ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում արած հայտարարություններին, ըստ որոնց՝ պատերազմի ժամանակ Արցախի նախագահի եւ ՀՀ ԳՇ պետի հայտարարությունները տասը անգամ հակասում էին միմյանց, ասաց՝ սա Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքն է։
«Փաշինյանն ասում է, որ պատերազմի օրերին ինքը տասը անգամ չի տիրապետել իրավիճակին, չի իմացել, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում։ Սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք ես պատկերացնել չեմ կարող»,-ասաց Մամիջանյանը։
Շարունակելով՝ մեջբերեց Փաշինյանի երեկվա հայտարարությունից մի դրվագ եւս․ «Փաշինյանն ասում է՝ «նոյեմբերի 9-ից հետո մեր-երկու օր անց, երբ ես վերադարձա աշխատանքի․․․»։ Հասկանո՞ւմ եք՝ ինչի՞ մասին է։ Այսինքն, մեկ-երկու օր ոչ մեկը չգիտի, թե որ բունկերում էր, ինչ էր անում, ինչ վիճակում էր գտնվում եւ ինչ սթափության։ Սա ինքնախոստովանությամբ ասաց երեկ։ Ասում է՝ երբ վերադարձա, ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։ Որտեղի՞ց լիներ նոյեմբերի 9-ին քո ստորագրածից հետո»։
Կրկին հիշեցնելով Փաշինյանի՝ Ստեփանակերտում 2018-ին արած «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունը, Մամիջանյանն ասաց՝ Փաշինյանը հակասության մեջ է ընկնում ՝ ասում էր՝ քանի դեռ Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ինքը չի բանակցելու, ինքը իրավունք չունի Արցախի անունից բանակցելու եւ այլն․ «Հարց՝ հիմա Արցախը Հայաստան է եւ վե՞րջ, թե՞ դու Արցախի անունից բանակցելու իրավունքը չունես։ Ու հենց այդ երկատվությունն է խառնաշփոթ առաջացրել բանակցային գործընթացում։ Նա այդ ուլտիմատումը դրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ»։
Կարդացեք նաև
Պատգամավորի խոսքով՝ «Պատերազմից խուսափելու եւ իրական ագրեսորի բացահայտման տեսանկյունից, չեմ կարող չհիշատակել Փաշինյանի կողմից Դուշանբեում զոհած, իսկ իրականում ներքաղաքական դիվիդենտների համար զիջման տված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Թարմացնեմ բոլորիս հիշողությունը՝ հայտնի դարձավ, որ 2018 թվականին Փաշինյանն Ալիեւին խնդրել է իջեցնել լարվածությունը շփման գծի երկայնքով՝ պատճառաբանելով, որ ունի ներքաղաքական խնդիրներ լուծելու: Փառք Աստծո, դրա արդյունքում հայ զինվորի կյանքեր են փրկվել, բայց դրա դիմաց Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնք հնարավորություն էին տալիս շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքեր կիրառել, որի արդյունքում ավելի շատ կյանքեր կարող էին փրկվել։
ՓաշինյանՆ ասում է, որ 1996 թվականին Լիսաբոնից հետո այլեւս ինքնորոշման մասին խոսակցություններն ավելորդ էին։ Հարց՝ բա դրանից հետո Կազանը ո՞նց է եղել, Մադրիդյան սկզբունքներն ինչպե՞ս են եղել։ Հիմա մեջբերում է Բելովեժյան համաձայնագիրը։ Ո՛չ բելովեժյան, ո՛չ Ալմա-Աթիի համաձայնագրերը ԼՂ-ին վերաբերելի չեն, որովհետեւ այդ պահին ԼՂ-ն արդեն իսկ անկախացել էր։ Եթե Ալմա-Աթիի ու բելովեժյան համաձայնագրերը բանակցային հիմքեր կարող էին լինել, ինչո՞ւ մինչեւ հիմա երբեք չեն շրջանառվել եւ հիմք չեն եղել։ Դրանք շրջանառության մեջ մտան Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի դիվանագիտության արդյունքում»։
Մամիջանյանը նաեւ հայտարարեց՝ բանակցությունների ընթացում երբեք չի եղել դեպք, որ Ղարաբաղի իշխանությունները տեղյակ չլինեին բանակցությունների ընթացքից։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ