Քիչ անց՝ Երևանի ժամանակով 21։00-22։00-ի միջակայքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով տեղի կունենա «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկում։ ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանը կներկայացնի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» զեկույցը, որին կհաջորդի քննարկումը։
Հիշեցնենք՝ Փոլ Գավանը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Հայաստան։
Զեկույցում ամրագրված է`Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ ԵԽԽՎ զեկուցողը չի հրավիրվել Ադրբեջան և, հետևաբար, չի կարողացել տեղում տեղեկություն ստանալ առաջին ձեռքից․ «Վեհաժողովը պահանջում է, որպեսզի հնարավորինս շուտ կազմակերպվի Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Ադրբեջանում, որի նպատակն է գնահատել իրավիճակը, որտեղ հայերն ապրում են և տուժել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղափոխման բացակայության պատճառով»։
Զեկույցով ԵԽԽՎ-ն ԵԽ Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վրա ազդող մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամի վրա՝ հետևելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի միակողմանի գործողություններին, որոնք հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Կարդացեք նաև
Փաստաթղթով ԵԽԽՎ-ն առաջարկում է ԵԽ նախարարների կոմիտեին նոր գործողություններ մշակել․ «Ընդունելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անապահովության և սպառնալիքի զգացումը, Վեհաժողովը կարծում է, որ Եվրոպայի խորհուրդը կարող է կարևոր դեր խաղալ երկու անդամ պետությունների միջև վստահության և երկխոսության ամրապնդման գործում, հատկապես վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Հետևաբար, այն խրախուսում է Նախարարների կոմիտեին նոր գործողություններ մշակել գործող գործողությունների ծրագրերի կամ sui generis համագործակցության գործիքի միջոցով, որը ի թիվս այլոց՝ ուղղված կլինի ատելության խոսքին, մասնավորապես կառավարության անդամների կողմից կիրառվող անընդունելի լեզվին և հռետորաբանությանը Ադրբեջանի հայ բնակչության առնչությամբ և կնպաստի հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանը»։
Զեկույցում նաև մտահոգություն կա, որ Ադրբեջանը մինչև այժմ չի կատարում ՄԱԿ-ի դատարանի վճիռը։
Զեկույցն ուսումնասիրում է կոնկրետ միջոցներ, որոնք կապահովեն կայուն և խաղաղ ապագա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար՝ սկսած Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի վերականգնումից։ Այն կոչ է անում կառուցողական երկխոսության և այս առումով մտահոգություն է հայտնում այն անտանելի և անընդունելի հռետորաբանության կապակցությամբ, որն Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, օգտագործել են հայերի նկատմամբ։ Զեկույցը պաշտպանում է Եվրոպայի խորհրդի դերը՝ որպես միջնորդ հանդես գալով անդամ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման գործում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ