը՝ ձեռնպահ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930