Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին կարելի՞ էր, Երեւանին արգելվա՞ծ է

Հունիս 22,2023 12:00

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը:  Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ եւ հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ, հաղորդեց ՀՀ ՊՆ-ն:

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: ՀՀ ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայ-ֆրանսիական շփումները, առհասարակ` Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացման հեռանկարները հիստերիայի նոր առիթ են դարձել Ադրբեջանում:

Վերջին թարմ առիթը հունիսի 16-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն էր, որով Ֆրանսիան մտահոգություն հայտնեց Հայաստանի տարածքում Երասխի խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցների կապակցությամբ: Այս հայտարարության հատկապես վերջին հատվածն, ըստ ամենայնի, Բաքվում որպես ուղերձ ճիշտ են ընկալել: Իսկ դրանում ասվեց. «Ֆրանսիան ամբողջությամբ մոբիլիզացված է՝ վերականգնելու խաղաղությունը՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»:

Սա էր պատճառը, որ պաշտոնական Բաքուն այդչափ ջղաձիգ ընդունեց Փարիզի հայտարարությունը եւ Ֆրանսիային մեղադրում է կողմնակալ մոտեցում դրսեւորելու մեջ, կոչ է անում Ֆրանսիային՝ «պարարտ հող չստեղծել գործընթացը խոչընդոտելու փորձերի համար»:

Արդեն մի քանի շաբաթ է՝ ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան իսկական վայնասուն է բարձրացրել Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու թեմայով: Շուրջ երկու տասնամյակ անթաքույց զինվող երկիրը, որի ղեկավարն այսօր էլ հրապարակավ հայտարարում է, որ իր երկիրը զինվում է եւ պետք է շարունակի զինվել` չի հաշտվում այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է զինվել:

Ադրբեջանին զինել են Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, Ռուսաստանը, իսկ Ալիեւը, որը համարում է, թե` «ԼՂ խնդիրը լուծել է», այսօր էլ շարունակում է պնդել, որ իր երկիրը պետք է շարունակի ռազմական ոլորտում հզորանալ, սակայն այսօր պահանջում է Հայաստանից չզինվել:

Ըստ ամենայնի, Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարման հարցում ունենալով առնվազն համոզվածություն, որ Մոսկվայից Երեւանը ռազմական աջակցություն չի ստանալու` հիմա Ալիեւը ֆիքսվել է Փարիզի ուղղությամբ: Իբր «խաղաղության» օրակարգի ջատագով` Բաքուն Փարիզին մեղադրում է նրանում, թե Ֆրանսիան սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը, «խոչընդոտում» է Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացին։

Սակայն ի՞նչն է հատկանշական: Իսրայելական մամուլի հրապարակումներին հղում անելով՝ ադրբեջանական լրատվականները Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու թեմայի «լուսաբանման» հարցում միայնակ չեն: Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության ենթադրյալ մատակարարումների վերաբերյալ հրապարակումներով է հանդես գալիս ռուսական պետական քարոզչամեքենան:

Ռուս-ադրբեջանական քարոզչական ենթատեքստերով այդ դժգոհությունները հիմք ընդունելով կարելի է հռետորական հարց հնչեցնել. այսինքն, 2008-ից Մոսկվայի կողմից Բաքվին զինելու որոշման կայացման արդյունքում, տարիներ շարունակ ռուս-ադրբեջանական բազմամիլիարդանոց գործարքներն օրինաչա՞փ էին (որոնք ռուս պաշտոնյաները «Մոսկվայի բիզնեսն» էին համարում), իսկ ինքնիշխան Հայաստանի կողմից սպառազինություն ձեռքբերելու հեռանկարներն անգամ արդեն անթույլատրելի՞ են:

Մինչդեռ ռուսական կողմին պետք է մտահոգեին եւ անհանգստացնեին բոլորովին այլ խնդիրներ: Հունիսի 15-ից արգելափակված է ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ելումուտն անցակետով. ոչ մի կիլոգրամ մարդասիրական բեռ Արցախ չի մտնում, Կարմիր խաչը չի կարողանում ծանր հիվանդների տեղափոխել:

Ավելի քան կես տարի է՝ Արցախը ադրբեջանական պաշարման մեջ է, վերջին ամիսներին, սակայն, ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով հնարավորություն էր ստեղծվել մեղմել իրավիճակը՝ դեղորայք, վառելիք, սնունդ էր հասնում Ստեփանակերտ: Սակայն մի քանի օր է՝ մարդասիրական առաքելությամբ Հակարիի կամուրջ հասած բոլոր մեքենաները հետ են վերադարձել։

Հունիսի 15-ից Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է ամբողջական մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որեւէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից: Ադրբեջանական զրահամեքենաները փակել են Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ապօրինի անցակետի միջոցով:

Ո՞վ է նպաստել, աջակցել այս պաշարմանը: Այսպե՞ս են Բաքուն ու Մոսկվան պատկերացնում` «ազատ տեղաշարժը»: Այսպե՞ս է «ազատ տեղաշարժը» ապահովվելու, ու այսկերպ Բաքուն շարունակելու է աշխարհին համոզել, թե շրջափակում չկա՞…

Արցախն արդեն անվտանգային ու հումանիտար աղետի մեջ է: Կարելի է ողջ քաղաքակիրթ աշխարհից ակնկալել ու պահանջել` «իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն», սակայն գործնականում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կետերով ստանձնած պարտավորությունների ու պատասխանատուների հարցում ամեն ինչ հստակ արձանագրված է, այսպես ասած` պարտավորությունների ու պատասխանատվության շրջանակը պարզ է:

Արդյունքում, որքան պատասխանատվության այդ գոտուց «հեռացվեցին» հիմնական դերակատարների պարտավորություններն` այնքան Բաքուն գործեց ավելի ազատ ու անկաշկանդ, ու այդպես էլ կշարունակի գործել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930