Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ցանկանում են փոփոխություն մտցնել ԵԽԽՎ-ի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ զեկույցում․ լարված քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Հունիս 22,2023 21:12

Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով ընթանում է «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկումը։

ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանը ներկայացրեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» զեկույցը։

Զեկույցով ԵԽԽՎ-ն պահանջում է Ադրբեջանից կատարել ՄԱԿ-ի դատարանի վճիռը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաև ԵԽԽՎ-ն պահանջում է, որ որքան հնարավոր է շուտ Ադրբեջանը կազմակերպի ԵԽ փաստահավաք առաքելություն Ադրբեջանում, որ տեղում գնահատեն այն իրավիճակը, որում ապրում են հայերը։

Զեկույցի ներկայացումից հետո ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները պնդեցին, որ Ադրբեջանը պետք է հրատապ կերպով ապահովի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և Ադրբեջանին քննադատեցին, որ խոչընդոտել է և չի կազմակերպել ԵԽ փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան։

ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն ասաց, որ ստիպված է ընդհատել ԵԽԽՎ պատվիրակների ելույթները, քանի որ չափից շատ փոփոխությունների առաջարկներ են ստացվել, որոնք պետք է հասցնի Վեհաժողովը քննարկել։ ԵԽԽՎ կայքից տեղեկացանք, որ ներկայացված է 62 փոփոխության առաջարկություն։

Նշենք, որ Ադրբեջանը առաջարկություն է ներկայացրել, որ զեկույցի առաջին պարբերությունից հանվեն Լեռնային Ղարաբաղ բառերը։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայտարարեց, թե իբր Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ գոյություն ունի Ղարաբաղի շրջան Ադրբեջանում։

Սամադ Սեիդովը պնդեց, որ բոլոր առաջարկությունները քննարկվեն Վեհաժողովում՝ անկախ նրանից, որ հանձնաժողովը դեմ է քվեարկել դրանց։

Նա պնդեց, թե նախկին Խորհրդային Միության իներցիայով Լեռնային Ղարաբաղ ներկայացնելը սխալ է։ Փոլ Գավանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է Սամադ Սեիդովի պնդումներին։

Ադրբեջանի ներկայացրած առաջարկությունը՝ զեկույցի առաջին պարբերությունից հանել Լեռնային Ղարաբաղ բառերը, ընդունվեց Վեհաժողովի մեծամասնության կողմից։ Քվեարկության 56 մասնակիցներից 33 կողմ, 18-ը դեմ, 5-ը ձեռնպահ քվեարկեցին։

Այս պահին առաջարկությունների քվեարկությունն ընթացքի մեջ է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930