«Եթե 2021-ի փրկության շարժումը չլիներ, ապա շատ արագ կտեսնեինք ոչ միայն Գորիս-Կապան ճանապարհի, սահմանային հատվածների հանձնումը, այսպես կոչված անկլավների հանձնումը, այլեւ այնպիսի քայլեր, որոնք մեր պետության համար աղետալի էին լինելու: Մենք ականատես եղանք, երբ շարժումը մարեց, երբ համաձայնություն եղավ ընտրությունների, տեսանք արագացված կերպով դիրքերի հանձնում մայիսին: Պետք է հասկանանք՝ երբ կա շարժում, հանձնման գործընթացը դադարում է, երբ չկա շարժում` արագանում է: 2022-ին էլ նույնը տեղի ունեցավ, «Դիմադրության» շարժման մարումից հետո տեսանք Բերձորի հանձնումը, Լաչինի միջանցքի փակումը, Արցախի շրջափակման սկիզբը»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Ինչքա՞ն ժամանակ ունենք» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ, Ձյունիկ Աղաջանյանը:
Նրա դիտարկմամբ՝ կուսակցությունները օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով վարկաբեկվեցին ու եկանք հասանք մի էտապի, որ պետք է հանրությունը տեղից շարժվի. «Մայր Հայաստան շարժումը սկսվեց վերկուսակցական, բայց քաղաքական նպատակներով: Մենք խնդիր ունենք հանրային համախմբման, բոլոր նախկին խնդիրները, ամբիցիաները, տարաձայնությունները պետք է մի կողմ դնենք, հանուն հայոց պետականությունների պահպանման այս իշխանության դավադիր ծրագիրը կանգնեցնելու եւ Արցախի, ՀՀ-ի համար զարգացման հնարավորություն ստեղծելու համար»:
Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին. «Փորձ էր արվում ԼՂ խնդիրը տեղավորել ազգային փոքրամասնությունների խնդրի ներքո, դա երբեք այդպես չի դիտարկվել բանակցություններում, ԼՂ խնդիրը դիտարկվել է որպես քաղաքական միավորի խնդիր, որը փորձում է ինքնորոշման միջոցով ճանաչվել՝ որպես Ադրբեջանից անկախ միավոր: Այստեղ ազգային փոքրամասնության հարց չկա: Արդեն հասկանալի է լինում ԵՄ ներքո բանակցային գործընթացում այդ էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանության արծարծումը: Արհեստականորեն փորձ էր արվում ոչ միայն կարգավիճակային, այլեւ միութենական փոփոխության բերել այս հակամարտությունը: Մյուս խնդիրը միջազգային հանրությանը որպես բացառիկ գերագույն դատավոր ներկայացնելն էր, ու միջազգային հանրություն դիտարկվում էր բացառապես արեւմտյան աշխարհը: Եվ այդ գերագույն դատավորի որոշումն անքննելի է:
Կարդացեք նաև
Նման բան չկա աշխարհում, սա վտանգավոր է: Մեր բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ երբ 92-93-ին դրանք քննարկվում էին եւ առաջին ցանկությունները իրոք Ադրբեջանի կազմում բարձրագույն ինքնավարություն տալու դրվագների շուրջ էր, ապա հստակ իր տրամաբանական զարգացումը ստացավ եւ հասավ մինչեւ Քիվեսթ, երբ ԼՂ-ն միանում էր արդեն ՀՀ-ին եւ դրանից հետո միջանկյալ կարգավիճակով առանձնանում էր որպես առանձին քաղաքական միավոր՝ հետագա իր կարգավիճակը որոշելու առումով: Այստեղ էլի հետաքրքիր ու վտանգավոր դրվագ կար՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին էր անդրադառնում, որը բացառապես ադրբեջանական թեզ էր, հղում է անում հայկական ուժերին, բանաձեւերում տեղական ուժեր են, հայկական ուժեր չեն: Թելում է ադրբեջանական թելը, որը պնդում է, թե Արցախից պետք է հայկական ուժերը դուրս բերվեն՝ հասկանալով, որ դա Արցախի պաշտպանական բանակն է: Այս կերպ խեղաթյուրելով բուն փաստաթղթերի էությունը, խեղաթյուրելով բանակցային գործընթացի ամբողջ տրամաբանությունը, փորձ է արվում հանրության մեջ գեղեցիկ կերպով տեղավորել այն գաղափարները, որնցով ուզում են Արցախին պարտադրել ինտեգրվել Ադրբեջանի մեջ, որի հետեւանքը լինելու է արցախահայության էթնիկ զտումը եւ հայոց ցեղասպանության հերթական իրականացումը՝ հայոց պետության ղեկին նստած մարդկանց ձեռքով: Պետք է համախմբվել եւ կասեցնել այս աղետալի հետեւանքները կյանքի կոչելը»:
Հարցին՝ ի՞նչ ժամկետներում կլինեն ռիսկերը՝ նա պատասխանեց. «Եթե չլինի համախմբում, ապա կարճ ժամանակում, անգամ մինչեւ այս ամսվա վերջ կտեսնենք հերթական հզոր ռազմական հարձակում, որը հետո մեզ կմատուցվի, իբրեւ այլ ելք չունենք, քան համաձայնության գնալը եւ ընդունելը այն, ինչ մեզ առաջարկվում է, հետո ավելի վատ կլինի: Ժամկետների հետ կապված պետք է դիտարկենք մինչեւ հուլիսի 21-ը, երբ ակնկալվում է որպես առաջին քայլ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որտեղ իմ գնահատումով նրանք արդեն վերջնական տեսքի են բերելու համաձայնությունը: Եթե հանրային միանշանակ ըմբոստություն եւ ընդվզում լինի, այդ գործընթացները կարող են կասեցվել՝ հերթական զարգացման համար մեզ ժամանակ տալով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ