Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդն արձանագրել է Ադրբեջանում հակահայ բորբոքիչ հռետորաբանություն ամենաբարձր մակարդակներում

Հունիս 21,2023 15:24

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) Ադրբեջանին նվիրված իր զեկույցում արձանագրել է, որ այդ երկիրն օրենսդրական մակարդակում քայլեր պետք է ձեռնարկի ատելության խոսքի դեմ պայքարում:

Զեկույցում նշվում է, որ 2016թ. մարտին ընդունված նախորդ զեկույցից հետո առաջընթաց է գրանցվել և մշակվել է լավ պրակտիկա։ Այնուամենայնիվ, չնայած որոշակի դրական առաջընթացին, որոշ հարցեր մտահոգության տեղիք են տալիս, որոնց հիման վրա ՌԱԵՀ-ն առաջարկություններ է կատարել իշխանություններին:

Մասնավորապես, ՌԱԵՀ փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ընդունեն արդյունավետ ընդհանուր հակախտրական օրենսդրություն, որը կընդգրվի կյանքի բոլոր ոլորտները և բոլոր հիմքերը, ներառյալ՝ սեռական կողմնորոշման հիմքերը, գենդերային ինքնությունը և սեռային հատկանիշները: Իշխանությունները պետք է նաև ձեռնարկեն հետագա միջոցներ՝ ապահովելու Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) ինստիտուցիոնալ անկախությունը և բարձրացնելու նրա արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է ատելության խոսքին հակազդելուն, ՌԱԵՀ-ը կիսում է այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի արտահայտած լուրջ մտահոգությունները հանրային ոլորտում կիրառվող լեզվի վերաբերյալ, ինչի հետևանքով տարածվում են ռասիստական կարծրատիպերը և հավերժանում թշնամանքը։

«Հատկանշական է, որ Հայաստանի դեմ թշնամական պատմույթը, որն արմատավորվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված երկարատև հակամարտության և առճակատումների համատեքստում, շարունակվել է, և հանրային դիսկուրսը նշանավորվել է քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում բորբոքիչ հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում և այլ հասարակական գործիչների կողմից, ինչպես նաև ավանդական լրատվամիջոցներում և սոցցանցերում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նաև նկատել են, որ սովորական երևույթ են դարձել ԼԳԲՏԻ համայնքի դեմ հայտարարությունները։ Ուստի, նրանք կարծում են, որ իշխանությունները պետք է ուժեղացնեն իրենց պատասխանը ատելության խոսքի դեմ՝ ստեղծելով միջինստիտուցիոնալ աշխատանքային խումբ, որը կմշակի համապարփակ ռազմավարություն՝ արդյունավետորեն ռասիստական և հոմոֆոբ ատելության խոսքի դեմ պայքարելու համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930