Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Քաղաքական ուղղությամբ մենք Արեւմուտքին դեմ չենք, բայց ավելի շատ ապագա տեսնում ենք Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան-Չինաստան գծի վրա»

Հունիս 22,2023 20:11
hrant bagratyan

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կողմից հրավիրված քննարկում-հավաքի ժամանակ ունեցած իր ելույթում վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ ասաց. «Պետք է նայել, թե ինչ է տեղի ունենում ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Ինչպես նախկինում, հիմա էլ չեմ կարծում, թե այնտեղ ընդհանրապես հնարավոր է հաղթանակ: Բայց այնտեղ հնարավոր է մի բան. որ բացահայտորեն ռուսները չեն պարտվում: Իմ կարծիքով, այդ ռեգիոնում հարաբերական կայունության, խաղաղության հասնելուց հետո ռուսներն անցնելու են Հարավային Կովկասում կարգուկանոն հաստատելուն: Եվ նրանք սկսելու են ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից: Նրանք գիտեն ձեւը, թե ինչպես պատժել: Որովհետեւ այն, ինչ մենք անում ենք թեթեւամտորեն՝ Արեւմուտքից ոչինչ չստացած, հարձակվում ենք ռուսների վրա: Միեւնույն ժամանակ, ռուսներից  դեռ ոչինչ չստացած՝ չենք կարող հարձակվել Արեւմուտքի վրա: Մենք մեզ պետք է պարկեշտ պահենք:

Բացի դրանից, այսօր Իրանին գցելու մեծ օպերացիա է գնում: Վրաստանը համաձայնեց, միացել է Իրանի դեմ Արեւմուտքի պահանջին եւ իրանցիները չեն կարողանում մտնել Վրաստան: Իրանական բեռները տրանզիտով Հայաստանից Վրաստան անցնելու խնդիրներ ունեն։ Ստացվում է, որ այդ միջանցք կոչվածը, որ ստորագրվել է այս անձնավորության կողմից նոյեմբերի 9-ին, այսօր Արեւմուտքին շատ է պետք: Այո, հենց միջանցքը եւ առանց ռուսական զորքերի: Որպեսզի փակվի ճանապարհը դեպի Իրան: ՌԴ-ին այն յուրովի է պետք։

Ինչ կարող է սպասվել Հայաստանին: Կարող է ռուսներն Ուկրաինայում ավարտեն ու գան, Հայաստանին պատժեն: Բայց մինչեւ ռուսների պատժելը՝ կարող է Արեւմուտքը սանկցիաներ դնել Հայաստանի դեմ, որովհետեւ Հայաստանն այսօր ապրանքներ է վերարտահանում  Ռուսաստան: Ու դրա ծավալն այս տարի կարող է հասնել 10-15 միլիարդի: «Էկոնոմիստի» վերջին համարում երկու էջանոց հոդված կար, թե որ երկրներն են օգնում, որպեսզի Ռուսաստանը կայանա, ո՞ր երկրների առեւտուրն է 2022 թվականին 2021 թվականի հետ համեմատ Ռուսաստանի հետ ավելացել է: Նրանք մեղադրում են չորս երկրի: Եվ չեմպիոնը, նրանց կարծիքով, Հայաստանն է՝ 220%-ով: Իսկ 2021-ի հետ համեմատ 2022 թվականին ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի առեւտուրը կրճատվել է 75 %-ով, Եվրամիության հետ՝ 60 %-ով:

Եվրոպայում, Ամերիկայում սրան ուշադիր հետեւում են: Եվ ես առաջիկայում սպասում եմ նաեւ լուրջ հարված հայ-իրանական հարաբերություններին, ինչ-որ միջազգային ճնշում, որովհետեւ Վրաստանի հետ պարզեցին հարաբերությունները, անցնում են Հայաստանին:

Եվ այս շատ ծանր պայմաններում մենք՝ ընդդիմադիր դաշտը, պետք է մեր աշխատանքը շարունակենք: Քաղաքական և տնտեսական ուղղությամբ մենք Արեւմուտքին դեմ չենք, բայց ավելի շատ ապագա տեսնում ենք Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան-Չինաստան գծի վրա, որտեղ քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիան ավելի էական եւ ավելի շահեկան է: Արեւմուտքը Հայաստանում կենսական շահեր չունի։ Բացի դա նրանք կտրուկ դեմ են Իրանին։ Ես չեմ ասում՝ իրենք վատն են: Որ Մակրոնը մեզանով զբաղվում է, ես շնորհակալ եմ: Բայց նա չի կարող արդյունավետ կերպով զբաղվել, որովհետեւ այստեղ ոչ զենք ունի, ոչ զորք: Այս պարագայում Արևմուտքի համար վերջին հաշվով միակ երաշխավորը թուրքական բանակն է:

Նաեւ մենք պետք է հստակորեն անընդհատ բարձրաձայնենք, որ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջան է,  դա առոչինչ է: Եվ պետք է Ռուսաստանին հասկացնենք, որ Ռուսաստանն այստեղ ամեն բան չի կորցրել»,-ասաց պարոն Բագրատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930