Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան․ «Այդ օրը կար հնարավորություն հրադադարի՝ Շուշիի պահպանմամբ»

Հունիս 21,2023 14:26

«Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքը փրկելու մասին եւ արդեն որերորդ անգամ զինվորների թիվը փոփոխվում է։ Մի անգամ ասել է 20 հազար՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ին, նոյեմբերի 16-ին`30 հազար էր փրկում, հիմա՝ 25 հազար։ Սա ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում արած հայտարարություններին։

Անդրադառնալով Փաշինյանի՝ 2020-ին հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման մանրամասներին, Մամիջանյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ից այդ հանդիպմանը ներկա է եղել Էդուարդ Շարմազանովը։

«Այդ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, ասել է, որ ինքն է խնդրել ՌԴ նախագահին Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ; Ինքը նշեց, որ այն ժամանակ հիշատակվում էր իբր իր կողմից կարմիր գիծ էր Շուշին եւ Սյունիքով ճանապարհի կամ ադրբեջանցիների ասած՝ միջանցքի տրամադրումը։ Սկսենք Շուշիի հարցից՝ Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, իբր ըստ ադրբեջանական կողմի, նախկինում 90% ադրբեջանցիներով բնակեցված Շուշի կվերադառնար այդքան ադրբեջանցի, եւ դա չէր լինի Արցախի հանրապետության տիրապետության տակ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու է փախստականների վերադարձը։ Հարց՝ այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներում գոնե մի ադրբեջանցի վերադարձե՞լ է։ Հետեւաբար, ներկայացնել, թե իբր նմանօրինակ ձեւակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է, Փաշինյանը ստում է։ Այդ օրը կար հնարավորություն հրադադարի՝ Շուշիի պահպանմամբ»։

Ինչ վերաբերում է Սյունիքով տրանսպորտային ճանապարհին, ապա Մամիջանյանը նշեց՝ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ նույն բանը նախատեսվում է՝ պիտի ապահովվի ռուսական ФСБ-ի միջնորդությամբ ճանապարհի տրամադրում, այսինքն, ըստ պատգամավորի, երկու կետերը, որոնք իբր իր համար կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին․ «Հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետեւանքն են, որովհետեւ նոյեմբերի 9-ին ինքը նույնաբովանդակ փաստաթուղթ է ստորագրել, եւ դա արել է մի պատճառով՝ որովհետեւ իրեն դավաճան կասեին։ Այսինքն` հայ զինվորի կյանքի, արյան գնով ինքն ապահովել է իր՝ հետագայում քաղաքականություն անելու իրավունքը, որպեսզի հասցնի մի իրավիճակի, որ հասարակությունն էլ ասի՝ այլընտրանք չկար»։

Մամիջանյանի դիտարկմամբ՝ պատերազմի ժամանակ Փաշինյանը գրեթե միաժամանակ, որոշ դեպքերում՝ ուղղակի միաժամանակ երեք հարթակով հրադադարի հաստատման ուղղությամբ բանակցություն է վարել՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա․ «Նույնը, ինչ անում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված։ Բարդ չէ հասկանալ, որ եթե երեք հարթակով բանակցություն ես վարում՝ հնարավորություն ես տալիս հակառակորդին որոշակի տարբերակներով փորձել խուսանավել։ Երեկ մանրամասներ ներկայացրեց՝ ռուսական միջնորդությամբ հրադադարի բանակցության ողջ դրվագները, բայց գրեթե չանդրադարձավ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի միջնորդությամբ մանրամասներին։ Քաղաքականությունից հասկացող ցանկացած մարդ կփաստի, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին ակնկալել, որ հրադադարը հնարավոր կլինի իրականացնել, ուղղակի միամտություն է։ Բաց հարց կթողնեմ՝ արդյոք այդ խողովակով բանակցային գործընթացը պայմանավորված էր ԱՄՆ ներքաղաքական զարգացումներով եւ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփի ներքաղաքական նպատակների լուծմամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930