Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն որոշել է Ադրբեջանի հետ պայմանավորվել, Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ ՌԴ-ն այդ մասին ասի հրապարակավ»․ Նատալի Լուազո

Հունիս 21,2023 21:21

«Միգուցե ՌԴ-ն նո՞ւյնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ․ ակնհայտ է, որ, սակայն, նման բան տեղի չի ունենում»,-հարցին՝ ժամանակը չէ՞, որ Արևմուտքը կոչերից անցնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (RENEW, Ֆրանսիա)։

Նա ասաց, որ Եվրոպական խորհրդարանը պատժամիջոցների կիրառման հարցով որոշում կայացնող մարմին չէ․ «Եվրոպական խորհրդարանն արդեն իր որոշմամբ հաստատել է հասցեական պատժամիջոցների որոշումը Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք չեն հարգում նախատեսված միջոցներն ու չեն կատարում իրենց պարտավորությունները։ Բայց պատժամիջոցների հարցով որոշում կայացնելու որոշումը խորհրդարանին չի պատկանում»։

Նատալի Լուազոն կրկին հիշեցրեց, որ 2020-ի հրադադարի համաձայնագրից հետո հստակ էր՝ ՌԴ-ն է պատասխանատու Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու համար ու նշեց․ «Շարունակում եմ տարակուսել, թե ինչո՞ւ մինչ օրս իր առաքելությունը չի կատարում ՌԴ-ն, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է և ՀԱՊԿ-ի անդամ։ Մեզ նաև զարմացնում է Ադրբեջանի կողմից գազի արտահանումը, քանի որ արտահանվող գազի ծավալը հիմա արդեն գերազանցում է Ադրբեջանի կողմից գազի արտադրության ծավալին։ Եթե ՌԴ-ն որոշել է Ադրբեջանի հետ պայմանավորվել, Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ ՌԴ-ն այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, մենք ԼՂ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով վատթարանում է։ Ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ոչ ռուսական բեռնատարներն այլևս չեն կարողանում մուտք գործել Լաչինի միջանցքով։ Հիմա էլ հո ոչ ոք չի՞ կարող ձևացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, քանի որ մենք ակնհայտ տեսնում ենք Ադրբեջանի տեղադրած անցակետը»։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ԵՄ դիտորդների աշխատանքը ՀՀ-ում հատկապես այն համատեքստում, որ Ադրբեջանը շարունակաբար կրակում է ՀՀ-ի վրա, Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Հայաստանցի մեր յուրաքանչյուր զրուցակից բարձր գնահատեց Եվրամիության առաքելությունը։ Սա առաջին անգամն է, որ ՀՀ-ում ԵՄ-ն դիտորդական առաքելություն է տեղակայում։ Մենք պատրաստ էինք նաև Ադրբեջան ուղարկել։ Մինչև այս պահը Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկը։ Իմ անձնական տպավորությունն է, որ ռազմական միջադեպերը, որոնք փաստաթղթավորվել են, միայն մեկ կողմից են տեղի ունենում։ Չկան որևէ ապացուցողական տվյալներ, որոնք կհաստատեին, որ Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքներն առ այն, թե Հայաստանի կողմից են ռազմական միջադեպեր տեղի ունենում։ Դա զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ն խաղաղություն է ցանկանում։ Հայաստանում Եվրամիության առաքելությունը հաշվետու է Եվրամիության անդամ պետություններին, և կարևոր է, որ նրանք լիարժեք տեղեկություն ստանան տեղում տիրող իրավիճակի մասին։ Առաքելությունն ընդամենը չորս ամիս է այստեղ։ Դեռ լիովին ապահովված չէ տեխնիկական միջոցներով կամ կադրային միջոցներով, բայց իրենք շատ են պարեկություն իրականացնում, նրանք տեղական իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեն և նրանց ներկայությունը բնակչությունը բարձր է գնահատում։ Բայց խնդրում եմ՝ չշփոթել․ դա քաղաքացիական առաքելություն է։ Նրանց դերակատարությունն է մշտադիտարկել իրավիճակը․ չեն կարող կանխել միջադեպերը, բայց միջադեպերի համար պատասխանատու կողմը պիտի իմանա, որ այդ միջադեպերը մշտադիտարկման ներքո են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930