Լրահոս
Օրվա լրահոսը

Նապոլեոն Օհանյանի դատավճիռը չի զսպի հակառակորդ երկրի զինծառայողներին․ դատարանում կրքերը լարված էին (ֆոտոշարք)

Հունիս 21,2023 23:25

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 21-ին կրքերը լարված էին։ Շարունակվում էր Ադրբեջանի զինծառայող, 20-ամյա Հուսեյին Ախունդովի դատավարությունը։ Հիշեցնենք, նա ապրիլի 7-ին հատել էր ՀՀ պետական սահմանը եւ Սիսիանից հասնելով Կապան՝ սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթեյանին։ Ադրբեջանցին ընդունել է մեղքը եւ անցած դատական նիստում հայտարարեց, որ զղջում է կատարվածի համար։

Դատաքննությունն ընթացավ դռնփակ ռեժիմով, քանի որ քրեական գործով առկա էին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը միջնորդեց դատարանին՝ Ախունդովին դատապարտել 20 տարվա տարվա ազատազրկման։

Հանրային մեղադրողի միջնորդությունից հետո, տուժածի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը «Ֆեյսբուք» սոցցանցում կոչ արեց քաղաքացիներին հավաքվել դատարանի շենքի առաջ։ «Պետության ներկայացուցիչը՝ սույն գործով դատախազը միջնորդել է, որ այդ մարդասպանին 20. տարով ազատազրկեն։ Ես չգիտեմ սա հերթական քաղաքական պատվերն է, թե ոչ։ Այս պահին ունեմ յուրաքանչյուրիդ աջակցության կարիքը։ Խնդրում եմ, ի աջակցություն իմ ընտանիքի հավաքվել Կապանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց»,- գրել է Անին։

Ժամը 16.00-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Հուսեյին Ախունդովի դատավճիռը՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման։

Դատավճռի հրապարակումից հետո Հայրապետ Մելիքսեթյանի հարազատները զայրացան՝ դժգոհելով պատժի չափից։ «Չեն հասկանում, որ ընտանիքի ողնաշարն է կոտրված»,-ասում էին նրանք, բայց դատավորն արդեն նիստերի դահլիճում չէր։

Նապոլեոն Օհանյանը դատավճիռը հրապարակելուց հետո անմիջապես հեռացավ։

Տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Կարեն Ալավերդյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքը սպասում էր արդար դատաքննություն ու ցմահ ազատազրկում։ «Ախունդովին մեղսագրվում է 7 հոդված, որից մեկը սպանություն՝ երեք ծանրացնող հանգամանքներով։

Պատժի նպատակներից մեկը նաեւ կանխարգելիչ նշանակությունն է, պիտի նշանակվի այնպիսի պատիժ, որ ուրիշները ձեռնպահ մնան նման հանցավոր արարքներ կատարելուց։ 20 տարվա ազատազրկումը կարծում եմ, չի զսպի թշնամի պետության զինծառայողներին, որպեսզի կրկին չհատեն Հայաստանի սահմանը եւ կատարել նման վայրենաբարո հանցագործություն»,-ասաց Կարեն Ալավերդյանը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ քրեական դատարան։

Հուսեյին Ախունդովին մեղավոր ճանաչվեց այն բանի համար, որ նա, ծառայելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ, խախտել է Հայաստանի պետական սահմանը՝ հասնելով Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը հայտնաբերվել ու ձերբակալվել է (նա արդեն դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման)։

Ըստ մեղադրական եզրակացության, նա 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հասնելով Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, որը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Ախունդովը, ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, հափշտակել էր Մելիքսեթյանի բջջային հեռախոսը, տեսաուղերձ հրապարակել՝ ասելով, որ «հայի արյուն է թափել»։ Այնուհետեւ ադրբեջանցի զինծառայողը կրկին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու դիտավորությամբ, ոտքով շարժվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, որոնք վնասազերծել են նրան եւ հանձնել իրավապահ մարմիններին:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930