Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային նպատակների առկայությունը կարող է համախմբել հայ ժողովրդին

Հունիս 22,2023 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եղիշե Չարենցն իրավացիորեն շեշտել է, որ հայ ժողովրդի միակ փրկությունը նրա հավաքական ուժի մեջ է: Այն, որ հայերն այս պահին համախմբված չեն, գրեթե անվիճելի փաստ է, բայց համախմբվածության բացակայությունն ունի հստակ պատճառ՝ ազգային նպատակների բացակայություն:

ԱՄՆ-ում ընդունված է ասել, որ համախմբվածությունն առաջանում է ավտոմատ կերպով, երբ թիմը (գործընկերներ, ընտանիք, երկիր) որդեգրել է ընդհանուր նպատակներ: Հայերը, կարծես, ապրում են օրվա իրադարձություններով՝ անտեսելով ապագան, իսկ իշխանությունները և մտավորականները ազգային-պետական նպատակների առարկայական փաթեթ չեն առաջարկում ժողովրդին:

44-օրյա պատերազմից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը: Ի թիվս այլ նպատակների, այն ներառում է նաև մեծ հայրենադարձություն եւ ինտեգրում, բազմազավակություն և բարեկեցություն, իրավունքի գերակայություն: Բնականաբար, ոչ ոք չի կարող ասել, թե սրանք վատ գաղափարներ են: Սակայն, ռազմավարության հեղինակները, այսինքն՝ ՀՀ իշխանությունը, չի փորձել և չի փորձում միավորել ժողովրդին իր այս անկյունաքարային նպատակների շուրջ: Ընդհակառակը, իշխանության արդեն դասական դարձած «թալանչիներ», «նախկիններ», «ներկաներ», «5-րդ շարասյուն» և մյուս բոլոր ծեծված եզրույթներն էլ ավելի են պառակտել հայ հասարակությանը:

Մարդիկ հիասթափվում են միմյանցից՝ ելնելով զուտ քաղաքական այս կամ այն նախասիրություններից, «նիկոլական» կամ «քոչարյանական» լինելուց: Այս դեպքում պետք չէ բացառել նաև այն, որ իշխանության ներկայացուցիչները ևս չեն մտածում Հայաստանի ապագայի մասին, քանի որ հեռացել են ժողովրդից, ինչպես նաև վաղուց շեղվել են նախկինում իրենց իսկ մատնանշած ազգային-պետական մտադրություններից, օրինակ՝ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներից: 

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն ազգային-պետական նպատակների հաստատումը, այնպիսի նպատակներ, որոնց շուրջ կհամախմբվի ժողովուրդը՝ ներդնելով անհատական ջանքեր այդ ազգային-պետական նպատակներին հասնելու համար: Հայերը պետականություն ունեցող ազգ են: Ուստի, ազգային-պետական նպատակների որդեգրումը և կյանքի կոչումը պարտադիր են: Պետք է թույլ չտանք «մեզ բաժանեն, որ տիրեն»:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930