Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատև խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե որքան է ավելացել Վերին Լարսի անցակետի թողունակությունը և արդյոք կարող ենք ասել, որ հերթերի հարցը դրանով լուծվում է:
«2021-ի վերջից, 2022-ի ընթացքում ու այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը, ինչը շատ մեծ ու շատ կարևոր փոփոխություն է: Դրանցից 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: Մենք 2020-2021 թվականներին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, 409 մեքենայի համար ազատ անցուղի կար: Ռուսական կողմում կա մեկ անցուղի ոչ գաբարիտային մեքենաների համար, ինչը ևս կարևոր է, և ևս երկու անցուղի կա ավտոբուսների համար: Սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի: 11-ից 39 անցուղի դառնալը հնարավոր չէ, որ դրական էֆեկտներ չառաջացնի: Ընդ որում` կարևոր է, որ վրացական կողմում ևս մինչեւ 2024-ի վերջը 9-ից դառնալու է 15 անցուղի: Շատ մեծ գործ է արել ռուսական կողմը»,-պատասխանեց Մհեր Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցը մշտապես եղել է Ռուսաստանի նախագահի և ՌԴ վարչապետի հետ քննարկումների իր օրակարգում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար: Նաև դա Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է եղել, և վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ուզում շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում: Այնտեղ նաև թունելի շինարարություն է: Իհարկե, սա գլոբալ լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաև»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լուսինե Մարգարյան