Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ երկրում հայոց լեզվի տղամարդ ուսուցիչների թիվը 40-50 է». Սերոբ Խաչատրյան

Հունիս 22,2023 15:38

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս այցելելով Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ընդհանուր առմամբ, միասնական քննությունների արդյունքները մտահոգիչ են, եւ այս առումով լուրջ աշխատանք կատարելու կարիք կա:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: «Չգիտեմ, նախարարն ինչ նկատի ունի՝ մտահոգիչ ասելով, երեւի այն, որ արդյունքները ցածր են, բայց, ճիշտն ասած, ինձ գնահատականներն այդքան չեն մտահոգում, որովհետեւ այնպես չէ, որ դրանք արտացոլում են իրականությունը: Ակնհայտ է, որ այդ երեխաների ճնշող մեծամասնությունը պարապել է կրկնուսույցների մոտ, հետեւաբար այդ ամենը ամբողջությամբ չի արտացոլում մեր կրթական համակարգի վիճակը, դրանք կրկնուսույցների աշխատանքի արդյունքն են»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետի խոսքով, իրեն ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ մեր երկրում ու ոչ միայն մեր երկրում՝ ընդհանուր առմամբ մասնագիտությունները անհամաչափ են բաշխվում. «Կա մի 5 մասնագիտություն՝ իրավագիտություն, բժշկություն, հոգեբանություն, ծրագրավորում, տնտեսագիտություն, որոնք շատ մեծ պահանջարկ են վայելում, բայց մնացած մասնագիտությունները մնացել են ստվերում: Ցավոք, մեր հասարակությունն այդպես չի կարող զարգանալ:

Ընդ որում, այդ մասնագիտությունները հիմնականում այնպիսի մասնագիտություններ են, որոնք խոսում են հասարակության հետընթացի մասին: Օրինակ, նույն իրավագիտության, բժշկության զարգացումը՝ մեր հասարակությունում հիվանդությունների, հանցագործությունների թիվն է ավելանում, նույն հոգեբանության զարգացումը վկայում է այն մասին, որ մարդկանց մոտ անհատական խնդիրները սրվում են: Կուզենայի, որ ավելի զարգանային գիտությունները, ստեղծագործական մասնագիտությունները, ուսուցիչները, գյուղատնտեսները շատ լինեին, մինչդեռ կարեւոր մասնագիտությունները մղվում են հետին պլան, ինչը շատ-շատ մտահոգում է»:

Սերոբ Խաչատրյանն ընդգծում է. «Նորից կրկնեմ, որ քննություններն ամենեւին չեն արտացոլում մեր կրթական համակարգի վիճակը, եւ դրանով շատ դժվար է ասել՝ լավ է վիճակը, թե վատ»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ դպրոցներում տղամարդ ուսուցիչների թվի նվազմանը: Հետաքրքրվեցինք՝ դա ինչ հետեւանք կարող է թողնել սովորողների վրա: «Դա շատ վատ բան է, որովհետեւ երեխաներին հավասարապես պետք են եւ տղամարդ, եւ կին ուսուցիչներ; Հետևանքն արդեն կա եւ կարող է շատ վատ լինել՝ սովորելու նկատմամբ հետաքրքրությունն է նվազում, հասնում ենք այն վիճակին, որ այսօրվա դպրոց գնացող աշակերտը գրեթե տղամարդ ուսուցիչ չի տեսնում, իսկ դա նշանակում է, որ տղաներից քչերը կուզենան ուսուցիչ դառնալ: Այսինքն, եթե մի 20 տարի առաջ դպրոցում սովորող տղաները քիչ թե շատ տեսնում էին տղամարդ ուսուցիչ, այսօր նրանք սակավաթիվ են, իսկ մի 10 տարի հետո ավելի քիչ տղամարդ ուսուցիչ կունենանք: Եթե ռազմագիտություն, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաները հանենք, շատ ծիծաղելի թվեր կմնան: Այսօր ունենք առարկաներ, որ ամբողջ հանրապետությունում այդ առարկայից կա 40-50 տղամարդ ուսուցիչ: Ամբողջ երկրում 1400 դպրոցում հայոց լեզու առարկայի տղամարդ ուսուցիչները 40-50-ն են: Գնալով այս թիվն ավելի է վատթարանում»,-նշեց Սերոբ Խաչատրյանը

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930