Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի պահ թույլ տվեք ձեզ կտրել ֆուտբոլից, փողոցների փոսերը լցնելու, մեր անկասելի առաջընթացը խոչընդոտող զինանշանն ու հիմնը հիմնովին փոխելու և այլ խիստ հրատապ, համաշխարհային ու համազգային մասշտաբի իրադարձություններից, և ուղղակի հիշեցնել, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ. արգելվել է ընդհուպ Կարմիր խաչի հումանիտար ծառայությունը։
Անգամ ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադն ունեցել է «կյանքի ճանապարհ», մինչդեռ՝ «միջազգային հանրույթ» կոչվածը Ադրբեջանին խրախուսում է ոչ միայն էլ ավելի խստացնել պաշարումը, այլև անցնել «հակաահաբեկչական գործողությունների», ասել կուզի՝ իր սեփական հողում անկախ ապրելու իրավունքը արդեն դիտարկվում է որպես ահաբեկչություն։ Ֆրանց Վերֆելն ու Վալենտին Պիկուլը անգամ ի զորու չէին լինի նկարագրել այս ողբերգությունը։
Հիմա ով ինչպես է պատկերացնում «զանգը կախելու» գործը՝ հայկական կողմը պնդում է, որ դա ՌԴ-ի սուրբ պարտականությունն է, ադրբեջանական կողմը ստում է, որ իրենք չեն շրջափակել, արևմուտքը և Ամերիկան մեկական պարիտետային կոչ են ավելացնում իրենց արխիվում, Ռուսաստանը արդեն բաց տեքստով ընդգծում է, որ Հայաստանն իրավունք չունի ինքնամեկուսանալ և սրել իրավիճակը, իսկ Ադրբեջանն էլ իրավունք չունի պաշարված պահել Արցախը և այո՝ վերջ։
Հ.Գ. Մի այսպիսի հարց ինձ ուղղվեց վերջերս. «Ինչո՞ւ են բոլորը լռում, հանգիստ հետևում այս ամենին, կարո՞ղ է մի բան գիտեն, որ մենք չգիտենք» …
Կարդացեք նաև