Մերօրյա իրականության ցավոտ պատկերը
«Առավոտ» օրաթերթում սույն գործով մեր նախորդ հրապարակմամբ հայտնել էինք, որ ըստ մեղադրական համառոտ եզրակացության՝ Էդգար Աշոտի Ղեւոնդյանը, թշնամական փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր՝ Գ. Մահարու փողոցի շենքերից մեկում բնակվող հարեւանի՝ Արշակ Հովսեփի Ղուլյանի հետ, 2022 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքից առաջին հարկ ճայթուկներ նետելու եւ պայթեցնելու կապակցությամբ հերթական անգամ վիճաբանել է Արշակ Ղուլյանի հետ, որից հետո վերհիշելով նախկին ոխը՝ Արշակ Ղուլյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանի խոհանոցի պահարանի հետնամասից վերցնելով դիզվառելիքով լցված «բջնի» ապրանքանիշի մեկ լիտր տարողության պլաստմասսե շիշը՝ գաղտնի կերպով մոտենալով նշված շենքի առաջին հարկից դեպի երկրորդ հարկ բարձրացող աստիճանահարթակի սկզբնամասում մեջքով դեպի 2-րդ հարկի միջանցքը նստած Արշակ Ղուլյանին՝ դիզվառելիքը լցնելով վերջինիս կենսական օրգանների վրա՝ հրկիզել է վերջինիս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Նա Արշակ Ղուլյանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող, «գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի, զույգ վերին վերջույթների… մարմնի ընդհանուր մակերեսի 45%-ի չափով՝ բոցով ջերմային այրվածքների ձեւով՝ ուղեկցված այրվածքային հիվանդությամբ ձեւի մարմնական վնասվածքներ», իսկ Արշակ Ղուլյանի մահը վրա չի հասել՝ հարեւանների կողմից նրան անմիջապես օգնություն ցուցաբերելու եւ շտապօգնության 46-րդ խմբի կողմից «Այրվածքաբանության ազգային» բժշկական կենտրոն տեղափոխվելու արդյունքում:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, Հանրային մեղադրող, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ս. Պողոսյանի, Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանի մասնակցությամբ, շարունակվում է թիվ ԵԴ/1036/01/22 քրեական գործով ամբաստանյալ Էդգար Ղեւոնդյանի դատաքննությունը: Ամբաստանյալ Էդգար Ղեւոնդյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
Դատական նիստի ընթացքում վկայի հարցաքննությունից հետո դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը եւ դա հիմք ընդունել: Պաշտպանը միջնորդեց մերժել պետական մեղադրողի միջնորդությունը, քանի որ դա արժանահավատ չի կարող լինել նման հիվանդություններով հանդերձ: Դատավորը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, փորձագետներին հարցումներ անել, ստանալ համապատասխան գնահատականներ, ըստ այդմ տալ համապատասխան գնահատական վկայի նախաքննական ցուցմունքին: Դատապաշտպանը միջնորդեց հարցում անել հոգեկան առողջության կենտրոն, պարզել՝ ինչ բուժում է ստանում, ինչ պարբերականությամբ: Միջնորդությունը բավարարվեց: Հիշեցնեմ, որ նախկին դատական նիստերից մեկի ընթացքում, ըստ գործով ամբաստանյալի հարազատների, տուժողը դատարանին հայտնել է, որ ինքն է մեղավոր, Էդգարը մեղավոր չէ:
Կարդացեք նաև
Նա դատարանին բառացի ասել է. «Մի հատ խոսք ասեմ, որովհետեւ չգիտեմ մյուս դատերին կարող եմ ներկա լինել, թե՝ ոչ: Ընդհանրապես, բնավորություն ունեմ իմ հոգեմեդ դեղերը լցնում եմ օղիիս մեջ ու խմում եմ: Այդ օրն էլ օղին եղել է իմը ու հարյուր տոկոսով որ իմն է, ուրեմն դեղը մեջն է եղել: Էդգարը էդ մասին չի իմացել: Քանի որ խմել ենք իմ օղին, հոգեմեդ դեղի առկայության պատճառով երկուսս էլ ոչինչ չենք հիշում: Օղիից հետո էլ գինի ու գարեջուր ենք խմել: Մենք վաղուցվա հարեւաններ ենք, եղել է թեթեւ վիճաբանություններ մեր մեջ՝ երաժշտության բարձր լինելու պատճառով, բայց դա մեզ երբեք առիթ չի տվել, որ մենք այդպես վարվենք միմյանց հետ եւ թշնամանանք: Ես ոչնչով չեմ մեղադրում ամբաստանյալին, քանի որ դեպքը պատահել է իմ պատճառով, իմ հոգեմեդ դեղը խմիչքի մեջ լցնելու հետեւանքով: Ես իր նկատմամբ ոչ մի բողոք չունեմ, ուստի խնդրում եմ իրեն բաց թողնել դատարանի դահլիճից: Քննիչն ինձանից ցուցմունք է վերցրել այն ժամանակ, երբ ես ընդամենը 30 րոպե առաջ էի դուրս եկել կոմայից եւ ցուցմունքները գրվել են միմիայն քննիչի թելադրանքով: Ես չեմ տեսել՝ ով է իմ վրա լցրել վառելանյութ եւ այրել: Բայց չեմ կարծում, որ դա արած լինի Էդոն»:
Ի դեպ, դիզվառելիքն ամբաստանյալի տանը հայտնվել է տան վերանորոգումից հետո գործիքները լվանալու եւ ներկոտված աթոռները մաքրելու համար, շշի վրա հնարավոր է՝ եղել են տան բոլոր անդամների մատնահետքերը, սակայն նախաքննությունը սա նույնպես չի պարզել:
Ամբաստանյալը հարազատներին պատմել է, որ դեպքից հետո հոգեբուժարանում բժշկական արյունաբանական ստուգման ենթարկվելիս, իր երակներում «արյունը գունդ-գունդ կանգնել է», բժիշկը նրան հարցրել է, թե նա օգտագործո՞ւմ է, արդյոք, թմրանյութեր: Պատասխանել է, որ երբեք նման բան չի անում, ուղղակի ոգելից խմիչք է օգտագործում: Նախաքննությունն այստեղ նույնպես թերացել է, արյան համապատասխան անալիզ չի արվել ժամանակին, որպեսզի պարզվեր՝ որտեղից է թմրանյութերի կոմպոնենտների առկայությունը: Քրեական գործում այս կարեւոր հարցը նույնպես մնացել է անպատասխան:
Ըստ երեւույթին նախաքննության մարմինը հերթական անգամ առանց բավարար ապացույցների քրեական վարույթ է հարուցել, կալանավորել անձին առանց բավարար եւ արժանահավատ ապացույցներ ունենալու, եւ հիմա, այս փուլում դժվարանում է իր արածի տակից դուրս գալ:
Սույն քրեական գործով տուժող Արշակ Ղուլյանը, ըստ մեղադրյալի հարազատների, մոտ երկու ամիս առաջ հերթական դատական նիստից հետո ինքնասպանության փորձ է կատարել, սակայն երբ այդ պահին ամբաստանյալի որդին պատահաբար հայտնվել է նրա մոտ, կանխել նրա այդ փորձը, իսկ տուժողն այդ ժամանակ ասել է հետեւյալը. «Ես վատ մարդ եմ, ես եմ մեղավոր, որ Էդգարը դատվում է, ես պիտի նստեի նրա տեղը, ես վատ մարդ եմ, ես պիտի մեռնեմ։ Ես Զեւսին եմ պաշտում, ես կրակապաշտ եմ»:
Ինքնասպանության փորձ-հակումները մի անգամ չեն, եւ այս վիճահարույց եւ խճճված քրեական պատմության մեջ որոշակի է մի բան. անորոշություններն ու կասկածների շարանը:
Քրեական գործերով անմեղության կանխավարկածը հռչակում է՝ «Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ կասկածյալի», սակայն մեր դեպքում սույն գործով մեղադրողն այդ չփարատված կասկածները մեկնաբանում է ի վնաս կասկածյալի: Ամբաստանյալի հարազատներին կոչ են անում վկաներին դատարան տանել, բայց ականատես վկաներ գործում գոյություն չունեն: Ստացվում է, որ, ի հակադրումն անմեղության կանխավարկածի, մեզանում կասկածելի դատապարտյալները իրենք են ապացուցելու իրենց անմեղությունը:
Թերի քննություն, կիսատ-պռատ արդարադատություն, տուժած եւ տուժող անմեղ մարդիկ, քանդվող ընտանիքներ, անվստահելի պետություն: Սա է մեր ցավալի իրականությունն այսօր:
Խ. ՄԱՐՈԶՅԱՆ
իրավապաշտպան
«Առավոտ» օրաթերթ
21.06.2023