Ֆիրդուսի թաղամասում՝ Հանրապետության նրբանցք, 8ա հասցեի 1000 քմ տարածքի օտարման վերաբերյալ դատարանը երկու օր առաջ վճիռ է կայացրել։ Տարածքի սեփականատեր Իսրայել Սաֆարյանն Aravot․am-ին փոխանցեց՝ ինչպես որ ակնկալվում էր՝ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ կառուցապատողի։ «Դատարանը «Սիթի սենթր դիվելոփմենթ»-ին պարտավորեցրել է 620 միլիոն դրամ վճարել, ինչին մենք համաձայն չենք։ Մեր հասցեում ապրում է 12 ընտանիք։ Եթե այդ գումարը բաժանենք 12 ընտանիքի մեջ, յուրաքանչյուրին մոտ 51.6 միլիոն դրամ է հասնում։ Այդ գումարով մենք չենք կարողանա փոքր Կենտրոնում բնակարան գնել»,-ասաց Սաֆարյանը։
Նրա ներկայացմամբ՝ իրենց սեփականությունը՝ 1000քմ տարածքը, որից 770 քմ-ն՝ շինություններ են, իրենց ընտանիքներին բավարարում էր, հանգիստ ապրում էին։
Եթե Սաֆարյանները չենթարկվեն դատարանի վճռին, ինքնակամ չազատեն իրենց տարածքը, ապա, ըստ դատական վճռի, ԴԱՀԿ-ն է գործի անցնելու, եւ նրանց վտարելու տարածքից։
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասի մի խումբ բնակիչներ պարբերաբար բողոքի ցույցեր են անում, գտնում են, որ տարածքի օտարումը տեղի է ունեցել մի շարք խախտումներով։
Կարդացեք նաև
Բնակիչները հունիսի 12-ին բողոքի ցույց էին անում ԲԴԽ-ի մոտ, պահանջում էին պատասխանատվության ենթարկել դատավոր Մուրադ Հովակիմյանին, քանի որ նա, ըստ բնակիչների, դատական քննությունն իրականացրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով։
Սաֆարյանն ասաց, որ արդարադատության նախարարությունից առայժմ արձագանք չկա իրենց դիմումի վերաբերյալ։ Բնակիչները նաեւ դիմել էին գլխավոր դատախազություն, որտեղից մերժել են գործ հարուցել, նշելով՝ իրենց տիրույթում չէ խնդիրը։
«ԴԱՀԿ-ի եւ գույքը գնահատող փորձագետի եզրակացության վերաբերյալ բողոքն արդեն ավարտման փուլում է, այն ներկայացնելու ենք արդարադատության նախարարություն։ Փորձագետն իր լիազորությունները գերազանցել է, նա թերություններով է գնահատել մեր գույքը, դատավորն էլ հիմք է ընդունել նրա տված եզրակացությունը»,-ասաց Սաֆարյանը։
Սաֆարյաններն այժմ նաեւ վերաքննիչ բողոք են պատրաստում, հետո, եթե կարիք լինի, նաեւ՝ վճռաբեկ։ Հայաստանյան ատյաններում արդարության չհասնելու դեպքում, դիմելու են ՄԻԵԴ։
«Մենք, կրկնում եմ, չենք համաձայնվելու կառուցապատողի առաջարկած պայմաններին։ Մինչեւ եվրոպական դատարան գնալու ենք։ Ասել ենք՝ թող ՄԻԵԴ-ում ապացուցեն՝ այդ տարածքը պետական գերակա շա՞հ է, թե՞ ոչ, որ փորձում են մեզ մեր տանից հանել»,-ասաց Սաֆարյանը։
Թե ինչպես է ստացվել, որ մի հասցեում 12 ընտանիք է բնակվում, Սաֆարյանն ասաց՝ շատ պարզ․ «Տատիկս է իր երեխաների, հետո թոռների ապրել, հետո ընտանիքը մեծացել է։ Բայց բոլորս էլ մի ընտանիք ենք»։
Հիշեցնենք, որ 33-րդ թաղամասը 2006 թվականից ճանաչվել է գերակա շահ, տարածքի կառուցապատող ընկերությունը «Սիթի սենթր դիվելոփմենթն» է, որ այս տարիների ընթացքում կառուցապատում չի իրականացրել, ընկերությունն արգելանքի տակ է, գործունեությունն էլ սահմանափակված է, ուստի տարածքում կառուցապատումն իրականացնում են «Սիթի սենթր դիվելոփմենթ»-ի սեփականատիրոջ ստեղծած տասից ավելի նոր ստեղծած ընկերությունները։ Բնակիչները պնդում են, իրենց տարածքում դեռ ոչինչ չկա կառուցված, սակայն բնակարանները հանվել են վաճառքի, գովազդվում են։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ