Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Հունիս 21,2023 16:59

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դատավճռով՝ Ադրբեջանի զինծառայող, 20-ամյա Հուսեյին Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Նա ապրիլի 7-ին հատել էր ՀՀ պետական սահմանը եւ սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին։

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը միջնորդել էր Ախունդովին դատապարտել 20 տարվա տարվա ազատազրկման։ Ադրբեջանցին ընդունել է մեղքը եւ անցած դատական նիստում հայտարարեց, որ զղջում է։ Դատաքննությունը ընթացավ դռնփակ, քանի որ քրեական գործում կան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Հուսեյին Ախունդովը մեղավոր ճանաչվեց այն բանի համար, որ նա, ծառայելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ խախտել է Հայաստանի պետական սահմանը՝ հասնելով Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը հայտնաբերվել ու ձերբակալվել է (նա արդեն դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման)։

Հուսեյին Ախունդովը Սիսիանից հասել է Կապան։ Ըստ մեղադրական եզրակացության, նա 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հասնելով Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, որը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Ախունդովը, ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, հափշտակել էր Մելիքսեթյանի բջջային հեռախոսը, տեսաուղերձ հրապարակել՝ ասելով, որ «հայի արյուն է թափել»։ Այնուհետեւ ադրբեջանցի զինծառայողը կրկին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու դիտավորությամբ, ոտքով շարժվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, որոնք վնասազերծել են նրան եւ հանձնել իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցու որոնողական աշխատանքներին մասնակցել էր նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կապանի անտառտնտեսության եւ «Զանգեզուր» կենսոլորոտային համալիրի աշխատակիցների հետ միասին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930