Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերին Լարսի հերթերից ազատվեցինք, բայց հայկական բեռնատարները հերթի են կանգնած Բագրատաշենի անցակետում»․ բեռնափոխադրողներն ահազանգում են

Հունիս 22,2023 17:15

Վերին Լարսի անցակետում երթուղիների թիվն ավելացել է, բայց հայ բեռնափոխադրողների խնդիրները չեն լուծվում․ այսօր մեծ հերթեր են Բագրատաշենի անցակետում։ Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ անցակետի թողունակությունը փոքր է, բեռնատարների մեծ հերթեր են գոյացել անցակետի երկու կողմում։

Կառավարության անդամները հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար։

«Առավոտի» հարցին, թե այսպիսով լուծվո՞ւմ են հայ բեռնափոխադրողների խնդիրները, «Օրիգինալ տրանսպորտ գրուպ» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը պատասխանեց, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներ չկան, բայց ռենտգեն սարքավորումների պակաս կա, ինչը դժվարացնում է ձեւակերպումների գործընթացը։ «Բայց այդուհանդերձ Վրաստանում այս պահին կուտակումներ չունենք, այսօր կուտակում ունեն մեր Բագրատաշենի անցակետում։ Մենք ամեն կերպ փորձում ենք մեր խնդիրները բարդել Ռուսաստանի, Վերին Լարսի անցակետի վրա, բայց այսօր հայ փոխադրողները հերթի են կանգնած Բագրատաշենի անցակետ մտնելու համար։ Մեքենաներն ավելի քան 12 ժամ կանգնում են, մինչեւ մտնում են մեր մաքսակետ։ Խոսքը Հայաստանից դեպի Վրաստան մտնող եւ Ռուսաստան գնացող բեռնատարների մասին է։ Արագ փչացող բեռների մասով եւս, կոնկրետ այս փուլում խոսքը արտահանվող ծիրանի ու կեռասի մասին է, դժվարացել է Հայաստանից Վրաստան մտնելու գործընթացը։ Դա հիմնականում կապված է ստուգումների խստացման հետ, բայց, օրինակ, Վրաստանը թույլ է տալիս, որ արագ փչացող ապրանքով վրացական բեռնատարներն առանց հերթի մտնեն մաքսատուն, ձեւակերպվեն ու դուրս գան։ Ինչո՞ւ մենք Բագրատաշենի անցակետում հայերին չենք տալիս այդ հնարավորությունը, որ մարդը ծիրանը բարձած չգնա ու 24 ժամ հերթ չկանգնի, մինչեւ ձեւակերպվի ու անցնի Վրաստան։ Մենք հենց այսօր այդ խնդիրն ունենք Բագրատաշենի անցակետում»,- ասաց նա։

Վարուժան Քոլյանը նշեց, որ ստուգումները խստացվել են՝ պայմանավորված նրանով, որ վերջին շրջանում մեծաքանակ մաքսանենգ ապրանք հայտնաբերվեց Վերին Լարսի անցակետում։ «Դրանով պայմանավորված՝ հայկական կողմում ստուգումները խստացվել են, հավելյալ ստուգումներ են իրականացնում։ Այդ ստուգումների ֆոնին աշխատանքը դանդաղել է, չնայած այնպես չէր, որ նախկինում արագ էին աշխատում, բայց հիմա ավելի վատթար վիճակում ենք»,- նշեց նա։

Ըստ Քոլյանի՝ Վրաստանից դեպի Հայաստան եկող մեքենաները եւս ժամերով հերթի մեջ սպասում են՝ բեռնատարները կայանատեղիում 24-36 ժամ սպասում են, որպեսզի կարողանան մտնել Հայաստան։ Նրա խոսքով՝ Բագրատաշենի անցակետում գործում է մեկ ռենտգեն սարքավորում, բոլոր մեքենաներն անխտիր ստուգման են ենթարկվում։ «Մաքսավորների հետ խոսել ենք, իրենք ասում են՝ վերեւից մեզանից պահանջում են, որ այսպես աշխատենք։ Բայց պահանջելուն զուգահեռ՝ կարելի է պայման ստեղծել, թողունակությունը բարձրացնել։ Մեքենան շտապ պետք է գա Հայաստան, որպեսզի բեռ բարձի ու գնա, բայց ինքը 36 ժամ կորցնում է կայանատեղիում կանգնած։ Այսինքն՝ մենք մոտ երկու օր կորցնում ենք Հայաստան մտնելու համար»,- նշեց նա։

Վարուժան Քոլյանն ասաց, որ բեռնափոխադրողները լքված ու մոռացված են կառավարության կողմից, չգիտեն՝ ո՞ւմ մոտ բարձրացնեն իրենց խնդիրները, որ լուծում լինի։

Ըստ նրա՝ Գոգավանի անցակետում եւս թողունակության խնդիր կա։ «Լարսի հերթերից որոշ չափով ազատվեցինք, բայց հիմա խնդիր ունենք Հայաստանում։ Հենց այս պահին բավական երկար հերթ ունենք Բագրատաշենի անցակետում»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930