Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բռնելու է իշխանության ձեռքը, որը կհամարձակվի ստորագրել կործանարար մի փաստաթուղթ, որը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում». Աննա Կոստանյան

Հունիս 21,2023 20:30

«Եթե «Հայաքվեի» ստորագրահավաքը անցնի ակտիվ, մենք քարոզարշավ ենք իրականացնելու, բակային հանդիպումներ ենք ունենալու, տներ ենք մտնելու, այդ ամեն ինչը ստեղծելու է աղմուկ, համախմբում ու աժիոտաժ, որը միտված է մինիմում հակաարցախյան փաստաթղթի ստորագրության կանխմանը: Երբ մարդու առաջ դրվում է՝ ժամանակ չունենք, նա հուսահատվում է եւ ոչինչ չի արվում:

Երբ ասում են՝ բա այսքան բանը նախաձեռնել եք, ժամանակ չկա, ի՞նչ եք անելու, ասում եմ՝ իսկ դո՞ւ ինչ ես անելու, ասում է՝ ինձանից ի՞նչ է կախված, գնալու եմ իմ երեխայի կրթության հարցով զբաղվեմ, իմ մեքենայի վերանորոգման հարցով զբաղվեմ: Բա ես չունե՞մ մեքենա, չունե՞մ ընտանիք, չունե՞մ հոգսեր»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Ինչքա՞ն ժամանակ ունենք» թեմայով պանելային քննարկմանն ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:

Նա ասաց, որ հայաքվեին ոչ թե պետք է քաղաքացին գա, ստորագրի ու գնա, այլ պետք է զանգի հորաքրոջը, մորաքրոջը, ցուցաբերի նախաձեռնողականություն, տարածի իր ֆեյսբուքյան, տիկտոկյան էջերում:

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ մարդիկ շփոթում են ստորագրահավաքները, ասում են՝ մենք արդեն ստորագրել ենք, մինչդեռ «Հայաքվեն» տարբերվում է, ունի իրավական ուժ. «Ի տարբերություն այլ ստորագրահավաքների սա օրենքով՝ սահմանադրությամբ նախատեսված է: Քաղաքացին պարտավորվում է ներկայանալ տեղամասեր, ինչպես սովորական ընտրությունների ժամանակ է լինում, լրացվելու է իր անուն-ազգանունը, ստորագրելու է, վավերացվելու է լիազոր ներկայացուցիչների կողմից: Այդ ստորագրությունները օդում չեն մնալու, օրենքի ուժով մտնելու են ԱԺ նիստերի օրակարգ ըստ երեւույթին աշնանային նստաշրջանին եւ երկու պարագայում էլ՝ ընդունվելու եւ մերժվելու դեպքում ունենալու է ընթացք: Քաղաքացիները պետք է ներկայանան նախապես որոշված տարածքներ՝ մարզպետարաններ, համայնքապետարաններ, թաղապետարաններ, նախապես կհայտարարվեն վայրերը: Եթե մարդիկ ունեն ID քարտեր եւ քարտեր կարդացող սարքերը, կարող են էլեկտրոնային ստորագրություն տալ՝ իրենց  հստակ դիրքորոշումը տալով նախագծի վերաբերյալ»:

Աննա Կոստանյանն ասաց, որ նախաձեռնությունը արդեն մասշտաբային բնույթ է ստանում. «Սա մեծ հույս է այն առումով, որ երկրի ներսում լուրջ համաժողովրդական դիմադրություն է արթնացնելու եւ բռնելու է իշխանության ձեռքը, որը կհամարձակվի ստորագրել կործանարար մի փաստաթուղթ, որը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, հետեւաբար մեր քաղաքացիները պիտի բռնեն այդ ձեռքը մեր հայաքվեի միջոցով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930