«Միասին» այլընտրանքային հասարակակաքաղաքական շարժման անցկացրած հարցման արդյունքների ամփոփումը ցույց էր տվել, որ հանրությունը ապագա իշխանության կազմում ցանկանում է տեսնել նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Aravot.am-ը զրուցել է նրա հետ:
– Դուք մասնակցում էիք «Միասին» այլընտրանքային շարժման հրավիրած քննարկում-հավաքին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ցանկացած քննարկում, որն ուղղված է գործող իշխանության հեռացմանը, բնականաբար, արդեն իսկ հնարավորություն է: Որեւէ պայմանում չենք կարող դրանից խուսափել, որովհետեւ առանց խոսելու, առանց քննարկման փոխըմբռնելի, փոխընդունելի հարթակ ստեղծելու՝ անհնար է լինելու խոսել հանրության հետ: Հնարավոր չէ ընդհանուր նպատակների շուրջ մոտիվացնել եւ ընդհանուր շարժում ծավալել՝ անկախ նրանից, թե այդ պահին ում նախաձեռնությամբ է դա տեղի ունենում, ովքեր են դրան միանում: Երկրում առկա բոլոր խնդիրների շուրջ միավորում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, եւ նրա շուրջ հավաքված այդ քաղաքական խմբակը: Դրանց հեռացնելը եւ երկիրը վերահաս վտանգից, այսպես ասեմ, փրկելու տեսանկյունից, պետք է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները:
– Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում փաստացի պետական դավաճանության մեջ մեղադրեց Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ ու Արցախի նախորդ բոլոր նախագահներին: Ինչո՞վ եք պայմանավորում մեղադրանքի հասցեատերերի մի մասի հարաբերական լռությունը:
Կարդացեք նաև
-Անկեղծ ասած, դժվար է ասել, թե այս պահին ովքեր են լռում, ովքեր են գործում: Համենայն դեպս, տեսել եմ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներն արդեն արձագանքել են այդ հայտարարությանը: Մեծ առումով, Նիկոլ Փաշինյանը ինքնապաշտպանական բնույթի գործունեությամբ է զբաղված: Նրա նպատակը ոչ թե հայկական շահերի ներկայացումն է, այլ իրականության մեջ իր կատարած հանցանքների պարտակումը: Եվ քննիչ հանձնաժողովում տեղի ունեցածը հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտել:
-Կարծում եք, նախագահների գրասենյակների արձագանքը բավարա՞ր է, թե՞ պետք էր ավելի հստակ ու կոշտ պատասխանել:
-Ձեր հարցը վերաբերում էր արձագանքներին ու դրանից ելնելով ասացի, որ համենայն դեպս, երկրորդ եւ երրորդ նախագահների արձագանքը հնչել, տարածվել է: Այնպես չէ, որ այդ ցնորամտությունները հասարակությունը կամ քաղաքական դաշտը լռությամբ է դիմավորել:
Մյուս կողմից, որեւէ նոր բան չի հնչել: Մեծ առումով Նիկոլ Փաշինյանի նմանների նպատակները պարզ են: Նորմալ երկրների պայմաններում դրանով կզբաղվեր իրավական համակարգը, որն այսօր մեր երկրում գրպանային բնույթ ունի եւ ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ