ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին:
Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային ժառանգության ընդգրկման հայտի պատրաստմանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ, որից հետո Հայաստանի Հանրապետության կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (Tentative list) Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ․։
Կարդացեք նաև
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտն ընդգրկված լինի նախնական ցանկում։
Սկսած 2024 թվականից՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսել է առանձին միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։ Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության և այլ ուղղություններով։
Հաշվի առնելով 1972 թ․ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի գլխավոր ասամբլեայի տարեկան որոշումներն ու հայտերի գրանցման ընթացակարգային փոփոխությունները՝ աշխատանքը կներառի նաև կազմված հայտերի շարունակական լրամշակում վերջնանպատակին՝ հայտի գրանցմանը հասնելու համար։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ