Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ մեր ձեռքով խորտակում ենք մեր իսկ քրտինքով ձեռք բերված երկիրը, պետությունն ու պետականությունը

Հունիս 22,2023 13:00

Ուզում եմ հակիրճ ներկայացնել 1988թ. փետրվարի 20-ից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի անցած ճանապարհի հետագիծը, որպեսզի եւս մեկ անգամ թարմացնենք մեր ժողովրդի հիշողությունը եւ նրա համար պարզ լինի, թե ինչից՝ ուր հասանք…

Եվ այսպես. 1988թ. փետրվարի 20: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Զուտ ինքնաբուխ կերպով հարյուր հազարավոր հայեր հավաքվեցին օպերայի (այն հետագայում անվանվեց Անկախության եւ Ազատության հրապարակ) հրապարակում, օրակարգային մեկ հարցով. միացում: Շատ արագ բարձրաձայնվեց, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի (հետագայում՝ Արցախ) ՝Հայաստանին միացման մասին էր: Տեղի ունեցողը չափազանց ծավալուն նկարագրություն է պահանջում, ավելին՝ դժվար է այն բառերով ներկայացնելը, այդ ամենը պետք էր միայն տեսնել: Անհնար է պատկերացնել, որ այդ ամենը ոչ թե տարիների նախապատրաստական, նպատակասլաց աշխատանքի արդյունք էր, այլ լրիվ ինքնաբուխ շարժում: Վստահաբար հայտարարում եմ, որ նման շարժում կարող է ձեւավորվել մի քանի դարը մեկ անգամ, որը բախտի քմահաճույքով այցելեց մեր ժողովրդին: Միայն պետք է պատկերացնել, թե խորհրդային մամլիչի առկայության պայմաններում, երբ անհնար էր պատկերացնել, որ ԽՍՀՄ որեւէ քաղաքացի համարձակվեր թթու խոսք ասել որեւէ՝ ամենացածր չինովնիկի հասցեին, իսկ այդ օրերին, իրականում ողջ հայ ժողովուրդը դարձել էր այն աստիճան համարձակ, որ ոչ միայն հայհոյում էր ցածր չինովնիկների, այլ ամենավերջին խոսքերով հրապարակավ հայհոյում էին ՊԱԿ-ի (Խթը) նախագահից՝ մինչեւ պետության առաջին դեմք եւ վախի նշույլ անգամ չէին ապրում: Ժողովուրդը ոչ թե սովորական բառերով էր այդ պաշտոնյաներին պահանջում չեղարկել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը եւ այն անմիջապես միավորել մայր Հայաստանին: Այն, ինչ տարիներ շարունակ՝ ամենօրյա պարբերականությամբ, գիշեր-ցերեկ տեղի էր ունենում Ազատության հրապարակում, շատ ավելի նման էր երազի, քան իրականության: Ցավոք, բառերով անհնար է այնպես ներկայացնել այդ շարժման ոգին, որպեսզի այդ ժամանակվա մանուկ, իսկ այժմ արդեն չափահաս սերունդը պատկերացնի այդ շարժման ոգին (նման բանը պետք է միայն տեսնել): Մի խոսքով, 1988թ.-ին խորհրդային բռնապետական երկրում ապրած հայ ժողովուրդը կարողացավ միավորվել այդ հզոր կայսրության դեմ, պահանջել Լեռնային Ղարաբաղի դուրս բերումն Ադրբեջանի Հանրապետության կազմից եւ այն միավորել Հայաստանի Հանրապետությանը: Հայ ժողովրդի միասնական եւ հետեւողական պայքարի արդյունքում Լեռնային Ղարաբաղն, ի վերջո, ստացավ ավելի բարձր կարգավիճակ՝ 1991թ.-ին հռչակվեց որպես Արցախի անկախ պետություն ու այդ կարգավիճակով գոյատեւում է մինչ այսօր: Այլ խնդիր է, որ 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի ժամանակ, Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների թույլ տված սխալների պատճառով լուրջ պարտություն կրեցինք ու Արցախի անկախ պետությունը հայտնվեց շատ վատ իրավիճակում, սակայն միեւույն է, Արցախն առ այսօր պահպանում է իր պետական կարգավիճակը: Եթե լինում են հաջողություններ, ապա լինում են նաեւ անհաջողություններ եւ Արցախի այսօրվա իրավիճակն այդ անհաջողություններից մեկի արդյունք է եւ չպետք է վհատվել, պետք է ազգովին համախմբվել ու ամեն գնով՝ ոչ միայն փորձել վերականգնել նախկին իրավիճակը, այլեւ հասնել մի բան էլ ավելիին (իհարկե, ստեղծված իրավիճակում սա շատ ավելի երազանքի է նման, սակայն բացառված չէ)…

Սակայն մայիսի 22-ի վարչապետի հայտարարությունից հետո, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջակությունը՝ Արցախն էլ նրա կազմում, հոգեբանական իրավիճակը Արցախում եւ Հայաստանում լրիվ փոխվեց, քանզի հայ ժողովուրդն ամեն դեպքում հույսեր էր փայփայում, որ կրիտիկական պահին գուցեեւ փոխեր իր այդ կարծիքը ու չբարձրայներ դրա մասին, որը վերջնականապես թեւաթափ արեց հայ ժողովրդին եւ թողեց միակ ճանապարհը. փորձել համախմբվել ու միասնական ուժերով փրկել հայրենիքը: Դրանից հետո, ռուսական երկու շատ հայտնի՝ «60 րոպե» եւ «Ինֆորմացիոննիյ կանալ» հեռուստահաղորդումների ընթացքում չափազանց բարձր «ռանգի» մասնակիցների կողմից հստակ ներկայացվեց, որ իրենք եւս չափազանց զարմացած են Նիկոլ Փաշինյանի կատարած քայլից, երբ նա բարձրաձայնեց, որՀայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջակությունը՝ Արցախն էլ նրա կազմում, որը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի հանձնում է Արցախը, իսկ օրեր առաջ նա մեղադրում էր ՀԱՊԿ-ին՝ Արցախը պահելու հարցում՝ հայերին չաջակցելու համար: Այդ մասնակիցները զարմացած ձեւով ասվածը համարեցին լրիվ աբսուրդ եւ անգամ բարձրաձայնեցին, որ նման կարգի աբսուրդի երբեք ականատես չեն եղել:

Փաստորեն, մի բան է, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի՝ 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջակությունը՝ Արցախն էլ նրա կազմում, մեկ այլ բան է, երբ այդ սենսացիոն հայտարարությունից հետո անգամ, Հայաստանում՝ դրանից երկու օր անց էլ, ոչինչ տեղի չունեցավ՝ ժողովուրդը շարունակեց մնալ նույն կերպ՝ քնած: Կարծես Նիկոլ Փաշինյանն ընդամենը հայտարարել էր, որ ճանապարհատրանսպորտային որոշ խախտումների դեպքում, տուգանքներն այսուհետ 25 000 դրամից դառնալու են 26 000 դրամ …

Չնայած նրան, որ այդ հայտարարությունը լիովին հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ Անկախության Հռչակագրին, միեւնույն է՝ դրանից եւս ոչինչ չի փոխվում, քանզի դա նվաստացնում է միմիայն հայ ժողովրդին, այլ ոչ թե Ալիեւին …

Փաստորեն, հայ ժողովուրդը չհարգեց ոչ իր քրտինքը, ոչ իր զոհերին եւ անդրդվելիորեն մնաց անհաղորդ: Իսկ դա ոչ թե քուն է, այլ մահ …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930