Մեզ ասացին՝ ժամ 3-ին կընդունեն, հիմա մենք փորձում ենք համբերատար սպասել, կոնկրետ չասացին, թե ով կընդունի, բայց խոստացան ընդունել։ Այս մասին այսօր ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի ծնող՝ տիկին Անահիտը։ «Կոնկրետ չասացին, որ Արմեն Աբազյանը կընդունի, բայց խոստացան՝ ընդունել, եթե նույնիսկ էսօր Արմեն Աբազյանը չի ընդունի, մենք էլի կգանք, հեչ չենք նեղվի, մենք տեղ չունենք գնալու։ Պարտավոր են մեզ ընդունել, մեր տղերքից ու անհետ կորածների թեման քննարկելուց ավելի կարևոր թեմա, ինձ թվում է՝ պիտի չլինի։ Անձամբ Աբազյան Արմենը պիտի հանդիպի»,-ասաց տիկին Անահիտը։
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասից ռազմաճակատ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:
Տիկին Անահիտի խոսքով, 2020թ. հոկտեմբերի 21-ից մինչ օրս՝ երկու տարի 8 ամիս, Էջմիածնի քիմիկների՝ անհետ կորած զինծառայողների մասին որևէ ստույգ տեղեկատվություն որևէ կառույց չի կարողանում տալ: «Չգիտես ինչու, բոլորը կարծեցին, որ մենք հանդարտվել ենք, քանի որ 5 ամիս է՝ մեր ձայնը չենք բարձրացնում, բայց չարաչար սխալվում են, որովհետև մեր քրեական գործն էր հետաձգվել (…), հիմա մենք նորից բարձրաձայնում ենք, քանի որ հասկացանք, որ երբ լռեցինք, այնպես չի, որ մեզ լռեցրեցին, պարզապես մենք լռեցինք, որ թույլ տանք իրենք աշխատեն, իսկ եթե իրենք չեն աշխատում՝ մենք նորից այդ ձայնը բարձրացնում ենք»,-ասաց նա և հավելեց,- «Մենք տարբեր աղբյուրներից ենք ինֆորմացիա ստանում ու մենք չէ, որ պետք է լուսաբանենք, մենք մեր վարկածն ունենք և շատ վատ է, որ մենք տեղեկացվեցինք, թե մեր երեխաներին որտեղ, ում մեղքով տարան հանձնեցին Կովսական, հետ եկան: Դա շատ սխալ էր, որ իրենք թույլ տվեցին, որ մենք քթներս մտցրեցինք էնտեղ, որտեղ դրա իրավունքը չունեինք: Ինչո՞ւ ես պետք է արտերկրից իմանամ երեխեքի ճակատագրի մասին: Ես ո՞վ էի, որ պետք է այդքան բան իմանայի, թույլ տվեցին և մենք իմացանք: Այսօր ձեզ չթվա, թե Աբազյան Արմենը մեզ ստույգ պատասխան պետք է տա, ուղղակի ինքը պետք է իմանա՝ մենք ինչ ինֆորմացիա ունենք, այ իրենք էդ կառույց են, որ իմանան, թե մենք ինչ ինֆորմացիա ունենք , որ իրենք աշխատեն»:
Տիկին Անահիտի տեղեկություններով՝ 40 գերեվարված զինծառայողներից 5-ը վերադարձվել են հայրենիք, 35–ն անհետ կորած են:
Կարդացեք նաև
«Այս 3 տարվա մեջ ո՞վ է դատվել, ոչ մեկը, որովհետև իրենց թիկունքին կանգնած է հրաման տվողը, ինքը պիտի դատի, էն էլ չի դատում»,-ասաց անհետ կորած զինծառայողից մեկի հայրը և ի պատասխան լրագրողի այն հարցի, թե հրաման տվող ասելով՝ Նիկոլ Փաշինյանի՞ն նկատի ունի՝ պնդեց,- «Այո, բա էլ ո՞ւմ, ինքը տարավ սաղ էրեխեքի գլուխը կերավ, գլխավոր հրամանատարը ինքը չի՞, ինքն է հրաման տվել, էդ մարդիկ էլ տարել, երեխեքին զոհ են տվել։ Գեներալ Մակարյանը, որ ասում է՝ սխալմունք է տեղի ունեցել, վրիպակ է տեղի ունեցել, հիմարներ, խի տենց վրիպա՞կ է լինում (…) առաջ էլի լավ էր, ճիշտ է, թող սալդաթը չուտի ելակ, բայց ծնողի խիղճը հանգիստ լինի»։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ