Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի լիակատար շրջափակում. ովքեր են խրախուսում

Հունիս 22,2023 10:00

Արցախը լիակատար շրջափակման մեջ է. արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ որեւէ հումանիտար բեռ, որեւէ մթերք, որեւէ դեղամիջոց մեր 120 հազար հայրենակիցներին, այդ թվում՝ երեխաներին, ծերերին, հիվանդներին չի հասնում: Իմ կարծիքով, Ադրբեջանի այս վերջին քայլը խրախուսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է, թե ճանաչում է հարեւան երկրի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ:

Արցախի հայերի այդ ծայրահեղ ծանր վիճակը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների տմարդի (ուրիշ բառ չեմ գտնում) դիրքորոշմամբ, համաձայն որի, պետությունը մեր այս հայրենակիցների վիճակի համար պատասխանատու է ճիշտ նույնքան, որքան Ջավախքի կամ Գլենդեյլի հայերի համար: Բոլոր տեսակի մնացած խոսակցություններն այն մասին, թե ժամանակին ով ինչ թղթի շուրջ էր բանակցում, պարզապես ուշադրությունը շեղելու նպատակ ունեն:

Բայց Արցախը վերջնականապես խեղդամահ անելուն ուղղված քաղաքականության հարցում Հայաստանի իշխանությունները միայնակ չեն: Բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից` այս հարցում նրանց դաշնակիցն է Ռուսաստանը: Այդ երկրի վրա է դրված 2020 թվականի եռակողմ հայտարարության կետի կատարումը, համաձայն որի, Լաչինի միջանցքով մարդիկ եւ բեռները պետք է անցնեն անարգել: Սակայն այդ երկրի խաղաղապահները ոչ մի ջանք չեն ձեռնարկում դրա համար եւ հակառակը՝ բացահայտորեն աջակցում են Ադրբեջանին` իր ցեղասպան քաղաքականության մեջ: Մոտ ժամանակներս սպասվում է Պուտինի այցը Անկարա, եւ Ռուսաստանի նման պահվածքը կարելի է համարել ՌԴ նախագահի «բարի կամքի ժեստ»՝ ուղղված Էրդողանին: Պարզ է, թե ում հաշվին: Բայց դա, ինչպես հայտնի է, ռուս-թուրքական հարաբերություններում առաջին դեպքը չէ:

Սակայն մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս, հիմնական պահանջը պետք է ուղղված լինի Հայաստանի իշխանություններին: «Նախկինների» եւ «խաղաղության» մասին իրենց փչացած ձայնապնակը միացնելու փոխարեն նրանք պետք է հստակ ասեն, թե ինչ են անում՝ 120 հազար հայերի կյանքը փրկելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Արցախը հայկական շրջան է եւ հայ մնացած բոլոր շրջանները պետք է հայտարարեն աշխարհով մեկ մե՛նք ենք Արցախը, մենք մի շունչ մի մարմին ենք, մենք հայերով աշխարհով մեկ մի ճակատագրի կրողն ենք, եթե արցախցին բլոկադայի մեջ է եւ միջազգային օրենքները չեն գործում, մենք բոլորս ինքնաբլոկադա պետք է հայտարարենք քաղաքակիրթ երկրներին եւ հրաժարվենք ամեն տեսակ տնտեսական ֆինանսական հարաբերություններից, մինչեւ Արցախի բլոկադան չվերանա, այսօր Արցախը, վաղը մյուս շրջանները կարող են հայտնվել բլոկադայի մեջ: Դե՛, հայկական շրջաննե՛ր, ցույց տվեք, որ դուք սուբյե՛կտ եք եւ ձեր միասնական ուժի հետ միջազգային կառույցները ստիպված թե մեծ ցանկությամբ հաշվի են նստելու: Հայ շրջաններ, դուք եք պետության եւ ազգի իրական հենասյունները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930