Արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի 120 հազար բնակչությունը հունիսի 15-ից զրկված է որևէ մատակարարման ու տեղաշարժի հնարավորությունից, քանի որ Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում հայտնել է ծայրահեղ իրավիճակի մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով արցախահայության անկոտրում լինելու մասին։
«Վերջին երեք տարվա ընթացքում նման իրավիճակներում հաճախ ենք հայտնվում, և ես ամեն անգամ հիանում ու զարմանում եմ Արցախի ժողովրդի հերոսական պահվածքով։ Իրականում սա պատերազմ է, որտեղ Արցախի ժողովուրդն իրեն հերոսաբար ու արժանապատիվ է պահում։ Նման իրավիճակներում առաջին 1-2 օրը մի փոքր խուճապային է լինում, բայց հիմա խուճապ ընդհանրապես չկա։ Ձեզ հետ զրույցից առաջ ես շրջում էի փողոցներով, զրուցում մարդկանց հետ։ Որևէ մեկին խեղճացած, ընկճված, տխուր չեք տեսնի։ Իհարկե, մտահոգ են, լարվածությունը կա, բայց խուճապ չկա։ Մեկը մյուսին հույս է տալիս՝ ասելով, որ 90-ականներին 3-4 տարի շարունակ շատ ավելի վատ իրավիճակում ենք եղել այն իմաստով, որ հիմա գոյի պայքարը տանելու հնարավորություններն ավելի շատ են»,-նշել է պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանն, ամեն դեպքում, իրավիճակը ծայրահեղ է բնութագրում։ «Հունիսի 15-ից սկսած հումանիտար բեռների ներկրում չկա, նաև Կարմիր խաչի առաքելությունն է դադարեցված։ Բացի այդ, արդեն հարյուրավոր հիվանդներ Արցախից մեկնելու հրատապ կարիք ունեն, քանի որ այստեղ հնարավոր չէ իրենց բավարար բուժօգնություն ցուցաբերել։ Առավել ևս, որ պլանային վիրահատությունները կրկին դադարեցված են, հիմա նաև դեղերի խնդիր ունենք, սպառվում են մանկական կերը, հիգիենայի պարագաները։ Էլ չենք խոսում միրգ-բանջարեղենի մասին. եղանակային պայմանների պատճառով զրոյացել են նաև գյուղատնտեսական առումով բարվոք վիճակ ունենալու հույսերը։ Կարկուտն ամեն ինչ վերացրել է։ Սննդի առումով ծայրահեղ իրավիճակում ենք, բայց ժողովրդի հերոսական ու արժանապատիվ պահվածքով մենք կարողանում ենք դիմակայել»,-ասաց նա՝ հայտնելով, որ այս շրջանում Ստեփանակերտում քայլելով են տեղաշարժվում։
«Շատ եզակի, մեկ-երկու մեքենա կարող ենք տեսնել, որոնք իրենց պահեստավորված բենզինն են օգտագործում։ Նույնիսկ կտրոնով այլևս որևէ մեկին բենզին չի տրամադրվում։ Այս տեսանկյունից շրջանների ու մայրաքաղաքի հետ կապի խնդիր կա, իսկ Շուշիի շրջանի 4 գյուղեր լիակատար շրջափակման մեջ են՝ ո՛չ Հայաստանի Հանրապետությունից, ո՛չ էլ Ստեփանակերտից մատակարարման հնարավորություն չկա»,-հայտնեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում