Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ինչ կասի տարածված այն տեղեկության մասին, ըստ որի՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ութ տարվա ընթացքում 45 հազար բնակչի հաշվարկով 116 բնակելի շենք է կառուցվելու, որի համար ներդրվում է $ 5 միլիարդ, ասաց. «Անկեղծ ասած, այդ 5 միլիարդը մի քիչ տարակուսանք է առաջացնում: Դա շատ մեծ թիվ է ընդամենը մի թաղամաս կառուցելու համար: Դա մեր պետական բյուջեին հավասար գումար է: Երկրորդ, այդ տները, որ կառուցվում են, դրանք ոչ միայն ներդրողի միջոցներով են կառուցվում, այլեւ բնակարան ձեռք բերողների: Այսինքն, եթե բնակարանների նախնական վաճառք է արվում, մարդիկ իրենք են ինվեստիցիա անում իրենց բնակարանի կառուցման մեջ՝ կանխավճար են տալիս, հետո ընթացիկ ֆինանսավորում են անում եւ այլն: Այսինքն, ներդրման ամբողջ ծանրությունը միայն ներդրողի վրա չի:
Բայց ամեն դեպքում, ոչ միայն այդ թաղամասում, այլեւ Երեւանում առայժմ ոչ մի տնտեսագետ չի կարողանում հիմնավորել, թե ոնց է հնարավոր, որ մեր անշարժ գույքի շուկայում նման գնային առաջարկ է ձեւավորվում: Եվ պարզվում է, որ պահանջարկն էլ այնքան բարձր է, որ գներն էլ դեռ շարունակում են բարձրանալ: Այսօր ոչ թե նորակառույց, այլեւ ավելի հին, 80-ականներին կառուցված շենքերի բնակարանների գներն էլ են շատ բարձրացել: Սա տնտեսագիտական հիմնավորում որպես այդպիսին, չունի:
Մի քիչ թերահավատ լինելով այդ ծավալների վրա, մի ուրիշ բան էլ ասեմ: Ասենք, մի թաղամաս կառուցապատում է իքս ընկերությունը: Այդ ընկերությունը ունենում է սեփականատերեր, հիմնադիրներ: Ենթադրենք նրանք հինգ հոգի են: Նրանք ցանկացած պահի իրավունք ունեն իրենց բաժնեմասը վաճառել ուրիշի: Իսկ այդ ուրիշը ըստ մեր երկրի օրենսդրության կարող է լինել, ընդունենք, Ռուսաստանի քաղաքացի: Մանավանդ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք ու ոչ մի սահմանափակում չկա բաժնետոմսեր, բաժնեմաս ձեռք բերելու համար:
Հիմա: Ռուսաստանում միլիոնատեր քանի՞ ադրբեջանցի կլինի: Ահագին շատ: Ոչ ոք չի արգելում, որ հիմա,ասենք, այդ թաղամասը կամ այլ շենքեր, կառուցման պահին այդ ՍՊԸ-ի տերերը, վաճառեն նրանց: Եվ ադրբեջանցի այդ գործարարը կամ գործարարները դառնում են այդ ամբողջ թաղամասի տերը: Այդ դեպքում այդ տերը իրավունք ունի՞ ամբողջ բնակարանները վաճառել, ասենք, մեկ դոլարով: Ունի: Տերն ինքն է:
Կարդացեք նաև
Իսկ Իլհամ Ալիեւն ի՞նչ է ասում: Ասում է, ադրբեջանցիները պետք վերադառնան Հայաստան, որն իր համար Արեւմտյան Ադրբեջան է՝ Երեւանն էլ ներառյալ: Ու ասում է. ադրբեջանցիներից ով մեկ դոլար փող ունի, Հայաստանում ձեր համար բնակարան կա: Եթե Հայաստանի քաղաքացի ես, ենթադրյալ ադրբեջանցի սեփականատերը կարող է ասել. մեկ քմ-ն վաճառում եմ $ 3000-ով: Սա կարող է՞ լինել Ալիեւի ծրագրի մաս: Իհարկե հնարավոր է»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ