Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը 11 հոգու պարգեւատրել է զենքով, բյուջեից ծախսել 1 մլն 215 հազար դրամ, Պապիկյանը պնդում է, որ դա ռազմական գաղտնիք է ու փակ պահում տեղեկությունը

Հունիս 22,2023 16:50

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» աղմկահարույց օրենքն ընդունվել է նախորդ տարի, ուժի մեջ մտավ հունիսի 1-ից: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զենքով պարգեւատրել կարող է միայն ՀՀ վարչապետը՝ ուժայինների միջնորդությամբ:

Բանն այն է, որ մեր երկրում սպանություններ, ինքնասպանություններ հաճախ անում են վարչապետի, նախագահի, ՊՆ նախարարի պարգեւատրած զենքերով: Հին օրենքով զենքով պարգեւատրել կարող էին բոլոր ուժային կառույցների ղեկավարները: Հաճախ դա անում էին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ որպես լավություն:

Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը, որը հայտնի է հանցավոր աշխարհում, հայրենիքին մատուցած չգիտես ինչ ծառայությունների համար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրվել էր զենքով: Ըստ մամուլի, զենքը նվիրվել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ ՔՊ-ին աջակցելու համար: 2021-ի նոյեմբերին պարգեւատրած այդ զենքը ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը դարձել էր 4 հոգու սպանության պատճառ:

18.07.2021թ. ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը Ամիրյան փողոցում կրակել էր ԱՄՆ քաղաքացու վրա հենց նրա նվիրած զենքով եւ 55 մլն գրավով ազատվել կալանքից:

10.07.2018թ. Մոսկովյան 48 հասցեում պարգեւատրած զենքով հանցագործություն, այս դեպքում ինքնասպանություն էր գործել նաեւ «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանը՝ քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի աները:

Աղմկահարույց էին նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի եւ Կարո Կարապետյանի սպանությունները: Ղարագյոզյանը սպանել էր Կարապետյանին՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած «Պիետրո–Բերետտա» ատրճանակով, այնուհետեւ ինքնասպան եղել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պարգեւատրած զենքով:

Այս դեպքերն արդեն իսկ վկայում են, որ պարգեւատրած զենքը խնդիր է հասարակության համար: Դրանում համոզված է նաեւ օրենքի հեղինակ, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը մեր զրույցում ասաց. «Ինձ համար սկզբունքային է եղել նոր օրենքի առումով, որպեսզի ինքս ինձ համար հասկանամ, թե ինչի՞ համար է այս մարդը պարգեւատրվել ու ինչի համար պիտի ունենա պարգեւատրված զենք»:

Զենքով պարգեւատրվածներին օրինական դաշտ բերելու համար օրենքում նոր լուծում կա: «Այն պարգեւատրված զենքերը, որոնք կան ՀՀ-ում մինչ այս պահը, այդ քաղաքացիները պետք է հանձնեն քննություն, այլապես այդ զենքերը կհամարվեն անօրինական»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ ընդհանրապես պետք է հրաժարվել զենքով պարգեւատրելու պրակտիկայից եւ ում պարգեւատրել են, պետք է տեղեկատվությունը հասարակությանը տրամադրեն. «Ես պետք է իմանամ՝ ունի՞ զենք, թե՞ չունի, որ ըստ դրա…Կարող է մարդու մտքով անցավ եւ ենթադրենք զենքը կիրառեց ոչ օրինական, հիմա էդ պահին մինչեւ այդ օրինականության եւ անօրինականության հարցը քննության առարկա դառնա, կարող է՝ ես արդեն ողջ չլինեմ»:

Սաքունցը նախկին իշխանություններին դատի էր տվել, որ պարզի՝ զենքով պարգեւատրվողներն ովքեր են: Դատարանը վճռեց, որ գաղտնի է: Հարցրեցինք՝ այս իշխանություններից պարզե՞լ է, ասում են՝ ժողովրդավար ենք, կարող է՝ չեն թաքցնում: Սաքունցը պատասխանեց. «Էնպես չի, որ հիմա ենթադրենք ժողովրդավար են, շատ բաներ փոխվել է: Մենք հարցումներ արել ենք բնականաբար, պատասխանները սպասում ենք»:

Ընդհանուր առմամբ նախկին իշխանությունները, ըստ բաց աղբյուրների, զենքով պարգեւատրել են 2986 անձի: Թե հեղափոխությունից հետո քանի զենք է նվիրվել ու ինչ արժողության՝ «Առավոտը» փորձեց պարզել գրավոր հարցմամբ:

Կառավարությունից մեր տեղեկատվության հարցմանը պատասխանեցին. «Ձեր կողմից նշված ժամանակահատվածում վարչապետի կողմից զենքով պարգեւատրվել է 11 անձ, տրամադրվել է 1 մլն 215 հազար դրամ»:

Ուշագրավ է, որ այդ նույն հարցմանը, թե՝ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարության, աշխատակազմի, նախարարի կողմից քանի՞ անձ է պարգեւատրվել զենքով եւ որքա՞ն գումար է տրամադրվել այդ զենքերի համար՝ ՊՆ-ից պատասխանել են. «Այդ տեղեկատվությունը պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին», «ՀՀ կառավարության 13.03.1998 N 173 որոշմամբ հաստատված ցանկի «ռազմական բնագավառի տեղեկությունները» մասի 8-րդ կետի համաձայն, հանդիսանում է պետական եւ ծառայողական գաղտնիք, ուստի «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դարնց տրամադրումը մերժվում է»:

Առաջարկում ենք դիտել Aravot.am-ի ռեպորտաժը՝ զենքի ազատականացման օրենքի եւ ներքին կռիվների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930