Լոռու մարզում օրեր առաջ իշամեղվի խայթոցից մարդ է մահացել. Վանաձորի բժշկական կենտրոն շտապ բուժօգնության մեքենայով ընդունարան է բերվել 71-ամյա տղամարդ՝ անգիտակից՝ ծայրահեղ ծանր վիճակում: Շտապ բուժօգնության խմբին տարածքում գտնվողները հայտնել էին, որ տղամարդու վիճակը կտրուկ վատացել է մեղվի խայթոցից հետո: Շտապբուժօգնության կողմից կատարվել է առաջին բուժօգնություն, հակաալերգիկ միջոցառումներ եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց՝ որպես անաֆիլակսիկ շոկ:
«Ընդունարանում պացիենտը եղել է անգիտակից վիճակում, դեմքը այտուցված, սրտի դանդաղ ռիթմով մի պահ ֆիքսվել է ԷՍԳ-ով ՝սինուսային բրադիկարդիա 40 զ/ր, ST սեգմենտի էլևացիա II,III,aVF արտածումներում, անմիջապես դիտվել է սրտի կանգ:Անմիջապես ձեռնարկվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ՝ մոտ 30 րոպե տեւողությամբ, բժիշկների պայքարն արդյունք է տվել, տղամարդու սրտի աշխատանքը վերականգնվել է: Պացիենտը միացվել է արհեստական շնչառության ապարատին: Հաջորդիվ կատարված ԷՍԳ-ով հայտնաբերվել է ասինուսային տախիկարդիա 120զ/ր (առանց ST սեգմենտի էլևացիայի) »,-Atavot.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Ազնիվ Գեւորգյանը, հավելելով, որ տղամարդու մոտ հայտնաբերվել է պահպանված սրտամկանի կծկողականություն, տղամարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով՝ մահացել:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կոունիսի համախտանիշը
Հայտնի է, որ իշամեղվի խայթոցն ու միջատների հարձակումները, հատկապես այն տարեցների համար, որոնք սրտի հետ կապված խնդիրներ ունեն, կարող են ավարտվել մահվան ելքով։
Կարդացեք նաև
Վերը նկարագրվածը հայտնի է որպես հազվադեպ հանդիպող համախտանիշ՝ Կոունիսի համախտանիշ, որն իրենից ներկայացնում է ալերգիկ ստենոկարդիա կամ ալերգիկ պսակային համախտանիշ, որը դիտվում է այն մարդկանց մոտ, որոնք մեղվի կամ իշամեղվի թույնի (կամ ցանկացած նյութից, դեղորայքից…եւ այլն) հանդեպ ալերգիա ունեն։ Միջատի խայթոցին մարդու օրգանիզմի նորմալ հակազդեցությունը հիստամինի արտադրությունն է, դա միջնորդանյութ է, որը փոխազդեցության մեջ է մտնում այն թունանյութի հետ, որը պարունակվում է թույնի մեջ։ Կոունիսի համախտանիշի պարագայում հիստամին արտադրվում է նշանակալիորեն ավելի շատ ազդելով ոչ միայն շնչուղիների, այլև արյունատար անոթների վրա, պատճառ հանդիսանալով արտահայտված թուլության և կտրուկ սպազմի։ Երիտասարդ, առողջ մարդկանց մոտ համախտանիշի առկայությունը կարող է աննկատ անցնել։ Բայց տարեցների մոտ, որոնք տառապում են աթերոսկլերոզով, աթերոսկլերոտիկ վահանիկների տրոհման պատճառ են դառնում։ Իսկ դա կարող է պատճառ դառնալ անոթների զարկերակների խցանումների, թրոմբերի, ինչպես նաեւ սրտի կանգի:
Բժիշկ սրտաբանը հիշեցնում է՝ երիտասարդների մոտ կարող է համախտանիշը դիտվել, սակայն աննկատ անցնել. «Իսկ այն պացիենտները, որոնք նախկինում ունեցել են կորոնար անոթների խնդիրներ, բարդություններն ավելի հաճախ են հանդիպում եւ մահացության ցուցանիշն էլ ավելի բարձր է»:
Շուրջ 7 տարվա գործունեության ընթացքում բժշկուհին կոունիսի համախտանիշի 1-2 դեպքի է հանդիպել, առանց մահվան ելքի:
Ազնիվ Գեւորգյանը մեկ անգամ եւս հիշեցնում է. բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ցանկացած ալերգիկ ռեակցիաներ, որոնց թվում նաեւ՝ մեղվի խայթոցի նկատմամբ, անմիջապես պետք է դիմեն մոտակա բուժհաստատություն կամ զանգահարեն շտապ օգնություն: Թե ինչպես կզարգանան ալերգիկ ռեակցիաները, որեւէ մեկը չի կարող հստակ ասել, հետեւաբար՝ ալերգիկ ռեակցիաները տնային պայմաններում բուժելը պարզապես անընդունելի եւ անթույլատրելի է:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ