«Փաշինյանի երեկ հնչեցրած թվերը սուտ են։ Եթե նայեք պաշտպանական մեր բյուջեն այդ տարիներին՝ կհամոզվեք, որ ֆիզիկապես հնարավոր չէ, որ այդ ծավալով սպառազինության գնում իրականացվեր: Այդ թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտպանական բյուջեի թվերին»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում սպառազինության մասին արած հայտարարություններին։
Դրանք այսօր իր ֆեյսբուքյան էջում կրկնել է ՔՊ վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ գրելով․ «Երեկ քննիչ հանձնաժողովում վարչապետը հնչեցրեց նաև Հայաստանի ԶՈՒ-ի համար զենքերի գնման մասին աղետալի վիճակագրությունը.
2008-2018 (մայիս) ընթացքում Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք։ ԸՆԴԱՄԵՆԸ 354 միլիարդ ԴՐԱՄԻ։ Մեկ միլիարդ դոլարից էլ քիչ։ 10 տարում։
2018 (մայիս)- 2020 Հայաստանը 608 միլիարդ դրամի զենք է գնել։ Մոտ երկու անգամ ավել, քան նախորդած տասը տարիներին։
Կարդացեք նաև
Բայց սա միայն ներքաղաքական կոնտեքստում համեմատելու մասին չէ։
Նույն այդ 2008-2018 տարիներին Ադրբեջանը ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ըստ տարբեր աղբյուրների՝ գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք։ Էլ չեմ խոսում Իսրայելից, Բելառուսից, Չեխիայից զենքի գնումների մասին, որոնց հանրագումարային արժեքը ևս միլիարդավոր դոլարներ կկազմի»։
Հայկ Մամիջանյանի խոսքով․ «Մեզանից մնացել է շուրջ 100 մլն դոլարի սպառազինության գնման բյուջե, շուրջ 200 մլն դոլարի վարկային պայմանավորվածություններ, իսկ իր նշած թվում ահռելի բաժին են կազմում «Սու»-երը, որոնք մարտագլխիկ չունեին եւ որեւէ կերպ չեն օգտագործվել ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովման համար, ՕՍԱ-ՕԿԱ-ները, որոնք ինչպես իրենք բացահայտեցին, ժամկետանց էին: Հիշեցնեմ, որ Փաշինյանն ու իր խմբակը փոխել են մեր սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 հատ ԱԹՍ-ների գնում: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչ դերակատարում կարող էին ունենալ պատերազմի ժամանակ: Նախատեսված էր ՀՕՊ համակարգերի գնում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան կյանքեր կարող էին այդ համակարգերը փրկել: Ինչ-որ երեսփոխաններ կան՝ ասում են, որ ես տոննայով եմ սպառազինությունը չափում: Հա, տոննայով եմ ասում, որ թվեր չասեմ: Այդ թվերը ներքաղաքական իմաստով մեզ օգուտ կտան, բայց մենք, ի տարբերություն ձեզ, պետության շահն ավելի բարձր ենք դասում, քան ներքաղաքական դիվիդենտը։ Հետևաբար` նորից եմ ասում՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին 50 հազար տոննա անվճար աջակցություն-սպառազինություն ստացվել է մեր դաշնակցից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ