Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախում պարենային անվտանգության խնդիրների շուրջ Սամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունը

Հունիս 22,2023 17:23

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով բոլոր տեսակի փոխադրումները դադարեցնելու հաջորդ օրը՝ ս․թ․ հունիսի 16-ին ԱՀ պետական նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվի ուղիղ եթերում, անդրադառնալով հումանիտար բեռնափոխադրումների դադարեցման և ներքին կյանքի կազմակերպման գործընթացի փոփոխություններին, հայտարարել է խնայողության ռեժիմի անցնելու և սահմանափակումների մասին: Պետական բարձրաստիճան պաշտոնյայի սույն հայտարարությունը բնակչության շրջանում առաջացրել է խուճապային տրամադրություններ, որոնց հետևանքով քաղաքացիները 1-2 օրվա ընթացքում վաճառքի կետերից ձեռք են բերել աննախադեպ քանակի պարենային մթերքներ։ Սա իր հերթին հանգեցրել է առկա ապրանքատեսակների անհավասար իրացման։

ԱՀ քաղաքական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի՝ շրջափակման պայմաններում պետական պարենային պահուստի շուրջ ս․թ․ հունիսի 19-ի հրապարակային ահազանգից հետո պետական նախարարը կառավարության խորհրդակցության ընթացքում հաստատել է Արցախի պարենային անվտանգության ոչ բավարար մակարդակը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր: Ունենք կրիտիկական պահերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Ալյուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով հիմա ունենք որոշակի բավարար վիճակ։ Հետագայում խնդիրներ առաջանալու դեպքում մենք կփորձենք կարգավորել մեր հավելյալ ներքին հնարավորությունները հաշվի առնելով։ Ունենք վառելիքի խնդիր, որը պետք է օգտագործենք խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար։ ․․․ Վերջին օրերին քաղաքացիներին բաժանվել էր կտրոններ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար և դրանց մատակարարումը պետք է իրականացվեր հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, սակայն բեռնափոխադրումների դադարեցման պատճառով մենք ունենալու ենք տրամադրված կտրոնները սպասարկելու օբյեկտիվ խնդիր։ Այսօրվա հանդիպման նպատակն է վեր հանել և քննարկել ստեղծված իրավիճակում առկա բոլոր խնդիրները, արագ մշակել ու իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել մեր ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրանց հավասարաչափ բաժանումն ու իրացումը»:

Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության պատասխանատու պետական նախարարի խոսքից պարզորոշ է դառնում, որ հնարավոր չի լինելու բնակչությանն ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներով, քանի որ դրանք Արցախ էին հասնում պարբերական հումանիտար բեռնափոխադրումներով։ Այսինքն՝ պարենային ճգնաժամի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման նպատակով նախատեսված պետական պարենային պահուստում առկա չէ պետական պահուստի չնվազող պաշարը։ Եվ դա այն դեպքում, երբ պետական պահուստի չնվազող պաշարը պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալն է և ենթակա չէ փոխառնման։ Իսկ պետական պահուստը նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ է, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որը, «Պետական նյութական պահուստի մասին» և «Պարենային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքներով սահմանված կարգով, նախատեսված է օգտագործել այդ թվում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում։

Ուշագրավ է նաև պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հայտարարությունն առ այն, որ շրջափակման «191 օրվա ընթացքում պետք է 76 հազար տոննայից ավելի ապրանք ներկրվեր, սակայն իրականում ներկրվել է, կլորացված եթե ասվի, շուրջ 6 հազար տոննա»։ Այս կապակցությամբ հետաքրքիր է, թե ներկրված 6 հազար տոննա հումանիտար բեռի քանի տոկոսն է համապատասխանել պետական պարենային պահուստի սահմանված անվանացանկին և կուտակման ծավալներին։

Պայմանավորված շրջափակմամբ և դրա հետևանքներով, պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում ծառայություններ մատուցող գործադիր իշխանության հանրապետական մարմինը պարտավոր էր հումանիտար բեռնափոխադրումների թույլտվություն սահմանելիս և դրանց համար լոգիստիկ հնարավորություններ ապահովելիս առաջնահերթությունը տալ պետական պահուստի սահմանված անվանացանկին և ծավալներին։ Դատելով պետական նախարարի հայտարարություններից՝ բացակայում է պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալը, ուստի լիազոր մարմինը հույսը դրել է ներքին արտադրանքի վրա, և դա այն դեպքում, երբ Արցախը պարենային ինքնաբավություն երբեք չի ունեցել։

Սամվել Բաբայանը, որպես «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, հավատարիմ է ժողովրդի վստահության քվեին և այդ շրջանակում իրացնելու է խորհրդարանական երկրորդ ուժին վերապահված քաղաքական վերահսկողության գործառույթը։ Իսկ գործադիր իշխանությունը պարտավոր է իր գործառույթների և լիազորությունների շրջանակում 24-ժամյա ռեժիմով գլուխը կախ ծառայել ժողովրդին։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930