«Շատ մոտ ապագայում գալու է այն պահը, երբ մենք մեր եղբայր եւ քույր հայրենասեր քաղաքացիներին հրավիրելու ենք ամենակարեւոր մրցույթին։ Մենք մեր անելիքը լավ գիտենք, մենք մեր անելիքն արել ենք 2018-ից սկսած եւ անելու ենք, ու թող Փաշինյանի մտքով չանցնի, որ իրեն հեռացնելու են Հանրապետականները, իրենից իշխանությունից հեռացնելու է հայ ժողովուրդը, որովհետեւ հայ ժողովուրդն արժանի չէ, որ իր առջեւից քայլի, ինչպես նախագահ Սարգսյանն էր ասել՝ նման խզբզանք»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը պատրաստվում է փողոցային պայքարին, մանրամասներ չասաց, բայց նշեց, որ նախապատրաստական գործողություններ են իրականացնում։ Մամիջանյանը ժամկետ չնշեց, թե երբ կսկսեն փողոցային պայքարը, սակայն ասաց․ «Մենք շատ ժամանակ չունենք»։
Անդրադառնալով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին, Մամիջանյանն ասաց․ «Հիշեցնեմ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ նախորդ շինծու քրեական գործը հարուցվել էր 2020-ի հոկտեմբերի 5-ին, երբ ՀՀ եւ Արցախի բոլոր քաղաքացիների միակ մտահոգությունը պատերազմն էր, իսկ Սերժ Սարգսյանը գտնվում էր Արցախում»։
Ապա անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը, պատգամավորն ասաց՝ նրա դեմ քրեական հետապնդումն իրականացվել է այն ժամանակ, երբ Աշոտյանը պարբերաբար բացահայտում էր տեղի ունեցող գործընթացները․ «Իրենք հայրենասերներին չեն սիրում, մտածում են, որ քրեական գործերով կարելի է ինչ-որ մեկին վախեցնել։ Դա քաղաքական հետապնդում է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ