Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ օր առաջ տղաները Շուշիում էին, հաջորդ օրն անհետացան… ի՞նչ է եղել՝ չգիտենք»

Հունիս 22,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է տնտեսագետ, հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը

– Պարոն Զարգարյան, երկար տարիներ Դուք ՌԴ-ում բիզնեսով եք զբաղվում, բայց նաեւ հաճախ եք լինում Հայաստանում։ Դիտարկե՞լ եք, արդյոք, Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ Ուկրաինայի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, որովհետեւ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունները սերտ փոխկապակցված են, առեւտրաշրջանառությունը սկսել է մեծանալ, բացի այդ, այս շրջանում ռելոկանտների հոսքը դեպի Հայաստան բավական մեծացավ, եւ Հայաստանի տնտեսությունը զարգացման միտումներ ունի, ինչն իշխանությունները դրոշակ են դարձրել։ Ռելոկանտներն ի վերջո հեռանալու են, պատրա՞ստ է, արդյոք, մեր տնտեսությունն արձագանքել այս շարժերին։

– ԵԱՏՄ-Հայաստան տնտեսական հարաբերությունները միշտ էլ լավ են եղել։ Ի տարբերություն քաղաքական մասի՝ ԵԱՏՄ-Հայաստան, ԱՊՀ երկրներ-Հայաստան, ՀԱՊԿ երկրներ-Հայաստան, տնտեսական հարաբերությունները նույնն են մնացել։ Ռուսաստանը եւ կառույցի անդամ մյուս երկրները Հայաստանի ամենամեծ շուկաներն են։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, մի քանի տարի հետ գնանք։ 2012-2013 թվականներին հարց էր ծագել, թե ի՞նչ ուղղություններով պետք է տնտեսությունը զարգանա։ Այդ ժամանակ պետության, գործարարների եւ փորձագետների կողմից մշակվեց մի ծրագիր, որով սահմանվեցին տնտեսական զարգացման ուղղությունները, եւ կյանքը ցույց տվեց, որ հենց այդ ճանապարհով էլ գնաց հետագա զարգացումը: Օրինակ, գինեգործությունը, տեքստիլը, որոնք այսօր զարգանում են եւ բավական հաջողված։ Իր ընտրվելուց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ժամանել էր Մոսկվա եւ հանդիպում էր տեղի հայերի հետ, ես նրան երկու հարց տվեցի. առաջինը՝ տնտեսության զարգացման իր պատկերացումների, երկրորդը՝ Արցախի մասին։ Առաջին հարցին պատասխանելիս նա բառացիորեն նշեց նույն ոլորտները, որոնք մենք էինք ժամանակին սահմանել եւ դա, կարծես, վերագրեց իրենց, ինչն այդպես չէր։ Դրանից ես հասկացա, որ նրանք չեն պատկերացնում եւ չկա էլ այն թիմը, որը կարող է դա իրագործել։ Տնտեսության զարգացում եղել է, բայց խթանը եղել են հարկերը, գինեգործության, տեքստիլ ուղղությունների զարգացումը, ինչպես որ այն ժամանակ էր։

Գիտեք, նաեւ մեկ-մեկ նվերներ են գալիս երկնքից. ես չեմ ասում դա վատ է, բայց դա իրողություն է: Այս իշխանության համար այդպիսի նվեր էին ռելոկանտները։ Նրանք գնացին Միջին Ասիա, Թուրքիա, Վրաստան, Հայաստան, եւ մեր բախտն այնքանով բերեց, որ մեզ մոտ եկան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողները, որոնք կարողանում են լավ գումարներ աշխատել, հավելյալ արժեքներ ստեղծել, նրանց համար կարեւոր չէ, թե որտե՞ղ են ապրում, իսկ Հայաստանում իրենց լավ են զգում, որովհետեւ իրենց ընդունում են առանց կոնֆլիկտների, օրենքներն էլ վատը չեն։ Երբ Ռուսաստանում իրավիճակ փոխվի եւ նրանք այլեւս վտանգ չզգան, բնականաբար, հիմնական մասը հետ է գնալու, մյուս մասն էլ հավանաբար Արեւմուտք է գնալու։ Այսինքն, սա ժամանակավոր է, եթե նրանց համար չստեղծենք ավելի լավ պայմաններ, քան մյուս երկրները։ Որպեսզի հետո դառը համ չմնա, պետք է հիմա մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ այդքան մեծ տնտեսական աճ կա, պետք է հիմա եկած գումարները ներդնել այնպիսի ոլորտների վրա, որոնք թույլ կտան երկրին հետո էլ կանգնել ոտքերի վրա։

– Իսկ Դուք տեսնո՞ւմ եք, դա արվո՞ւմ է:

– Անկեղծ ասած՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը միայն ասում է, որ տարածաշրջանում մենք համար մեկն ենք՝ առանց բացատրելու, թե ինչո՞ւ է դա այդպես։ Դրական տեղաշարժերից այն է, որ գումարներ են սկսել ծախսվել բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության վրա։ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ ասում էինք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարեւոր է, կամ չէին հասկանում, կամ չէին ուզում հասկանալ, ու այնպես ստացվեց, որ այդ ոլորտն ինքն իրեն ֆինանսավորում գտավ ու շատ լավ զարգացավ։ Արդյունքում, հիմա արդեն մոտ է այն պահը, երբ Հայաստանը կարող է անօդաչու սարքեր կամ հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրել։ Եթե այն ժամանակ սկսեին բարձր տեխնոլոգիաներ ֆինանսավորել, մենք 44-օրյա պատերազմը չէինք պարտվի։ Լավ է, որ ուշացումով, բայց գոնե հիմա ֆինանսավորում են։

– Դուք կարծում եք, որ 44-օրյա պատերազմը պարտվել ենք, որովհետեւ չունեի՞նք զենք, կամ ունեինք ոչ ժամանակակի՞ց զենք: Կարծիք կա, որ այդ պատերազմը պարզապես չի կառավարվել։

– Ես ունեմ իմ կարծիքը։ Դեռեւս 90-ականներից հետո, երբ մեր բանակն իրոք տարածաշրջանում ամենամարտունակն էր, պետք էր այն զինել, չգողանալ։ Սակայն դա չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ ոչ մի նախագահ, ներառյալ՝ ներկայիս վարչապետը։ Մենք պարտվեցինք երեք պատճառով. նախ՝ միֆերը, որոնք մենք էինք ստեղծել, իսկ հակառակորդը կոտրեց, երկրորդը՝ զինված չլինելը, երրորդը՝ անկառավարելի գործողությունները, որոնք մինչեւ այսօր դեռ չեն բացահայտվել. կամ թաքցվում են, կամ երկարացվում են, բայց պետք է բացահայտել ու դասեր քաղել: Օրինակ, ինչո՞ւ են մարդիկ թողել տեխնիկան ու փախել: Պարզ է, պատերազմ է, չես կարող մեղադրել, եթե այնտեղ չես եղել, բայց պետք է հասկանալ պատճառը։

Մեր հերոս գեներալներից Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով ժամանակին եղել է ՌԴ ցամաքային զորքերի շտաբի ղեկավարը, Արցախյան առաջին պատերազմում մեր ստրատեգներից է եղել, բանակի կազմավորման հիմքում է կանգնած եղել ժամանակին, այդ պատերազմից երկու տարի առաջ, անցել էր բոլոր բարդ կետերով, ծրագիր էր առաջարկել, թե որտե՞ղ եւ ի՞նչ պաշտպանական գործողություններ է պետք անել. այդ ծրագիրը ոչ ոք չընդունեց՝ ոչ Հայաստանի, ոչ Արցախի կառավարությունները: Ես իր հետ շատ եմ քննարկել 44-օրյա պատերազմը, նա անընդհատ մի հարցի մասին է խոսում՝ երբ հայկական զորքերը նահանջում էին, փոխարեն տեխնիկան պայթեցնեին, այդպես թողնում էին: Թողնում էին՝ հրամանո՞վ, որովհետեւ վերեւից ասել էին՝ թողեք ու գնացե՞ք, վախի՞ց…սա է հիմնական խնդիրը: Երկրորդ հարցը՝ Շուշիի պաշտպանական գործողությունն է. հիմա դժվար է ասել, մանավանդ ես չեմ մասնակցել այդ գործողություններին, բայց որքան հասկանում եմ, որքան որ ուղիղ կապ ունեինք տղաների հետ՝ տարբեր հարցերում օգնել ենք, նաեւ որոշակի տեղեկություններ ունեինք, մի փոքր անհասկանալի է՝ մեկ օր առաջ տղաները Շուշիում էին, հաջորդ օրն անհետացան…ի՞նչ է եղել՝ չգիտենք: 44-օրյա պատերազմի հաջորդ կետը, որը պետք է հասկանալ. եթե հոկտեմբերի 18-ին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, ինչի մասին ավելի ուշ ասաց ՌԴ նախագահը, ինչո՞ւ չենք արել: Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ կասեն ինքը դավաճան է կամ վախկոտ, բայց ինքն արդեն իրական պատկերը գիտեր, ինչի՞ց էր վախենում: Եթե պատերազմից առաջ մենք արդեն գիտեինք, որ պարտվելու հավանականությունը շատ մեծ է, բայց գնացինք ու կռվեցինք, ես կարող եմ հասկանալ, քանի որ այդ ժամանակ ոչ ոք չէր հասկանա, բայց որոշ ժամանակ անց, երբ պատկերը հստակ էր՝ հակառակն է անհասկանալի:

Ի դեպ, Արցախի մասին հարց ես Նիկոլ Փաշինյանին երբ  տվեցի Մոսկվայում, նա հայտարարեց՝ Արցախը Հայաստան է: Եթե Արցախը Հայաստան էր, ի՞նչը փոխվեց, որ Արցախն այլեւս Հայաստան չէ եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:

Որովհետեւ պարտվե՞լ ենք եւ ինքը ստիպվա՞ծ է, ինչն ինձ համար անընդունելի է: Պետք էր պատերազմը կանգնեցնել եւ ժամանակ ձգել, ինչը չի արվել: Մեզ հիմա էլ է ժամանակ պետք, բայց… ուրեմն, սա որոշակի ծրագիր է, որը բերում է այն, ինչը որ բերում է:

Հասարակությունն էլ է տարօրինակ արձագանքում իրականությանը. ամեն ինչ կարծես ընդունում են պարզ ջրի պես: Վերջերս, սոցիալական ցանցերում ականատես եղա հայերի մեջ մի քննարկման, քննարկում էին Կախովսկի ՀԷԿ-ի պայթյունը, որը ողբերգություն է, մարդիկ են մահացել: Բայց գիտե՞ք, հետաքրքիրը որն է. քննարկման մասնակիցների 90 տոկոսը խոսում էր այն մասին, որ ինչ վատ է, որ ՀԷԿ-ը պայթեցվել է, այդքան զոհ կա եւ Ուկրաինա-ՌԴ հարաբերություններն ավելի կբարդանան, բայց եթե Ուկրաինան հաղթեց՝ մեզ մոտ ինչ-ինչ հարցեր կլուծվեն եւ ամեն ինչ կլավանա: Տարօրինակը գիտե՞ք որն է, երբ ժամանակին մենք հնարավորություն ունեինք Մինգեչաուրի ջրամբարը պայթեցնել եւ իրավիճակում բեկում մտցնել՝ չարեցինք, չքննարկեցինք այդ հարցը: Հիմա, Սարսանգի ջրամբարն ահավոր վիճակում է, Ադրբեջանը փոխում է գետի հունը, որ ջրամբարը ցամաքի. մենք սրա մասին չենք խոսում, բայց ուրիշ երկրների պատերազմն ենք քննարկում, լավն ու վատն ենք ասում: Բայց դա ուրիշի պատերազմն է, երկրորդ՝ այդ պատերազմից հօգուտ մեզ դիվիդենդների պետք չէ սպասել: Եթե մեր հասարակությունն այսպես է մտածում, ուրեմն մենք շատ խնդիրներ ունենք: Հուսով եմ, առաջիկա ընտրական գործընթացներում մարդիկ ավելի ադեկվատ կարձագանքեն:

Շարունակելի

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930